Մատչելիության հղումներ

Խորհրդակցությունների նպատակով Ռուսաստանն ԱՄՆ-ից հետ է կանչել իր դեսպանին


Մոսկվան Միացյալ Նահանգներից հետ է կանչել իր դեսպան Անատոլի Անտոնովին խորհրդակցությունների նպատակով՝ վերլուծելու համար ռուս-ամերիկյան հարաբերություններն ու ԱՄՆ-ի նոր ղեկավարության քաղաքականությունը։

Դա տեղի ունեցավ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հարցազրույցից հետո, որտեղ Բայդենը դրական պատասխանեց հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին համարում է մարդասպան։

ABC-ի հարցազրույցից ժամեր անց դեսպան Անտոնովին հետ կանչելու մասին հայտարարեց Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ասելով, թե Ռուսաստանը հետաքրքրված է թույլ չտալու անշրջելի դեգրադացիա ԱՄՆ-ի հետ հարաբերություններում։

Ջո Բայդենի հարցազրույցից ժամեր առաջ ամերիկյան հետախուզությունը զեկույց էր հրապարակել՝ հաստատելով նախագահական անցած ընտրություններին Ռուսաստանի միջամտության փորձերը։ Ըստ զեկույցի, Մոսկվան քայլեր էր ձեռնարկել վարկաբեկելու Բայդենին ու աջակցելու Թրամփի վերընտրությանը։

Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեյն Փսաքին ասել է, թե Ռուսաստանը պատասխանատվություն կկրի իր գործողությունների համար։ Նա նշել է, որ Ջո Բայդենի վարչակազմը Ռուսաստանի հետ հարաբերություններում այլ մոտեցում ունի, քան նախորդ նախագահ Դոնալդ Թրամփը։

Ջո Բայդենի՝ ABC-ին տված բացառիկ հարցազրույցում Պուտինի մասին խոսք է բացվել ամերիկյան հետախուզության հրապարակած զեկույցի կապակցությամբ։ Բայդենն աել է, թե ինքը զգուշացրել է Պուտինին հետևանքների մասին․ եթե ռուսական հետքը հաստատվի, Ռուսաստանը դրա համար գին կվճարի։

Ակնկալվում է, որ հաջորդ շաբաթ Ռուսաստանի հանդեպ նոր պատժամիջոցներ կսահմանվեն։ Իսկ մինչ այդ, մարտի 17-ին Վաշինգտոնը հայտարարեց Ռուսաստանի հանդեպ արդեն գոյություն ունեցող պատժամիջոցների ընդլայնման մասին։ Դրանք սահմանվել են «Նովիչոկ» քիմիական զենքով Սերգեյ ու Յուլիա Սկրիպալներին, ինչպես նաև Ալեքսեյ Նավալնուն թունավորելու համար։ Այդ պատժամիջոցների ընդլայնումը ուժի մեջ է մտնում այսօրվանից։

Մոսկվան շարունակաբար հերքում է ուրիշ երկների ընտրություններին միջամտելու, ինչպես նաև Սկրիպալներին ու Նավալնուն թունավորելու մեղադրանքները։

Չնայած լարված հարաբերություններին, Բայդենը հարցազրույցում ասել է, թե «հնարավոր է քայլել ու միժամանակ ծամոն ծամել այնտեղ, որտեղ երկկողմ շահերը համընկնում են»։

Նա նշել է, որ «ԱՄՆ-ի և Ռուսաստանի համագործակցության ոլորտներից մեկը կարող է լինել նյու ստարտ միջուկային համաձայնագրի երկարաձգումը»։

XS
SM
MD
LG