Նախագահի հետ հանդիպումներից հետո «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան»-ը հնարավոր են համարում համաձայնությունը արտահերթի շուրջ

Հայաստանի նախագահի և վարչապետի հանդիպումը, Երևան, 13-ը մարտի, 2021թ․

Նախագահ Արմեն Սարգսյանի հետ երեկվա բանակցություններից հետո իշխանությունն ու ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան»-ը հայտարարում են, որ հնարավոր է համաձայնության գալ արտահերթ ընտրությունների հարցով։

Ազգային ժողովի «Իմ քայլը» իշխող խմբակցության ներկայացուցիչ, Արտաքին հարաբերությունների խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի մարտի 14-ի թողարկման հյուրերն էին։

Ստորև՝ հատվածներ հարցազրույցներից․

«Իմ քայլը»-ի ներկայացուցիչը հուսով է՝ արտահերթ ընտրությունների վերաբերյալ կոնսենսուսը կկայանա

Ռուբեն Ռուբինյանը «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծականի» եթերում, արխիվ

Ռուբեն Ռուբինյան․ - Մենք առաջարկում ենք ունենալ կոնսենսուս քաղաքական ուժերի միջև և առաջին հերթին խորհրդարանական քաղաքական ուժերի միջև և գնալ արտահերթ ընտրությունների։ Մենք այս առաջարկը առաջին անգամ արել ենք նախորդ տարվա դեկտեմբերի վերջին, որից հետո տարբեր պատրվակներով երկու խորհրդարանական խմբակցությունները և արտախորհրդարանական ուժերի մի մասը մերժեցին այդ օրակարգը։ Մենք այդ առաջարկը վերահաստատել ենք և առավել ակտիվ կերպով ենք արել արդեն մարտի 1-ի հանրահավաքի ընթացքում, և սա է մեր օրակարգը։

Ընդհանուր առմամբ, վերջին շրջանում, կարծում եմ, որոշակի լավատեսություն այս առումով ներշնչում են երկու խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների, ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների արձագանքները, և ես հույս ունեմ, որ այդ կոնսենսուսը արտահերթ ընտրությունների վերաբերյալ կկայանա, և մենք կգնանք արտահերթ ընտռրությունների։ Եվ կարծում եմ՝ նախագահը կրկին դրական ազդեցություն է ունենում այս գործընթացի շրջանակներում։

«Ազատություն»․ - […] Դուք մի ձևով, ասենք, երկխոսում եք ԼՀԿ-ի հետ, ԲՀԿ-ի հետ, բայց առայժմ երկխոսության որևէ ազդանշան կամ որևէ հույս չկա, որ դուք կարող եք երբևէ երկխոսել «Հայրենիքի փրկության շարժման» հետ, որովհետև նրանք մի բան են պահանջում, այն է՝ Նիկոլ Փաշինյանի և Կառավարության հրաժարականը։

Ռուբինյան․ - Ձեր նշած ուժի կամ ուժերի խմբի հետ երկխոսելու հետ կապված՝ կհիշեք, որ հանրապետության նախագահը անցնող շաբաթ առաջարկել էր հանդիպում՝ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների, վարչապետի և Ձեր նշած ուժի ներկայացուցիչների միջև, Ձեր նշած ուժի ներկայացուցիչները այդ հանդիպումը մերժեցին։ Մեր ուժը այդ հանդիպման առաջարկը ընդունել էր, այսինքն՝ մենք բաց ենք երկխոսության համար, բայց մենք բաց ենք երկխոսության համար տրամաբանության շրջանակներում։

Այն տրամաբանությունը, ըստ որի՝ արտահերթ ընտրությունները կարող են կայանալ միայն այն դեպքում, եթե Նիկոլ Փաշինյանը չլինի վարչապետ այդ ընտրությունների կազմակերպման ընթացքում կամ նույնիսկ չմասնակցի ընտրություններին, քննադատությանը չի դիմանում, որովհետև, ի վերջո, սա քաղաքական գործունեություն է, սա քաղաքական պայքար է, սա պետություն է, այս ամենը չպիտի առաջնորդվի ինչ-որ մեկի քմահաճույքով։

Բայց միևնույն ժամանակ պիտի նշեմ, որ մեծ հաշվով կարևորը արտահերթ ընտրություններ կազմակերպելու համատեքստում, կամ ոչ թե կարևորը, այլ առաջնայինը, առավե՛լ կարևորը, խորհրդարանական ուժերի միջև ձևավորվող կոնսենսուսն է, և, կրկնում եմ, ես հույս ունեմ, որ այդ կոնսենսուսը կկայանա։

[…]

