Կորոնավիրուսի երրորդ ալիքի տարածումը Հայաստանում շարունակվում է. անցած օրվա ընթացքում 3 հազար 581 թեստավորումից կորոնավիրուսային հիվանդություն է հաստատվել 479-ի մոտ, առողջացել է 880 քաղաքացի, գրանցվել է մահվան 22 դեպք: Կորոնավիրուսով վարակված 2 մարդ էլ մահացել է այլ հիվանդության պատճառով, այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 923 է:
Չնայած դիմակ կրելու և այդ կերպ վարակի տարածումը կանխելու կոչերին, այսօր Երևանի կենտրոնում` թե՛ հանրային վայրերում, թե՛ փողոցներում դիմակ կրողների թիվը նկատելիորեն քիչ էր: Համավարակի մեկնարկից ի վեր կորոնավիրուսը Հայաստանում ավելի քան 3 հազար 600 մարդու կյանք է խլել, այդուհանդերձ, դեռևս ոչ բոլոր քաղաքացիներն են վստահ, որ դիմակները վարակի դեմ արդյունավետ միջոց են:
«Դիմակ ունեմ, բայց չեմ կրում, որովհետև դա սխալ է», - ասաց քաղաքացիներից մեկը:
Պետք է, բայց չեն կրում կամ կրում են, բայց քչերը: Մեր տեսախցիկի առկայությունը ստիպեց ուղևորների մի մասին օգտագործել գրպաններում պահած դիմակները, սակայն սովորական պայմաններում դիմակ կողների թիվը զգալիորեն զիջում է կանոնները հետևողներին:
Չնայած որ մեկ շաբաթ առաջ կառավարությունում վարչապետի գլխավորությամբ քննարկումից հետո հայտարարվեց հակահամաճարակային կանոնների խիստ վերահսկողության մասին, այդուհանդերձ այսօր «Ազատությունը» նմանատիպ որևէ գործողության ականատես չեղավ:
Ոստիկանությունից «Ազատությանը» միայն տեղեկացրին, որ այս ժամանակահատվածում կանխարգելիչ միջոցառումներ են ձեռնարկվում՝ հորդորելով քաղաքացիներին պահպանել հակահամաճարակային կանոնները։ Իսկ դրանք անհրաժեշտ են առաջին հերթին իրավիճակը վերահսկելի դարձնելու համար, ասում է բժիշկ-վարակաբան Արմեն Օհանյանը։ Պետք է դանդաղեցնել տարածման ընթացքը, որպեսզի հասցնեն սպասարկել։
«Ինչո՞վ ա մահացությունը բարձր լինում բռնկումների ժամանակ, որ չես հասցնում սպասարկել բնակչությանը: Այսինքն՝ հիվանդանոցային ֆոնդը, դեղորայքը, թթվածինը, այդ ամեն ինչը չի լինում բավարար քանակի, ուղղակի դու ֆիզիկապես չես կարողանում սպասարկել», - ասաց Օհանյանը:
Երրորդ ալիքը սպասելի էր, ասում է վարակաբանը, հաշվի առնելով վարակվածների թիվը ու պարբերաբար փոփոխության ենթարկվող վիրուսը։ Արմեն Օհանյանը, վերլուծելով վիրուսի ընթացքը, կարծում է, որ առաջիկա ամիսներին դեպքերի քանակը կնվազի և այդպիսով վարակը կմարի, 4-րդ ալիք չենք ունենա. «Եթե մենք հասնենք հաստատված դեպքերով մոտ 250 հազարի այս ալիքի ընթացքում, դրանով բոլոր հայաստանցիների քանակը որպես այդպիսին կսահմանափակվի, այսինքն մենք կոլեկտիվ իմունիտետ կունենանք: Առանձին դեպքեր էլի կարող է լինեն, եթե հաշվենք, մոտ 190 հազարի կարգի կարող է լինեն արդեն հաստատված դեպքերը, դա բազմապատկենք 10-ով, կստացվի 1,5-2 միլիոն մարդ ունենք վարակված: Հակամարմինների թեստով դրական անձինքն 10 անգամ ավելի շատ են, քան այն անձանց թիվը, ովքեր ակտիվ հիվանդության ժամանակ վարակվել է, այդտեղից է գալիս այդ թիվը, որ միջինացված 10 անգամ ավելի է ստացվում»:
Ըստ վարակաբանի՝ կորոնավիրուսի պարագայում հատկապես վտանգավոր են դրա առաջացրած հետևանքները. քովիդով վարակվելուց հետո վիրուսը կարող է արագ լքել օրգանիզմը, բայց նաև հանգեցնել իմունային համակարգի խաթարման, ինչի հետևանքով իմունիտետը դառնում է գերակտիվ և վնասում օրգանիզմը։
«Ինչպես բոլորին հայտնի է, ինֆեկցիոն հիվանդության դեպքում պետք է իմունիտետը բարձր լինի, այս ամեն ինչը ապահովես, որպեսզի օրգանիզմդ հաղթահարի, իսկ այս հիվանդության դեպքում մենք հակառակն են անում, ճնշում ենք իմունիտետը, ճնշում ենք, որպեսզի ագրեսիա չդրսևորի, որովհետև ինքն էլ արդեն սեփականն օտարից չի տարբերում ու սկսում է սեփական հյուսվածքներին վնասել: Հիմնականում բոլոր բարդ դեպքերը պայմանավորված են հենց սրանով», - ասաց Օհանյանը:
Այսօր քովիդով հիվանդներին սպասարկում է 21 հիվանդանոց: Առավոտվա տվյալներով վերակենդանացման բաժանմունքում կար ազատ միայն մեկ մահճակալ:
Ի դեպ՝ Առողջապահության նախարարությունը այսօր հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որը ընդունելու դեպքում կհանվի կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացած անձին ախտաբանաանատոմիական հերձումներ չիրականացնելու պահանջը, իսկ նման պահանջ ընդունվել էր անցած տարի՝ պարզաբանելով, որ Հայաստանում գործող ախտաբանական-անատոմիական ծառայությունները դեռևս չունեն անհրաժեշտ պայմաններ և նաև պարզված չէր դիակի ներսում վարակի ապրելիության ժամանակահատվածը։ Այսօր արդեն պարզ է դարձել, որ դիակից կորոնավիրուսային հիվանդության վարակելիությունը հնարավոր է կանխել։