Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսով հիվանդներին այս պահին սպասարկում է 22 բժշկական կենտրոն, դրանցից 10-ը՝ մարզերում։ Վերակենդանացման բաժանմունքների 331 մահճակալներից ընդամենը 6-ն է ազատ։ Նախարարությունն ահազանգում է՝ մահճակալային ֆոնդը գրեթե սպառված է, առողջապահական համակարգը՝ գերլարված, հերթում օրերով սպասող վարակակիրներ են, որոնց թիվը ժամ առ ժամ փոխվում է։
Կորոնավիրուսի դեմ պայքարող գլխավոր հիվանդանոցներից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչը», որտեղ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող վարակակիրներն են բուժում ստանում, շարունակում է ծանրաբեռնված ռեժիմով աշխատել, ասում է բժշկական կենտրոնի փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը։
Նրա խոսքով, բժշկական կենտրոնի մահճակալային ֆոնդն ավելի քանի 90 տոկոսով զբաղված է․ - «Ինչո՞վ է պայմանավորված հիվանդության նման զարգացումը։ Առաջին հերթին, հավանական է դա ամբողջ աշխարհում է նկատելի, որոշ եվրոպական երկրներ նույնպես անցել են խիստ սահմանափակումների։ Այսինքն՝ դա վիրուսային ինֆեկցիայի բնական շրջանառությունն է, որը պարբերաբար տալիս է աճ։ Եվ իհարկե, ունենք նաև հակահամաճարակային կանոնների չպահպանման հետ կապված գործոն, որ, ցավոք, վերջին շրջանում բոլորս էլ նկատում ենք, որ հանրությունը իմիջիայլոց է վերաբերվում։ Հիվանդությունը կարող է օրվա, անգամ մի քանի ժամվա ընթացքում կտրուկ զարգացում ունենալ և բերել ծայրահեղ ծանր վիճակի»։
Բժշկական կենտրոնի փոխտնօրենի խոսքով, վերջին շրջանում ծանր վիճակում են հայտնվում հատկապես երիտասարդները․ - «Ցավոք, այս շրջանում մենք շատ հաճախ ունենում ենք ծանրագույն դեպքեր երիտասարդների շրջանում։ Նախորդ ժամանակներում դա հազվադեպ էր լինում։ Հիմա մենք երիտասարդների շրջանում ունենում ենք տոտալ թոքաբորբեր, բարդ ընթացքով դեպքեր, ունենում ենք նաև ցավալի դեպքեր, որ մահվան դեպքեր ունենք երիտասարդների շրջանում»։
Հանրային առողջության մասնագետները բարձրաձայնում են, որ կորոնավիրուսի երրորդ ալիքի շրջապտույտում հայտնված Հայաստանը իրավիճակը մեղմելու համար պետք է զանգվածային պատվաստումներ իրականացներ։
Մարտի վերջին Հայաստան ներկրվեց AstraZeneca բրիտանա-շվեդական ընկերության և Օքսֆորդի համալսարանի մասնագետների ստեղծած պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 24 հազար դեղաչափ։ Առողջապահության նախարարության հաղորդմամբ, պատվաստումը կամավոր է լինելու, ներկրված առաջին դեղաչափը նախատեսված է ռիսկի խմբերի շրջանում, մասնավորապես՝ բուժաշխատողների, 65 տարեկան և բարձր տարիքի անձանց, քրոնիկ հիվանդների, տարեցների խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցների համար։
Թեև հայտարարվել էր, որ արդեն վաղը ռիսկի խմբում գտնվող քաղաքացիները կարող են պատվաստվել, սակայն, այսօր «Ազատությանը» Առողջապահության նախարարությունից փոխանցեցին, որ գործընթացը առաջիկա երկու օրերին չի մեկնարկի՝ հավելելով, որ պատվաստումները կսկսեն մոտ օրերս։
Նախարարության փոխանցմամբ, այս պահին պատվաստանյութի՝ պոլիկլինիկաներին բաշխման գործընթացը դեռ չի ավարտվել։
Վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության 760 նոր դեպք է գրանցվել, 22 մարդ մահացել է։