Կարծում եմ՝ իրավիճակից ելքը կամ իրավիճակից ելքի սկիզբը հետևյալն է՝ որ ձևավորվի կոնսենսուս արտահերթ ընտրությունների վերաբերյալ, ֆիքսվի, որ գնում ենք արտահերթ ընտրությունների, առաջին հերթին՝ խորհրդարանական խմբակցությունների միջև ֆիքսվի, և գնանք ընտրությունների։ Եվ թող ժողովուրդը որոշի, թե ով է դավաճան, ով դավաճան չէ, ով է լավ ղեկավար, ով լավ ղեկավար չէ, և ով պիտի ղեկավարի երկիրը և ինչ ճանապարհով պիտի տանի երկիրը, և ընդհանրապես՝ թե մենք ինչպես ենք որպես հանրություն, որպես ժողովուրդ, որպես պետություն տեսնում մեր ապագան և ինչ քայլեր ենք տեսնում այդ ապագայի կառուցման ճանապարհին։

«Լուսավոր Հայաստան»-ի ղեկավարը հուսով է, որ եկող շաբաթվա ընթացքում կլինի վերջնական համաձայնություն

Էդմոն Մարուքյանը «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծականի» եթերում, արխիվ

Էդմոն Մարուքյան․ - Գիտեք, որ նախագահը հրավիրել էր քաղաքական ուժերի ղեկավարներին «կլոր սեղան»-քննարկման, ինչը տեղի չունեցավ, ըստ էության, որովհետև երկու ուժեր չտվեցին համաձայնություն՝ նախապայմաններ կային, և նախագահը նախաձեռնել էր արդեն առանձին, տետ-ա-տետ հանդիպումներ, և կոնկրետ ես կարող եմ ասել, որ ես ներկայացրել եմ այդ հանդիպման ժամանակ հանրապետության նախագահին, թե մենք ինչպես ենք տեսնում այս իրավիճակի հանգուցալուծումը, ինչի մասին բազմիցս արդեեն խոսել ենք։

Գիտեք, որ երկիրը գտնվում է խորը հումանիտար, սոցիալական, տնտեսական, քաղաքական ճգնաժամի մեջ, այդ ճգնաժամը գնալով խորանում է, և մենք չենք կարողանում մեր անվտանգային խնդիրները լուծել, մեր բանակի վերականգնմանը, վերազինմանը, մեր սահմանների ամրացմանը՝ այդ գործին կպնել և ամբողջ ռեսուրսը, հանրային ռեսուրսը դրա վրա տրամադրել զուտ մի պատճառով՝ որ երկրում ճգնաժամ է, և որևէ մեկը որևէ մեկին չի լսում, թե ով ինչ է ուզում։ Եվ էս ճգնաժամի հանգուցալուծման իմաստով միակ ճանապարհը, որ մենք տեսնում ենք, դա արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով գիծ քաշելն է՝ տալ հնարավորություն, որ ժողովուրդը որոշի վերջին հաշվով, թե որ ուժը կամ որ ուժերը պետք է շարունակեն երկիրը ղեկավարել և այս ճգնաժամից հանել։

Եվ ես ներկայացրեցի իմ մոտեցումը, ես կարող եմ ասել, որ հանրապետության նախագահը ամբողջությամբ համաձայն է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները լուծում են տվյալ իրավիճակում, և ես կարծում եմ՝ դեռ այս քննարկումները շարունակական են լինելու, որովհետև նաև այլ ուժեր կհրավիրվեն, քննարկումներին կմասնակցեն։ Ես հույս ունեմ, որ գոնե մի քանի օրվա մեջ, կամ եկող շաբաթվա ընթացքում մենք ունենալու ենք վերջնական հանգուցալուծում, վերջնական համաձայնություն արտահերթ ընտրությունների կազմակերպման, ժամկետների, Ընտրական օրենսգրքի և այլ հարցերի վերաբերյալ, որը կապված է այդ ներքաղաքական խորը ճգնաժամից դուրս գալու հետ։

[…]

«Ազատություն»․ - Իսկ պարոն նախագահը ի՞նչ է մտածում, օրինակ՝ ինքն էլ ժամանակավոր կառավարության կողմնակից էր մի շրջան, հիմա ի՞նչ է ասում այդ մասին։

Մարուքյան․ - Հիմա ասում է, որ արտահերթ ընտրությունը միակ լուծումն է։ Ես կարող եմ փոխանցել, որ մեր քննարկման ժամանակ մենք համախոհություն ունեինք, որ արտահերթ ընտրությունները միակ լուծումն են այս պահին։

«Ազատություն»․ - Այսինքն՝ առանց ժամանակավոր կառավարության միանգամից արտահերթ ընտրություններ։

Մարուքյան․ - Այո, որովհետև եթե հիմա մենք ցրում ենք պառլամենտը, եղած կառավարությունը դառնում է ժամանակավոր կառավարություն։

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի մարտի 14-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․