Բայդենը հրաժարվել է ընդունել Պուտինի անհապաղ հանդիպելու առաջարկը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, արխիվ

Արևմտյան քաղաքական գործիչները, պաշտպանելով իրենց աշխարհաքաղաքական դիրքերն, ավելի ու ավելի հաճախ են ստեր հորինում, անհիմն մեղադրանքներ հնչեցնում և անբարտավան կերպով հրաժարվում են իրենց իսկ արած հայտարարությունների ապացույցները ներկայացնել, այսօր ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Գործի են դրվում զանազան ֆեյքեր, արևմտյան առաջնորդների զինանոցում հայտնվել է նոր ֆենոմեն՝ ֆեյքային, իսկ երբեմն նաև ֆրիքային, աննորմալ դիվանագիտություն», - ասել է Սերգեյ Լավրովը:

Ռուս-ամերիկյան աննախադեպ հակամարտությունը խորանում է, թեև փորձագետները, արձանագրելով Ռուսաստանի, ասպես ասած, հանգիստ արձագանքը Պուտինի մարդասպան լինելու մասին Բայդենի հայտարարությանը, ասում են, որ Մոսկվան չի ուզում վերջնականապես խզել հարաբերությունները Վաշինգտոնի հետ:

Սպիտակ տունը հակառակը՝ ոչ միայն չի ափսոսում աննախադեպ կոշտ հայտարարության համար, այլ նաև հրաժարվում է ռուս-ամերիկյան նոր բանակցություններից:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրաժարվել է ընդունել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անհապաղ հանդիպելու մասին առաջարկը, որը Պուտինն արել էր երեկ երեկոյան Լուժնիկիում Ղրիմը Ռուսաստանի կազմ վերադարձնելուն նվիրված տոնակատարության ժամանակ:

«Անցած անգամ մեր հեռախոսազրույցը Միացյալ Նահանգների նախագահի հետ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ էր, հիմա ես եմ առաջարկում Բայդենին խոսել ուղիղ, բայց օնլայն ռեժիմով: Կարծում եմ՝ սա հետաքրքիր կլինի և՛ ռուսաստանցիներին, և՛ ամերիկացիներին», - ասել է Պուտինը:

Բայդեն-Պուտին հակամարտությունը շարունակվել է նրանց մամուլի քարտուղարների հարթությունում: Նախ, Սպիտակ տան ներկայացուցիչն էր հայտարարել, թե Ջո Բայդենը չի կարող այս ուրբաթ ուղիղ եթերում խոսել Վլադիմիր Պուտինի հետ, և որ Միացյալ Նահանգների նախագահը չի ափսոսում, որ հարցին, թե արդյոք նա Պուտինին մարդասպան է համարում, դրական է պատասխանել: Ջեն Փսակին նաև հավելել է, թե այսուհետ ևս Բայդենը չի զսպի իրեն ո՛չ խոսքով, ո՛չ գործողությամբ:

Կրեմլը, սակայն, շարունակում է պնդել, որ երկխոսությունն օգտակար կլինի կողմերի համար: «Որոշակի հայտարարություններ են արվել պարոն Բայդենի կողմից, հայտարարությունները բավականին աննախադեպ են, և որպեսզի թույլ չտանք այդ հայտարարություններին վերջնականապես վնաս հասցնել առանց այդ էլ ողբալի վիճակում գտնվող ռուս-ամերիկյան երկկողմ հարաբերություններին, նախագահ Պուտինն առաջարկել է քննարկել այդ իրավիճակը, բայց դա անել բաց ձևով», - այսօր Պուտինի հրավերը պարզաբանել է նրա ամուլի խոսնակը:

Մարտի 17-ին ABC հեռուստաընկերության եթերում ԱՄՆ նախագահը դրական է պատասխանել լրագրողի այն հարցին, թե արդյոք Բայդենը կարծում է, որ Պուտինը մարդասպա՞ն է: Նույն օրը պաշտոնական Մոսկվան հայտարարեց՝ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանին կանչում է Մոսկվա, բայց ընդգծեց, որ խոսքը ոչ թե հետ կանչելու, այլ խորհրդակցություններին մասնակցելու մասին է: Հաջորդ օրը Պուտինն անձամբ արձագանքեց Բայդենի հայտարարությանը՝ ասելով, թե նրան առողջություն է ցանկանում: