Քաղաքական փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը չի կարծում, թե Հայաստանի նախագահի նախաձեռնած նախաձեռնած «կլոր սեղան»-քննարկումը Հայաստանում ներքաղաքական ճգնաժամի շուրջ տապալված է, որովհետև, բոլոր դեպքերում, նա անխուսափելի է համարում արտահերթ ընտրությունները։
Փորձագետը «Ազատության» հյուրն էր։ Ստորև՝ հատված հարցազրույցից․
«Ազատություն»․ - Փաստորեն, նախագահ Սարգսյանի նախաձեռնած «կլոր սեղան»-քննարկումը Հայաստանում ներքաղաքական ճգնաժամի շուրջ չստացվեց։ Օրեր առաջ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նշել էր, որ եթե անհապաղ չկայանա իշխանության և ընդդիմության միջև փոխզիջում, «Հայաստանն այլևս երբեք նորմալ և արժանապատիվ պետություն դառնալու հնարավորություն չի ունենա»։ Արդյո՞ք կարող ենք ասել, որ այսօրվա տապալված հանդիպման հնարավորությունը այս առումով շատ մեծ կորուստ էր։
Ռուբեն Մեհրաբյան․ - Տեսեք, այո, այսօրվա այդ հանդիպումն այն ձևով, որ ձևով որ նախատեսված էր, այո, տեղի չունեցավ, բայց, դրա հետ մեկտեղ, տեղի ունեցան հանդիպումներ, որոնց մասին մենք տեղեկացանք պաշտոնական հաղորդագրություններով, և, ըստ ամենայնի, այդտեղ խոսվել է երկրի հետագա ընթացքի մասին, և այնտեղ, այսպես, կարմիր թելով գնում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեման՝ որպես ճգնաժամից դուրս գալու եղանակ, ճանապարհ։
Ասել, որ տապալված է՝ ես չեմ կարծում, որովհետև, բոլոր դեպքերում, անխուսափելի եմ համարում արտահերթ ընտրությունները։ Հիմա ուղղակի պետք է այդ կանոնների մասին, եթե հնարավոր է, գան ինչ-որ պայմանավորվածությունների, բայց եթե չլինի, ուրեմն՝ գործող իշխանությունը, ինչպես շախմատում ասում են, պետք է խաղա սպիտակներով։
«Ազատություն»․ - «Բարգավաճ Հայաստան»-ը և «Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարում են, որ սեղանի շուրջ կնստեն միայն մի պայմանով՝ եթե քննարկեն, թե ինչպես է հեռանալու և որոնք են լինելու Փաշինյանի հեռացման քայլերը։ Դա եղավ պատճառը, որ այս հանդիպումը չկայացավ։
Մեհրաբյան․ - Գիտե՞ք ինչ, դա ուղղակի պատճառաբանություններ են, դա ասելիքի պակասով է պայմանավորված՝ քաղաքական բովանդակության իմաստով, և իրար հետ նույն սեղանի շուրջ չնստելը դեռ չի նշանակում, որ այնտեղ դաշտ չկա պայմանավորվելու։ Ի վերջո, ես էլի եմ ասում՝ համենայն դեպս, այսօր, բոլոր տվյալներով, իշխանությունը ունի անհասանելի մնացածի համար վարկանիշ հասարակության մեջ, նաև իշխանությունը իշխանություն է, դրանով է իշխանություն․․․
«Ազատություն»․ - Միևնույն ժամանակ, այդ վարկանիշը մեծ անկում է ապրել՝ վերջին հետազոտություններն են ցույց տվել։
Մեհրաբյան․ - Իհարկե, անվիճելիորեն, և հենց այս ճգնաժամն էլ դրանից է գալիս, որ մենք ունենք իշխանություն, ունենք ավելի մեծ զանգված, քան իշխանության վարկանիշն է, որը ընդհանրապես, այսպես ասենք, խնդիրներ ունի գործող քաղաքական սուբյեկտների հետ և վերակողմնորոշվելու, այսպես ասենք, կարիք ունի, կամ նույնիսկ սեփական քաղաքական պատկերացումները տեղ հասցնելու հնարավորության է սպասում, ըստ ամենայնի։ Հետևապես, այո, արտահերթ խորհրդարանական ընտրությունները դրանք օրվա հրամայական են, և այստեղ, իհարկե, իշխանությունն էլ նրանով է իշխանություն, որ այդ որոշումները իր կայացնելիքն է, և այդ որոշումները իրականացնելը նույնպես իրենց պատասխանատվությունն է, որը բխում է իրենց՝ այս պահին գործող մանդատից։
[...]
Փողոցի ընդդիմությունն, ըստ էության, ոչ թե այս ճգնաժամային գործընթացների շարժիչն է, այլ հետևանքն է ուղղակի, այսինքն՝ քանի մենք ունենք ճգնաժամ, մենք փողոցում տեսնելու ենք այն, ինչ տեսնում ենք։
Այստեղ, իհարկե, այս ճգնաժամի հիմքում պատերազմի հետևանքներ են, պատերազմի արդյունքներն են, և ներկայիս իշխանությունը, որը ունի լեգիտիմ մանդատ, այդ լեգիտիմ մանդատը ստացել է նախապատերազմական պայմաններում՝ այդ պայմաններից բխող օրակարգը սպասարկելու համար, հիմա այլ են պայմանները, որոնք թելադրում են այլ օրակարգ։ Եվ հետևապես՝ այդ օրակարգը սպասարկելու համար Հայաստանին պետք է նոր իշխանություն՝ նոր մանդատով։
[...]
Արտահերթ ընտրությունները դա լավագույն շանսն է, որպեսզի մենք կարողանանք հաղթահարել այս ճգնաժամը։ Եթե այլ հանգուցալուծման, այսպես, փորձ արվի, ապա դա երաշխիք է, որ մենք կունենանք անդունդ։
Չկա ուրիշ ճանապարհ։ Հայաստանը իրավունք չունի հրաժարվելու այն ժողովրդավարական նվաճումներից, որը մենք ունեցել ենք 2018 թվականի Թավշյա հեղափոխությամբ։ Սա հայ ժողովրդի նվաճումն է, և որևէ մեկը չպետք է իրավունք ունենա կամ իրեն իրավունք վերապահի ոտնձգություններ անելու դրա դեմ։ Իսկ դա պահպանելու համար և այդ մեկնակետից առաջ շարժվելու համար, այո, միանշանակորեն մենք կարիք ունենք արտահերթ ընտրությունների։
Հարցազրույցը կարող եք դիտել այստեղ․