Մատչելիության հղումներ

Իրանի հետ կա նախնական պայմանավորվածություն Հայաստանում գրանցված ինքնաթիռը Թեհրանից Երևան տեղափոխելու վերաբերյալ


Իրանական կողմի հետ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանում գրանցված ամերիկյան արտադրության «Բոինգ» ինքնաթիռը Թեհրանից Երևան տեղափոխելու վերաբերյալ։ Այս մասին այսօր տեղեկացրեց Հայաստանի քաղաքացիական ավիացիան։

Թեհրանում արձանագրվել են օդանավի տեխնիկական թերություններ, և համապատասխան ռիսկերի գնահատում իրականացնելուց հետո մասնագետները պետք է ներկայացնեն դիրքորոշում տեխնիկական այդ վիճակում թռիչք իրականացնելու հնարավորության վերաբերյալ։

Այս որոշմանը հասնելու համար երկու շաբաթ պահանջվեց, բայց այս ժամանակահատվածը բավարար չեղավ ինքնաթիռի Իրանում հայտնվելու պատճառները բացահայտելու համար։

Ըստ «Բոինգ B737-300» օդանավը 5 տարով վարձակալած «Ֆլայ Արմենիա էյրվեյզ» ավիաընկերության թռիչքային անձնակազմի և Իրանի ավիացիոն իշխանությունների հավաստիացման, Թեհրանի «Մեհրաբադ» միջազգային օդանավակայանում օդանավի վայրէջք կատարելու պատճառը եղել է տեխնիկական բնույթի, մասնավորապես՝ առաջացել են օդանավի վառելիքի հետ կապված խնդիրներ։ Այս պատճառաբանությունը կհերքվի կամ կհաստատվի Կոմիտեի կողմից տարվող քննության արդյունքում, մինչ այդ ավիացիոն փորձագետ Նավիկ Խաչատրյանը այս վարկածը հավանական չի համարում։ Կիևի և Թեհրանի միջև ընկած հեռավորությունը ուղիղ գծով կազմում է 2346 կմ, իսկ թռիչքային ժամանակը կազմում է 3 ժամ 25 րոպե:

«Ոնց որ գնաս [Երևանից] Սևան, բայց Վայոց ձորով, Եղեգնաձորով գնաս Սևան։ Ինչ վերաբերում է վառելիքի խնդիրներին, ես իմ Բուլղարիայի կապերով ճշտեցի, իրոք էղել ա տենց։ Ամսի 20-ի առավոտը իջել ա Վառնա։ Հետո վերանորոգել են էդ բաքը, ու կուրս ա վերցրել, որ թռնի Վառնայից դեպի Շարժա։ Իսկ Վառնայից դեպի Շարժա շատ ավելի հարմար ու ճիշտ ա, եթե տեխնիկական խնդիր ա, քան թե գնալ Թեհրան», - «Ազատության» հետ զրույցում ասաց Խաչատրյանը։

Այս գործում առայժմ հարցերն ավելի շատ են, քան պատասխանները։ Մինչ պաշտոնական հաղորդագրությունը շրջանառվող ամենահավանական վարկածը ինքնաթիռի գաղտնի վաճառքն էր Իրանին, որը փորձում է շրջանցել ամերիկյան պատժամիջոցները։ Միացյալ Նահանգները արգելել է ամերիկյան արտադրության ինքնաթիռների ու ավիացիոն պահեստամասերի փոխանցումը կամ այլ կերպ դրանց տրամադրումը Իրանին։

Բացի այդ, ցանկացած ինքնաթիռ թռիչքից 2 օր առաջ ստանում է այն երկրի օդանավակայանի թույլտվությունը, որտեղ վայրէջք է կատարելու, դրանից հետո անհրաժեշտ է լինում թույլտվություն ստանալ այն երկրների կողմից, որոնց օդային տարածքով անցնելու է ինքնաթիռը։

Ըստ փորձագետի, ստացվում է, որ Իրանը նախապես տեղյակ է եղել և վայրէջքի թույլտվություն է տվել։

