Իշխանության ընտրական ցուցակը կգլխավորի վարչապետ Նիկոլ Փաշինյանը․Մակունց

Իշխանության ընտրական ցուցակը կգլխավորի վարչապետ Նիկոլ Փաշինյանն, այսօր Ազգային ժողովում, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Ես կարծում եմ՝ ցուցակը գլխավորելու հետ կապված ակնհայտ է, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը», - ասաց Մակունցը։

Հարցին, թե արտախորհրդարանական ընտրություններին պատրաստվում են գնալ նոր, թե՞ գործող Ընտրական օրենսգրքով, խմբակցության ղեկավարը պատասխանեց․- «Իմ քայլը» խմբակցությունը հակված է Ընտրական օրենսգրքում ամբողջապես համամասնական համակարգին անցում կատարելու փոփոխություններն ընդունելուն և համամասնական ընտրակարգով արտահերթ ընտրություններին գնալուն։ Այս պահին քննարկումներ են ընթանում։ Քննարկումը ներառում է տարբեր սեգմենտներ։ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները բավականին մեծ փոփություններ են ենթադրում իրենց մեջ և այդ հատվածում [համամասնականի] նույնպես պետք է որոշում կայացնել, նաև իրատեսական պետք է լինեն փոփոխություններն առաջիկա ընտրությունների համար»։

Ճշտող հարցին, թե հնարավո՞ր է միայն համամասնականի հետ կապված դրույթը փոխվի, Մակունցը պատասխանեց․ - «Այս պահին վերջնական ձևակերպում չտամ, ոչինչ չեմ բացառում այս պահին»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց՝ հունիսի 20-ին կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Առայժմ պարզ չէ՝ իշխանությունն ընտրություններին գործող, այսպես ասած, ռեյտինգային, թե իշխող ուժի առաջարկած պարզ համամասնական ընտրակարգով է գնալու ընտրությունների։