Աշխարհի 12 պետությունների ռազմական գերատեսչությունների ղեկավարներն այսօր տարածած համատեղ հայտարարությամբ խստորեն դատապարտել են Մյանմայում (Բիրմա) նախօրեին տեղի ունեցած արյունալի բախումները։
Դրանց ընթացքում Մյանմայի Զինված ուժերը ցրել են փետրվարի 1-ին տեղի ունեցած հեղաշրջման դեմ բողոքող ցուցարարներին՝ առնվազն 90 մարդու մահվան պատճառ դառնալով։
«Մյանմայի Զինված ուժերը կորցրել են ժողովրդի վստահությունը։ Պրոֆեսիոնալ զինվորականները պետք է հետևեն միջազգային չափանիշներին՝ պաշտպանելով սեփական քաղաքացիներին, այլ ոչ թե նրանց դեմ բռնություններ կիրառելով», - նշված է ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Հարավային Կորեայի և մի շարք այլ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հայտարարության մեջ։