«Ամերիկյան աղբյուրները ասում են, որ դա տարվում էր վաճառքի, ութ ամիս առաջ արդեն պլանավորել էին»։

Հարցին, թե արդյոք ավիաընկերությունը կարող է վաճառել վարձակալության վերձրած ինքնաթիռը, Նավիկ Խաչատրյանը պատասխանեց․ - «Չէ։ Անպայման պետք է սեփականատերը գործարքի մեջ լինի կամ տեղյակ լինի։ Անպայման երրորդ կողմը կա»։

Դեռ 2019-ին «Ֆլայ Արմենիա էյրվեյզ» ավիաընկերության մուտքը հայկական շուկա խնդիրներով լի էր։ Օդանավ շահագործողի վկայական ընկերությունը ստացել է 2020-ի հուլիսի 2-ին՝ դիմելուց 8 ամիս անց, ինչից ընդամենը 2 ամիս անց օդանավ շահագործողի գործունեությունը կոմիտեի կողմից կասեցվել է, քանի որ օդանավ շահագործողը չի պահպանել այն պայմաններն ու պահանջները, որոնց հիման վրա տրվել է վկայականը:

Այս տարվա փետրվարին էլ ավիաընկերությունը չի ունեցել թռիչքային պիտանիության գործող սերտիֆիկատ։ Էստոնիայի Տալլին քաղաքում գտնվող ինքնաթիռը թռիչքային պիտանիության ապահովման համար նախատեսված տեխսպասարկման աշխատանքների կարիք է ունեցել, որոնք պետք է ավարտին հասցվեին Ուկրաինայի Գոստոմել քաղաքում։ Հաշվի առնելով սա, Հայաստանի ավիացիոն կոմիտեն, չհակասելով միջազգային ավիացիոն ստանդարտներին, տվել է համապատասխան թույլտվություն՝ Տալլինից Կիև ուղղությամբ մեկանգամյա թռիչք իրականացնելու համար՝ 2021 թվականի փետրվարի 12-ից 22-ը վավերության ժամկետով։

Ավիացիոն կոմիտեն ընդգծում է, որ օդանավը շահագործող ավիաընկերությունն է պատասխանատու թռիչքի կազմակերպման ու թույլտվությունների ստացման գործընթացի, ինչպես նաև թռիչքի վերգետնյա սպասարկման համար:

«Ֆլայ Արմենիա էյրվեյզ» ավիաընկերությունը մարտի 2-ին նախատեսել էր մամլո ասուլիս, որը չեղարկվեց պատճառաբանությամբ, որ անձնակազմը Իրանից դեռ չի վերդարձել։

«Հիմա արտգործնախարարությունը տեղյակ է, և աշխատանքներ են տարվում, որպեսզի կարողանանք ինքնաթիռը վերադարձնենք Հայաստանի Հանրապետությանը», - «Ազատությանն» ասաց ավիաընկերության մամուլի պատասխանատու Արսեն Հայթայանը։

Հարցին, թե ինչպես է ինքնաթիռն այդքան շեղվել նախնական ուղուց, Հայթայանն արձագանքեց․ - «Քանի որ ծառայողական քննություն է ընթանում, մանրամասները, ցավոք, էս պահին չեմ կարող ասել, որպեսզի չխոչընդոտենք քննությանը։ Բայց խոստանում եմ, որ առաջին իսկ հնարավորության դեպքում հանրությանը և լրատվամիջոցներին տեղյակ կպահենք։» Ստեղծված իրավիճակին արձագանքել էր նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը՝ հորդորելով այս հարցին առնչվող բոլոր կողմերին անհապաղ հստակեցնել ինքնաթիռի գտնվելու վայրն ու կարգավիճակը։ Նաև հիշեցնելով, որ նմանօրինակ գործողություններում ներգրավված կառույցները կարող են հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների տիրույթում։

Դեպքի առթիվ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, իրականացվում է նախաքննություն։

XS
SM
MD
LG