Այվազյանը Լավրովի հետ հանդիպմանը շեշտել է հայ գերիների անհապաղ հայրենադարձման կարևորությունը

Մոսկվայում այսօր կայացավ Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը: Արա Այվազյանը Մոսկվա է ժամանել ԱՊՀ արտաքին գործերի նախարարների վաղը կայանալիք հերթական հավաքին մասնակցելու համար:

Հայաստանի արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության հաղորդագրության համաձայն՝ առանձնազրույցի ընթացքում Արա Այվազյանը և Սերգեյ Լավրովը դիտարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին առնչվող հարցերի լայն շրջանակ, որը ներառում է նաև հակամարտության գոտում 2020 թվականի նոյեմբերի 9-ի, ինչպես նաև հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքն ու առկա զարգացումները: Այս համատեքստում Այվազյանը շեշտել է ադրբեջանական կողմում՝ եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կոպտագույն խախտմամբ պահվող հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում պահվող անձանց անհապաղ հայրենադարձման կարևորությունը:

Հայաստանի արտգործնախարարը լուրջ մտահոգություն է հայտնել Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և կրոնական կոթողների միտումնավոր թիրախավորման առնչությամբ՝ ընդգծելով այդ ժառանգության պաշտպանության ուղղությամբ տարբեր ձևաչափերով քայլեր ձեռնարկելու հրատապությունը:

Արտգործնախարարները հանգամանալից անդրադարձ են կատարել հայ-ռուսական դաշնակցային համագործակցության երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի, բարձր մակարդակով շփումների առաջիկա ժամանակացույցին:

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել բազմակողմ ձևաչափում փոխգործակցության շուրջ:

Սերգեյ Լավրովն այսօր հանդիպել է նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ Լավրովը և Այվազյանը հանդիպման ժամանակ քննարկել են եռակողմ համաձայնությունների իրականացման ընթացքը, «հատուկ ուշադրություն են դարձրել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական արձագանքման հրատապ հարցերին, տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը»: Նույն հարցերն են քննարկվել նաև Բայրամովի հետ Լավրովի հանդիպմանը, մեկ այլ հաղորդագրությամբ փոխանցում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում եռակողմ կամ երկկողմ ձևաչափերով այս պահի տվյալներով նախատեսված չէ:

Նշենք նաև, որ Բաքվում է եռակողմ աշխատանքային խմբում ռուսական կողմը ներկայացնող փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: Այսօր նրան ընդունել է Ադրբեջանի նախագահը: Հանդիպմանը Իլհամ Ալիևն ասել է, թե գոհ է եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունից, և արդեն կոնկրետ արդյունքներ կան։

Ռուս պաշտոնյայի հետ հանդիպմանը Ալիևը նաև հայտարարել է․ «Հետկոնֆլիկտային իրավիճակն ընդհանուր առմամբ դրական է զարգանում, էսկալացիայի ռիսկերը նվազագույն են»։ Ռուսաստանի փոխվարչապետն Ալիևի հետ հանդիպմանը, իր հերթին, ընդգծել է, որ եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունում կա որոշակի առաջխաղացում:

Այս հանդիպումից հետո կայացել է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հեռախոսազրույցը: Կրեմլի տարածած հաղորդագրության համաձայն՝ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը և Հարավային Կովկասում տնտեսական կապերի ու տրանսպորտային հաղորդակցությունների կարգավորման ընթացքը: Գոհունակությամբ նշվել է, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ընդհանուր առմամբ կայուն է, իսկ հրադադարի ռեժիմը անշեղորեն պահպանվում է: Դրական գնահատական է տրվել երեք երկրների [Ռուսաստանի,Հայաստանի և Ադրբեջանի] փոխվարչապետերի համանախագահությամբ աշխատանքային խմբի գործունեությանը:

Պաշտոնական Բաքուն ղարաբաղյան խնդիրը համարում է կարգավորված, համենայնդեպս այս փուլում, պարբերաբար այս մասին հայտարարություններ է անում։ Առաջնային խնդիրը Ադրբեջանն այսօր համարում է այսպես կոչված «Նախիջևանի միջանցքը»։ Երեկ Ալիևը հերթական անգամ խոսել է միջանցքի մասին և նորից Հայաստանի մաս կազմող Սյունիքն անվանել ադրբեջանական տարածք։

«Կարծում եմ, որ դրանցից կարևորագույնը տրանսպորտային հնարավորություններն են։ Այսօր մենք արդեն շատ ակտիվ աշխատում ենք Զանգեզուրի միջանցքի վրա։ Նախիջևանում կայացած գագաթնաժողովում ես ասացի, որ ժամանակին Զանգեզուրը Ադրբեջանի կազմից դուրս բերելն ու Հայաստանին միացնելը նշանակում էր թյուրքական աշխարհի աշխարհագրական մասնատում, որովհետև եթե քարտեզին նայենք, ապա կարելի է տեսնել, որ մեր մարմնի մեջ կարծես դաշույն էին մտցրել, թյուրքական աշխարհը բաժանվեց։ Զանգեզուրը, որը հին ադրբեջանական հող է, այժմ խաղալու է թյուրքական աշխարհի միավորման դերը, քանի որ Զանգեզուրով անցնող տրանսպորտային, կոմունիկացիոն, ենթակառուցվածքային նախագծերը կմիավորեն ողջ թյուրքական աշխարհը, ինչպես նաև լրացուցիչ հնարավորություններ կստեղծեն այլ երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար», - Թյուրքալեզու պետությունների գագաթնաժողովին երեկ հայտարարել է Իլհամ Ալիևը:

Նույն այս ելույթում Ալիևը հերթական անգամ նաև ասել է, թե պատերազմը սադրել է հայկական կողմը, և խոստովանել, որ ադրբեջանական կողմի լայնածավալ հարձակման համար ազդանշան էր լիակատար աջակցության մասին Թուրքիայի հայտարարությունը։

Դեռևս մի քանի ամիս առաջ, երբ եռակողմ համաձայնագիրը նոր էր կնքվել, պաշտոնական Մոսկվան պարբերաբար շեշտում էր, որ խոսքը ոչ թե միջանցքի, այլ տրանսպորտային նոր ուղիներ կառուցելու մասին է, այսօր արդեն չի հայտարարում։ Ի դեպ՝ տրանսպորտային ուղիների կառուցման և ապաշրջափակման հարցերը ադրբեջանցի փորձագետների կարծիքով՝ լինելու են Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների այսօր նախատեսված հանդիպման օրակարգի հիմնական թեմաներից։