HRW-ը Ադրբեջանում հայ գերիների խոշտանգումները համարում է պատերազմական հանցագործություն

Ադրբեջանից Հայաստան տեղափոխված գերիները, 15-ը դեկտեմբերի, 2020թ.

Հայ ռազմագերիների հարցով բավականին սուր հայտարարությամբ հանդես է եկել Human Rights Watch (HRW) իրավապաշտպան հեղինակավոր կազմակերպությունը` նրանց խոշտանգումները համարելով պատերազմական հանցագործություն։ «Դաժան վերաբերմունքը, այդ թվում` հայ զինվորների խոշտանգումները, նողկալի են ու հանդիսանում են պատերազմական հանցագործություն», - հայտարարել է կազմակերպության եվրոպական ու Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն Հյու Ուիլյամսոնը։

Նա նաև ասել է, թե խորը անհանգստություն է առաջացնում այն փաստը, որ անհետ կորած մի շարք հայ զինվորներին վերջին անգամ տեսել են ադրբեջանական բանտում, բայց նրանց մասին որևէ հաշվետվություն ստանալը ձախողվել է։

Զեկույցում վկայակոչվում են նաև սոցցանցերում տեղադրված շատ տեսանյութեր, որոնք ցուցադրում են ադրբեջանցի սպաների ակնհայտորեն վատ վերաբերմունքը հայ ռազմագերիներին։ Իրավապաշտպանների խումբն ուսումնասիրել է ավելի քան երկու տասնյակ տեսանյութեր, զրուցել վերադարձված ռազմագերիների, ինչպես նաև այն զինծառայողների ընտանիքների անդամների հետ, որոնք երևում են տեսանյութերում, բայց մինչև հիմա Ադրբեջանը նրանց չի վերադարձրել։

Human Rights Watch-ը զրուցել է չորս նախկին ռազմագերիների հետ, և ըստ նրանց նկարագրության՝ ադրբեջանական բանտում ենթարկվել են երկարատև ու պարբերաբար կրկնվող ծեծի։ Նրանցից մեկին խաշտանգել են մետաղե սուր ձողով, մյուսին` էլեկտրական հոսանքով, երրորդի վկայությամբ՝ բազմաթիվ անգամ իրեն այրել են կրակվառիչով։ Իրավապաշտպան կազմակերպությունը նշում է, որ նրանք պահվել են արժանապատվությունը նսեմացնող պայմաններում, կալանավորման առաջին օրերին շատ քիչ ջուր են տվել, իսկ ուտելիք գրեթե չեն տվել։

Նյու Յորքում տեղակայված իրավապաշտպան հեղինակավոր կազմակերպությունը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել հետաքննել հայ գերիների հանդեպ վատ վերաբերմունքի բոլոր պնդումները ու մեղավորներին ենթարկել պատասխանատվության։ Ադրբեջանական ուժերը հայ զինվորների գերի ընկնելու ժամանակ, տեղափոխությունների ընթացքում և մեկուսարաններում գերեվարվածների հանդեպ «դաժան, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու խոշտոնագումների են դիմել», նշված է Human Rights Watch -ի մարտի 19-ին տարածած հայտարարությունում։

Մտահոգություն հայտնելով, որ Ադրբեջանում դեռ գերության մեջ պահվող ռազմագերիները գտնվում են հետագա բռնությունների ռիսկի տակ, HRW-ը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ապահովել գերեվարվածների լիակատար պաշտպանությունը մարդու իրավունքների միջազգային նորմերին ու հումանիտար օրենքներին համապատասխան` այդ թվում բացառելով վատ վերաբերմունքն ու խոշտանգումները։

Իրավապաշտպան հեղինակավոր կազմակերպությունը հայտարարել է, որ Ադրբեջանը պետք է անհապաղ ազատ արձակի բոլոր ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց, ինչպես նաև տեղեկատվություն տրամադրի նրանց մասին, ում վերջին անգամ տեսել են ադրբեջանական բանտերում։

Հայկական կողմի տվյալներով` Ադրբեջանում շուրջ 200 հայ ռազմագերի կա, սակայն Ադրբեջանը հայտնում է 70 հոգու գերեվարման մասին, որոնցից 54-ը Խծաբերդում գերի ընկած պահեստազորայիններն են, ևս 16 հոգի՝ զինծառայողներ ու քաղաքացիական անձինք։

Անցած աշնանը Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմից հետո 2020 թվականի նոյեմբերի 10-ից հաստատված հրադադարից հետո մինչ այժմ Ադրբեջանը վերադարձրել է 69 ռազմագերի։

Human Rights Watch-ը նշում է, որ չի կարող ճշտել կալանքի տակ պահվող մարդկանց քանակի և նրանց կարգավիճակի մասին Երևանի ու Բաքվի պնդումները։