Մյանմայում, չնայած ցուցարարների շարքերում զոհերի թվի աճին, շարունակվում են բողոքի ցույցերը ռազմական հեղաշրջման դեմ։
Անվտանգության ուժերի կողմից փետրվարի սկզբից մինչև հիմա ավելի քան 500 ցուցարար է սպանվել։
Երկրի հարավում գտնվող Լաունգլոն քաղաքում այսօր ևս բողոքի ակցիա է անցկացվել։ Հարյուրավոր մարդիկ երթ են անցկացրել` պահելով Նոբելյան մրցանակի դափնեկիր, ժողովրդավարական ճանապարհով ընտրված առաջնորդ Աուն Սան Սու Չժիի լուսանկարը։ Նա ու հարյուրից ավելի պետական ու քաղաքական գործիչներ ձերբակալվել են փետրվարի 1-ին, երբ զինվորականները ռազմական հեղաշրջման միջոցով վերցրեցին իշխանությունը։
Միջազգային հանրությունը դատապարտել է Մյանմայի ռազմական հեղաշրջումը և զինվորականների բռնաճնշումները ցուցարարների հանդեպ։