Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ղազախական Տելեգրամ ալիքներից մեկին տված հարցազրույցում անդրադարձել է ռուս-թուրքական հարաբերություններին և երկու երկրների համագործակցությանը Լեռնային Ղարաբաղում։
Շոյգուի խոսքով` նոյեմբերի տասին կնքված հրադադարը շատ բարդ օպերացիա էր, և հրադադարին հասնելու համար Մոսկվան սերտ համագործակցել է նաև Անկարայի հետ. «Սա շատ-շատ բարդ օպերացիա էր։ Հրադադարին հասնելու համար պետք էր հաշվի առնել բազմաթիվ փաստարկներ, տարրեր, շարժառիթներ»:
Շոյգուն ասել է, թե հրադադարին հասնելը ՌԴ-ի համար բարդ էր նաև այն պատճառով, որ պատերազմում էին Ռուսաստանի համար երկու եղբայրական, բարեկամական ժողովուրդներ։ Միևնույն ժամանակ Ռուսաստանի պաշտպանության նախարարը խոսել է այն մասին, որ Թուրքիան ներգրավված էր այդ գործընթացին, և Մոսկվան հրադադարի հասնելու համար պետք է բանակցեր նաև Անկարայի հետ։
Ռուսաստանի նախագահը, Շոյգուի խոսքով, տիտանական ջանքեր է գործադրել ղարաբաղյան բանակցություններին․ «Պետք էր համոզել բոլորին: Այնպես չէր, որ կողմերից մեկն ասում էր` ես համաձայն եմ, համոզեք նրանց: Մենք այդ օրերին ակտիվ բանակցել ենք նաև թուրքական կողմի հետ։ Կարևորն այն է, որ մարդիկ դադարել են սպանել միմյանց», - հարցազրույցում ասել է Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը և հույս հայտնել, որ «եկել է ժամանակը, որ հայերն ու ադրբեջանցիներն անցնեն երկկողմ շփումների և սկսեն խոսել միմյանց հետ»։
Շոյգուն այս հարցազրույցում խոստովանում է, որ հայ-ադրբեջանական հնարավոր երկխոսությունը կախված է ռուս-թուրքական հարաբերություններից․ «Եվ այստեղ, իհարկե, շատ բան կախված է այն հարաբերություններից, որոնք ունեն այսօր Ռուսաստանը և Թուրքիան»։
Ռուսաստանցի պաշտոնյան այս հարցազրույցում նաև անդրադառնում է տարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացմանն առանց մանրամասների` շեշտելով, որ այստեղ պետք է հաշվի առնել նաև Իրանի առաջարկները:
Շոյգուն ընդգծում է, որ Մոսկվայի և Անկարայի միջև այսօր շատ բարդ աշխատանք է ընթանում նաև Սիրիայում, Լիբիայում, և ռուս-թուրքական հարաբերություններին խանգարում է Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին` միևնույն ժամանակ ընդգծելով, թե այդ համագործակցությունն առանձնահատուկ է հենց այդ պատճառով և կարող է լավ օրինակ ծառայել, թե ինչպես են կարողանում ընդհանուր լեզու գտնել ՆԱՏՕ-ի անդամ պետությունն ու Ռուսաստանը։
Հիշեցնենք, որ երեկ ռուս-թուրքական հարաբերություններից խոսել են նաև Ռուսաստանի նախագահ մամուլի քարտուղարն ու Արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը։ Դմիտրի Պեսկովի խոսքով` ռուսներն ու թուրքերն ունեն տարաձայնություններ Սիրիայում, բայց նրանց հաջողվում է համագործակցել միմյանց հետ: Ավելի վաղ նույն Պեսկովը հայտարարել էր, թե Վլադիմիր Պուտինը բարձր է գնահատում Թուրքիայի նախագահին, քանի որ նա վստահելի քաղաքական գործիչ է: Իսկ Մարիա Զախարովան էլ երեկ հայտարարել է, թե ռուս-թուրքական սերտ համագործակցության հիմքում 1921 թվականի մարտի 16-ին կնքված մոսկովյան պայմանագիրն է, և որ Մոսկվան այսուհետ ևս մնալու է հավատարիմ այդ պայմանագրի ոգուն և սկզբունքներին։
Պաշտոնական Մոսկվան չնայած ռուս փորձագետների Թուրքիայի` Ռուսաստանի դեմ ուղղված քաղաքականության մասին ահազանգերին, թյուրքալեզու պետությունների միավորված զինված ուժեր ստեղծելու մասին մտադրության, համարում է, որ Մեծ Թուրանը միֆ է, և պետք չէ դրան լուրջ վերաբերվել: