Վրաստանի պաշտպանության նախարարը խոստացել է, որ բանակը «չի ընկղմվի քաղաքական ճգնաժամի մեջ»

Վրաստանի պաշտպանության նոր նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն հայտարարել է, որ ռազմական գերատեսչությունը չի ընկղմվի երկրի քաղաքական ճգնաժամի մեջ։

«Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը մարտի 23-ին տված հարցազրույթում նա խոսել է ԱՄՆ-ի հետ գործընկերության, Վրաստանի տեղական ռազմարդյունաբերության և դրսից սպառազինություն գնելու մասին։

Մարտի 4-ին նա հեռախոսազրույց էր ունեցել ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ։ Այդ հեռախոսազրույցի ընթացքում նա Պենտագոնի ղեկավարին հավաստիացրել է, որ Վրաստանի պաշտպանության գերատեսչությունը չի ընկղմվի երկրի քաղաքական ճգանաժամի մեջ։ «Ես ընդգծել եմ, որ մեր իշխանությունը երբեք չի անցնի ժողովրդավարության կարմիր գիծը», - ասել է նա՝ «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը։

Ամերիկացի գործընկերոջը նա խոստացել է, որ վրացի զինվորականները Աֆղանստանում կմնան մինչև ՆԱՏՕ-ի առաքելության ավարատը։ «Մենք պատրաստ ենք ամենուրեք, մեր գործընկերների հետ, ամբողջ աշխարհում պայքարել խաղաղության համար»,- ասել է Ջուանշեր Բուրչուլաձեն։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի նոր վարչակազմը պատրաստ է ավելին անել՝ տարածաշրջանում ժողովրդավարության պաշտպանության, մասնավորապես, վրաց-ամերիկյան գործընկերության համար։

«Բնականաբար, երկու կողմերը համաձայն են, որ Ռուսաստանի կողմից ագրեսիվ ռիսկերը տարածաշրջանում աճում են, և անձամբ իմ կարծիքով, դա ավելի կարագացնի մեր ինտեգրումը ՆԱՏՕ-ին»,- նշել է Վրաստանի պաշտպանության նախարարը։

Ռազմարդյունաբերության ու սպառազինության մասին նա ասել է, թե գործընկերների հետ աշխատում են դրոնների ու այլ զինատեսակների համատեղ արտադրության ուղղությամբ, այդ նպատակով անցած ամիս այցելել է Լեհաստան ու Չեխիա։

Նախատեսում են նաև արտասահմանյան զենք գնել, այդ թվում՝ ամերիկյան հակատանկային «Ջավելին» հրթիռային համակարգեր, որի առաջին խմբաքանակը Վրաստանը ձեռք է բերել 2018 թվականին։

Նա նաև հայտնել է, որ Իսրայելի հետ 2020 թվականին ստորագրված համաձայնագրով ամբողջովին արդիականացվելու է Վրաստանի հակաօդային պաշտպանության համակարգը։ «Առաջին մատակարարումները մենք կստանանք մինչև տարեվերջ»,- ասել է նա։

Անցած փետրվարին նախկին վարչապետ Գեորգի Գախարիայի հրաժարականից հետո, Վրաստանի խորհրդարանը Իրակլի Ղարիբաշվիլիի կառավարությանը վստահության քվե է տվել, որի կազմում միայն երկու փոխոխություն է արվել, որոնցից մեկն էլ պաշտպանության նախարարն էր։

Պաշտպանության 43-ամյա նոր նախարարը զինվորական կրթություն չունի։ Նա տեխնիկական համալսարանի ֆինանսաբանկային ֆակուլտետն է ավարտել, աշխատել է Բիձինա Իվանիշվիլիին պատկանող ընկերություններում, քաղաքապետարանի զարգացման հիմնադրամում, ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանատանը, «Ստանդարտ» բանկում, ամուսնցած է, ունի 8 երեխա։