Պաշտոնական Մոսկվան հայտարարում է, որ ինչպես անցած հարյուր տարիների ընթացքում, այնպես էլ ապագայում հետևելու է 1921 թվականի մարտի 16-ին կնքված ռուս-թուրքական պայմանագրի ոգուն և սկզբունքներին։
«Անցած հարյուր տարիների ընթացքում իր քաղաքական և պատմական արդիականությունը չկորցրած Մոսկվայի պայմանագրի ոգուն և սկզբունքներին հետևելը Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների հետագա զարգացման գրավականն է», - այսօր հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարի Զախարովան:
Մոսկվայում կնքված այս պայմանագրով բոլշևիկները Թուրքիային են հանձնել այն տարածքի մի մասը, որն ավելի վաղ մտնում էր Ռուսական կայսրության կազմի մեջ՝ Սուրմալուի գավառը՝ Արարատ լեռով, Կարսի մարզը և նախկին Բաթումիի մարզի հարավային մասը՝ Արդահանի և Արտվինի շրջանները։
Ռուս-թուրքական այս բարեկամությունը սկսվել էր այն բանից հետո, երբ Քեմալ Աթաթյուրքը, ում իշխանությունը Թուրքիայում և Թուրքիայից դուրս քչերն էին ճանաչում, նամակ էր գրել Վլադիմիր Լենինին և հավաստիացրել վերջինս, որ թուրք ժողովուրդն իր ղեկավարությամբ պայքարելու է իմպերիալիզմի դեմ: Պայմանագիրը կնքելուց մի քանի տարի անց Աթաթյուրքը արգելել էր Կոմունիստական կուսակցության գործունեությունը Թուրքիայում:
Այսօր Ռուսաստանում Թուրքիայի մասին խոսում են որպես բարեկամ, ռազմավարական գործընկերոջ մասին, չնայած բազմաթիվ տարաձայնությունների, ընդհուպ մինչև անուղղակի ռազմական հակամարտության երրորդ երկրների տարածքում, օրինակ, Սիրիայում և Լիբիայում։
«Մեր համագործակցությունն ունի խորապես գիտակցված բնույթ, հենվում է բարիդրացիության սկզբունքի, փոխադարձ հարգանքի և շահերի հաշվառման, համատեղ արդյունավետ աշխատանքի նպատակադրման վրա՝ հանուն Ռուսաստանի և Թուրքիայի ժողովուրդների բարեկեցության և բարգավաճման, հանուն խաղաղության, անվտանգության և կայունության տարածաշրջանում և ընդհանրապես Եվրոպայում», - ասված է Զախարովայի այսօրվա հայտարարությունում:
Մոսկվան նաև վերահաստատում է Թուրքիայի հետ բոլոր ուղղություններով կառուցողական փոխգործակցության ընդլայնումը:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն էլ այսօր հայտարարել է՝ թեև Ռուսաստանն ու Թուրքիան Սիրիայում ունեն տարաձայնություններ, սակայն փոխգործակցությունն այնտեղ շարունակվում է: Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Սիրիայում իրավիճակը բավականին բարդ է, այնտեղ մնում են ահաբեկիչներ, ինչը խանգարում է իրավիճակի կարգավորմանը: «Այդուամենայնիվ, ռուսների և թուրքերի փոխգործակցությունը շարունակվում է», -ասել է Պեսկովը:
Իսկ երեկ մոսկովյան պայմանագրին նվիրված մեծ ելույթ էր ունեցել Թուրքիայի խորհրդարանում այդ երկրում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը:
«Հայտնի է Խորհրդային Ռուսաստանի ներդրումը Թուրքիայի ժողովրդի անկախության համար մղվող պայքարում։ Անտանտի և նրա դաշնակիցների դեմ այս պատերազմում թուրքական զորքերի կողմից օգտագործված բոլոր փամփուշտների կեսից ավելին, յուրաքանչյուր չորրորդ հրացանը, յուրաքանչյուր չորրորդ զենքն ու յուրաքանչյուր երրորդ հրանոթը մատակարարվել են Խորհրդային Ռուսաստանից», - իր ելույթում երեկ ասել էր ռուսաստանցի դիվանագետը, հավելելով, թե երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները, որոնց հիմքը դրվել է 100 տարի առաջ, հատկապես կարևոր են մեր օրերում, երբ դրանցից մեծապես կախված է տարածաշրջանի անվտանգությունը:
Ի դեպ՝ Թուրքիայում Ռուսաստանի նախկին դեսպանին մի քանի տարի առաջ սպանել էին Թուրքիայի արդի արվեստի թանգարանում ելույթ ունենալու ժամանակ։
Հավելենք նաև՝ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պարբերաբար ընդգծում է, որ Վլադիմիր Պուտինը Ռեջեփ Թայիփ Էրդողանին համարում է վստահելի գործընկեր, խոսքի տեր մարդ։