Իրականացված ստուգումների արդյունքում արձանագրվել են մի շարք խնդիրներ, որոնք ներկա պահին Իրանում հայտնված «Բոինգի» թռիչքը դարձնում են անհնարին, հայտարարում է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն: «Ֆլայ Արմենիա էյրվեյզ» ընկերությունը` որպես օդանավի շահագործման, ավիացիոն անվտանգության, անձնակազմի և օդանավի հետ կապված բոլոր հարցերով պատասխանատու, իրականացնում է անհրաժեշտ աշխատանքներ՝ թերությունները վերացնելու ուղղությամբ։
Նույնը պնդում են նաև օդանավը վարձակալած ավիաընկերությունից։ Լրացուցիչ մեկնաբանություններ տալ այս պահին նպատակահարմար չեն համարում, բայց վստահեցնում են՝ օդանավը Հայաստան կվերադարձվի։
25 օր է անցել առեղծվածային թռիչքից, ու պատասխանատու կողմերից ստացվող ժլատ տեղեկություններից բացի, որևէ հստակություն չկա։
Չնայած Քաղավիացիայի ու ավիաընկերության հավաստիացումներին, տարբեր աղբյուրներ վկայում են օդանավի վաճառքի մասին, ավիացիայի ոլորտի փորձագետ Նավիկ Խաչատրյանն էլ, վերլուծելով իրավիճակը, ընդամենը 1 տոկոս է համարում օդանավի վերադարձման հավանականությունը. «Միջնորդը ուկրաինական «Խորս» ավիաընկերությունն է, ինքը հայտնի է նրանով, որ վերջին 10 տարիներին շատ հետաքրքիր ձևով հասցնում են իրանական ավիացիային կամ ավիացիոն գնորդներին տարբեր պահեստամասեր, նույնիսկ ամբողջական օդանավեր»:
Ավիացիոն փորձագետը մեջբերում է բրիտանական The independent օրաթերթի պարսկալեզու բաժնի թղթակցի հոդվածը, որում նշվում է, որ օդանավի վաճառքը դեռ 8 ամիս առաջ է կայացել, իսկ գնորդը Airlines caspian ընկերությունն է։ Ստացվում է` օդանավի վաճառքի միջնորդն ու գնորդը հայտնի են, վաճառողը՝ ոչ։ Վաճառք իրականացնել կարող է օդանավի սեփականատերը, իսկ «Ֆլայ Արմենիա էյրվեյզը» օդանավը վարձակալող ընկերությունն է, և այս ընկերությունում խոսում են թռիչքի փաստաթղթերի կեղծման մասին` ասելով, որ իրենք նախապես տեղյակ չեն եղել թռիչքուղու փոփոխությունից:
«Բուլղարիան էլ եվրոպական գոտի է, այնտեղ օդային նավիգացիան հետևում է «Եվրակոնտրոլ» մեծ հզորությամբ կառույցը: Կեղծ փաստաթղթերի հիման վրա «Եվրակոնտրոլը» չի արտոնի, իրենք բավական մեծ գործիքակազմ ունեն, որ կեղծը ճշտից տարբերեն», - ասաց Նավիկ Խաչատրյանը:
Տալլինից դեպի Կիև տեխնիակկան սպասարկման համար իրականացվող թռիչքն արտոնել է Հայաստանի քաղաքացիական ավիացիան ավիաընկերության կողմից ներկայացված հիմնավորման հիման վրա, առանց դրա թռիչք իրականացնել հնարավոր չէր լինի։ Բայց նախատեսվածից 1.5 ժամ ավելի երկար թռիչք իրականացրած և Վառնայում վայրէջք կատարած ինքնաթիռը ճիշտ նույն տրամաբանությամբ Շարժա թռնելու համար ևս պետք է ստանար Հայաստանի քաղաքացիական ավիացիայի թույլտվությունը, այն ներկայացներ թռիչքները վերահսկող «Եվրակոնտրոլ» ընկերությանը և պետք է ստանար նաև Շարժայի թույլտվությունը, դա էլ այն դեպքում, երբ Շարժայում հայկական EK գրանցումով օդանավերի մուտքը արգելված է։ Ըստ ավիացիոն փորձագետի` առեղծվածի բացահայտման ճանապարհը հենց այստեղից պետք է սկսել. «Շարժա կարար թույլատրվեր ինչ-ինչ պատճառներով, որ թղթերը ինձ տան, կես ժամվա մեջ կասեմ: Ավելի մոտ էր Թեհրանը, որովհետև Շարժան մի քիչ ավելի պետք է գնար Պարսկական ծոցով, նոր հասներ Էմիրաթներ, բայց ինքը Թուրքիայի վրայից միանգամից ուզել է տեխնիկական վայրէջքի թույլտվություն, որ տրվել է»։
Երեկ Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը ուղարկած մեր հարցմանը ստացել էինք պատասխան, որ ԱՄՆ կառավարությունը տեղյակ է, որ հայկական ընկերության անունով գրանցված ինքնաթիռը շեղվել է դեպի Իրան և դեռևս գտնվում է այդ երկրում։ Իրենք կապի մեջ են Հայաստանի գործընկերների հետ, որոնք քայլեր են ձեռնարկում ինքնաթիռը վերադարձնելու ուղղությամբ։ Նաև վերահաստատում են, որ ԱՄՆ օրենսդրությունն արգելում է «ամերիկյան արտադրության ինքնաթիռների ու ավիացիոն պահեստամասերի փոխանցումը կամ այլ կերպ դրանց տրամադրումը Իրանին և նման գործողություններում ներգրավված կառույցները կարող են հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների տիրույթում»։
Իրանական մամուլն էլ լուռ է, որևէ գործարքի մասին այստեղ չի հիշատակվում, ասում է «Ազատության» իրանական ծառայության թղթակից Ռուբիկ Մինասյանը. «Դա իրենց մոտ արտառոց բան չի, այսինքն` օդանավն Իրանի տարածքով անցնելուց վթարային իրավիճակ է եղել, վայրէջք է խնդրել, մենք էլ թույլատրել ենք, վայրէջք է կատարել»։
Ազգային անվտանգության ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՔՕ 221-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, որը վերաբերում է օդանավ, նավ կամ երկաթուղային շարժակազմ փախցնելու կամ փախցնելու նպատակով զավթելուն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և պատժվում է ազատազրկմամբ՝ 7-12 տարի ժամկետով։ Քրեական գործը քննվում է նաև 325-րդ հոդվածի 1-ին մասով, որը վերաբերում է իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելուն, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 200-400-ապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով: