Նախագահ Արմեն Սարգսյանը այսօր հանդիպել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Նարինե Դիլբարյանի և կուսակցության խոսնակ Ռշտուն Մարտիրոսյանի հետ։ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչությունը հայտնում է, որ հանդիպումը կայացել է խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ նախաձեռնած քննարկումների շրջանակում:
Հանդիպմանը քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը, այն հանգուցալուծելու և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները:
Նարինե Դիլբարյանը ներկայացրել է իրենց մոտեցումներն ու առաջարկությունները՝ նշելով, որ «ժառանգությունը» ճգնաժամի հանգուցալուծման համար կարևորում է մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն արհեստավարժների անցումային կառավարության ձևավորումը և սահմանադրական փոփոխությունների, նոր ընտրական օրենսգրքի ընդունման խնդիրները, ինչպես նաև ընդգծել է Հանրապետության նախագահի ինստիտուտի դերը՝ որպես փոխըմբռնման ու երկխոսության հարթակ: