Պուտինի և Փաշինյանի հանդիպումը նոր հույսեր է արթնացրել Ադրբեջանում գտնվող հայ գերու հարազատների մոտ

Հայկական կողմը այս պահին էլ ռուսական կողմի միջնորդությամբ ակտիվ ջանքեր է գործադրում գերիներին վերադարձնելու համար, «Ազատության» հետ զրույցում այսօր փոխանցեց գերիների հարցերով զբաղվող իշխանական «Իմ քայլի» պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։

Պատգամավորը հատկապես կարևորում է Մոսկվայում այս հարցով Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպումը. «Շատ կարևոր է, որ Ռուսաստանի Դաշնության ղեկավարի և Հայաստանի վարչապետի մոտեցումները միանշանակ են այս հարցում, և այժմ էլ ու հենց այսօր էլ գործուն ջանքեր են ներդրվում մեր հայրենակիցների հայրենադարձությունն ապահովելու համար»:

Ռուսաստանի նախագահի հետ երեկվա հանդիպմանը Հայաստանի վարչապետը կրկին բարձրացրել է գերիների հարցը և ընդգծել՝ այս խնդիրը մինչ օրս չի կարգավորվել։ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ զրույցում հիշատակել է նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված հայտարարության 8-րդ կետը, որով կողմերը պայմանավորվել են կատարել ռազմագերիների և այլ ձերբակալված անձանց ու զոհվածների դիակների փոխանակում:

«Նաև ցանկանում եմ ընդգծել, որ այս համատեքստում կա շատ կարևոր հարց, որը մինչ օրս չի կարգավորվել. դա ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց խնդիրն է: Ինչպես բազմիցս քննարկել ենք, համաձայն նոյեմբերի 9-ի հայտարարության` բոլոր պատանդները, ռազմագերիները և պահվող անձինք պետք է վերադարձվեն հայրենիք, բայց, ցավոք, մինչ օրս Ադրբեջանում մենք ունենք պահվող անձինք: Ուրախ եմ, որ այս հարցի լուծման թեմայով մենք չունենք որևէ տարակարծություն», - նշել է վարչապետը:

Մոտ կես տարի ադրբեջանական գերության մեջ գտնվող Նարեկ Սիրունյանի մոր համար Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը նոր հույսեր է արթնացրել։ Նաիրա Վարդանյանն ակնկալում է, որ ռուսական կողմի աջակցությամբ որդին և մյուս գերիները կվերադարձվեն հայրենիք։ Անցած օգոստոսին բանակ զորակոչված 19-ամյա որդու հետ հարազատները վերջին անգամ խոսել են պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերին։ Զինվորն այդ ժամանակ Ջաբրայիլում էր պատերազմում։

«Վերջին անգամ խոսել ենք հոկտեմբերի 10-ին, որ ինքը վիրավորվել է, իր ընկերն է զանգել մեզ տեղեկացրել, որ վիրավոր է, իջեցրել ենք, սպասում ենք, որ գան, տեղափոխենք հոսպիտալ», - ասաց մայրը:

Ադրբեջանական գերության մեջ գտնվող Նարեկ Սիրունյանի մայրը պատմում է, որ Միջազգային կարմիր խաչի ջանքերով որդուց նամակ է ստացել, տղան գրել է, որ իրեն լավ են վերաբերվում։ Ամիսներ առաջ համացանցում ադրբեջանցիների տարածած տեսանյութում Նաիրան ճանաչել էր որդուն՝ վիրակապով էր։

«Ձեռքը վիրակապով, սպիտակ վիրակապը կա, քայլելը կա, որ ինքը նորմալ չի քայլում, հետաքրքրվել ենք Կարմիր խաչի միջոցով, բուժում անում են, արդեն վերքերը փակվում են, իրանց ասելով՝ լավա վիճակը», - ներկայացրեց Նաիրա Վարդանյանը:

Նարեկ Սիրունյանի և ավելի քան 120 գերիների իրավունքների պաշտպանությամբ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում զբաղվող իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը շեշտում է՝ եզրահանգումները ցույց են տալիս, որ իրենց մատնանշած գերիները գտնվում են Ադրբեջանում։

«Մեր եզրահանգումները հենց հենվում են տեսագրությունների վրա, լուսանկարների վրա, ձայնագրությունների վրա, վկայությունների հիման վրա մենք պնդում ենք, որ այդ անձինք գտնվում են գերության մեջ Ադրբեջանում կամ ինչ-որ մի պահի ողջ վիճակում գտնվել են Ադրբեջանի գործակալների իրավադրության ներքո: Իհարկե, նրանց մի մասի վերաբերյալ Ադրբեջանն արդեն հաստատել է, որ նրանք գտնվում են գերության մեջ, բայց մի մասի վերաբերյալ նրանք չեն հաստատում գերության մեջ գտնվելու հանգամանքը, թեև կան այդպիսի ապացույցներ», - նշեց Զեյնալյանը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանի փոխանցմամբ, հայկական կողմը ՄԻԵԴ է ուղարկել 250 անձի վերաբերյալ դիմումներ: 230-ի վերաբերյալ Ստրասբուրգի դատարանը կիրառել է միջանկյալ միջոց և հաշվի առնելով անցած ամիսներին վերադարձածներին՝ այժմ ՄԻԵԴ-ի ուշադրության ներքո է 183 անձի գործ։ Սրանցից միայն 72-ի մասին է, որ Ադրբեջանը տեղեկություններ է տրամադրել Ստրասբուրգ՝ պարզաբանելով, որ այդ անձինք գտնվում են իր տարածքում։ Նրանց մեջ են նաև եռակողմ հայտարարությունից հետո գերեվարված պահեստազորայինները։

«Ըստ էության դրանցից 72-ի մասով Ադրբեջանը հաստատում տրամադրել է Եվրոպական դատարանին, մնացածների մասով որևէ հստակ տեղեկատվություն, որ գտնվում են իրենց տեղեկատվության տակ մենք չունենք, հրաժարվում են տրամադրել կոնկրետ ինֆորմացիա», - ասաց իրավապաշտպանը:

Ընդհանուր առմամբ մինչ օրս Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել 69 գերի, այդ թվում՝ քաղաքացիական անձինք։ Իսկ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել 15 անձի, նրանց թվում ոչ միայն ռազմագերիներն են, այլև Արցախում երեխայի սպանության ու այլ հանցագործությունների համար դատապարտված ադրբեջանցիներ Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասկերովը։