Այս շաբաթ լրացուցիչ բժշկական կենտրոններ կվերապրոֆիլավորվեն՝ կորոնավիրուսով հիվանդներին սպասարկելու համար

Մեկ տարի առաջ կորոնավիրուսի պատճառով կարանտինային ռեժիմով ապրող Հայաստանը դեռևս չի թոթափում վիրուսի ծանրությունը, ավելին՝ մասնագետները համաճարակի երրորդ ալիքի մասին են ահազանգում։

2020-ի մարտի 1-ին կորոնավիրուսի առաջին դեպքն արձանագրած Հայաստանում անցած գարնանը փողոցները կիսադատարկ էին, հանդիպող մարդիկ էլ մեծամասամբ պաշտպանական միջոցներով, մինչդեռ այսօր հակառակն է։ Դիմակ քչերն են կրում։ Անցած տարվա սահմանափակումներն էլ գրեթե վերացված են՝ տևական արգելքից հետո այժմ թույլատրվում են հանրային միջոցառումները։ Մասնագետները, սակայն, շաբաթներ շարունակ ահազանգում են՝ հակահամաճարակային միջոցներ չկիրառելը կհանգեցնի նոր դեպքերի կտրուկ աճի։

Վերջին շաբաթներին կորոնավիրուսի դեպքերը կտրուկ ավելացան՝ երեկ, օրինակ, արձանագրվել է ևս 585 դեպք, գրանցվել է մահվան ևս 12 դեպք։ Այս շրջանում թեստերի մինչև 30-35 տոկոսը դրական է լինում։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր հայտնեց, որ այս շաբաթ լրացուցիչ բժշկական կենտրոններ կվերապրոֆիլավորվեն։

«Միքայելյան կենտրոնն է անցած շաբաթվա վերջում միացել, «Սուրբ Աստվածամայրը» լրացուցիչ բաժանմունք է երեկվանից ծավալել, և մենք հնարավորություն ունենք մոտ 2500 մահճակալ ծավալելու, ապահովելու: Անցած տարի մենք բավական մեծ ներդրում ենք իրականացրել և ստեղծել ենք այդ կարողությունները թթվածնային ապահովման հետ կապված, բավական մեծ աշխատանքներ են արվել հավելյալ կայանների մոնտաժման, ապահովման գործում», - նշեց Ավանեսյանը:

44-օրյա պատերազմի ընթացքում ևս իրավիճակը սրվել էր, պատերազմի ավարտից հետո կորոնավիրուսի տարածման պատկերը մեղմվել էր, և շատ հիվանդանոցներ անցել էին սովորական ռեժիմի։ Այս պահին Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության սպասարկման 10 բժշկական կենտրոն է գործում։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Գայանե Սահակյանի կանխատեսմամբ՝ առաջիկա 7 օրվա ընթացքում առնվազն 5000 դեպք կարձանագրվի։ Արդյոք հիվանդանոցները կկարողանա՞ն սպասարկել այդքան հիվանդի. առողջապահության նախարարն ասում է՝ գոնե այս պահին չկան հիվանդներ, որոնք բժշկական օգնություն ստանալու խնդիր ունեն։ Անահիտ Ավանեսյանը զգոնության կոչ է անում քաղաքացիներին։

«Նախորդ 10 օրվա ընթացքում բավական մեծացել է վերահսկողական մասը կանոնների պահպանման նկատմամբ և վստահ եմ՝ դուք էլ կնկատեք, որ վերջին շաբաթվա ընթացքում դիմակների կրման ռեժիմն ավելի լավ է պահպանվում: Հույս ունեմ, որ այս տեմպը պետք է շարունակվի, և այս միջոցները պետք է օգնեն մեզ զսպելի, կառավարելի վիճակում պահել», - ասաց նախարարը:

Թեև մասնագետները հաստատում են, որ Հայաստանում արդեն կորոնավիրուսի երրորդ ալիքն է սկսվել, նախարարը հայտնեց, որ այս պահին կարանտինային ռեժիմի խստացման և լրացուցիչ սահմանափակումներ մտցնելու անհրաժեշտություն չկա։ «Մեր քաղաքականությունը ուղղված է արդեն իսկ սահմանված սահմանափակումները ճիշտ կերպով իրագործելու, դրանք ամբողջ ծավալով անելու: Ունենք սահմանված ռեժիմ, որ այն դպրոցները, որտեղ, որ վարակման ցուցանիշները մեծանում են և մենք ունենք բռնկում տվյալ դպրոցում, կարանտինի որոշման ստեղծած գործիքակազմով իրենք անցնում են օնլայն ռեժիմի», - ներկայացրեց Ավանեսյանը:

Երևանի կենտրոնում հատուկենտ դիմակ կրող մարդու կհանդիպես։ Քիչ չեն նաև նրանք, որոնք դիմակը սխալ են կրում՝ քթից ներքև։ Դիմակ չկրող քաղաքացիները, մեծամասամբ, խուսափում էին պատասխանել մեր հարցերին։ Շատերն էլ ասում էին, որ դիմակը կրում են փակ տարածություններում։

Մայրաքաղաքի կենտրոնում մեր տեսախցիկը չարձանագրեց քաղաքացիներին ստուգող որևէ ոստիկանի, մինչդեռ ոստիկանությունից «Ազատությանը» հայտնեցին, որ ստուգումները շարունակվում են։