Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրները բողոքի ակցիա իրականացրին Նախագահական նստավայրի դիմաց


Նախագահի և վարչապետի հանդիպմանը զուգահեռ ընդդիմադիր «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչներն այսօր հավաքվել էին Նախագահական նստավայրի դիմաց։

Վարչապետի հրաժարականը պահանջող ցուցարարները հայտարարում էին, որ ամոթի միջանցք են կազմելու, որպեսզի Փաշինյանը դրա միջով անցնի։ Այդուհանդերձ, դեպի Նախագահական նստավայր տանող մուտքը հարակից երկու խաչմերուկներից փակ էր ոստիկանական պատով։ Ըստ ցուցարարների՝ վարչապետը Նախագահական նստավայր է մուտք գործել հետնամուտքից։

«Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանի խոսքով, այն, որ իրենց հավաքները դրդում են մեծաքանակ ոստիկանական ուժեր կենտրոնացնել, վկայում է իրենց հաջողության մասին. «Երկու, երեք, չորս հազար ոստիկաններ, եթե կարողանում են ինչ-որ գետնանցումներով, պատերի տակով, հատուկ մուտքերով տեղ հասցնել իրեն ինչ-որ մի շենք, լավ է չգնա, քան էդ կարգավիճակով գնա՝ ի պատվի մեր քաղաքացիների, իրենք հետևողական մեկ հայտարարությամբ հավաքվում են և իրենց պահանջը պնդում են: Սա խոսում է այս իրավիճակի ու պահանջի կարևորության մասին»:

Մինչև նախագահական նստավայրի մոտ հավաքվելը ընդդիմադիրներն այսօր բողոքի ցույց էին իրականացնում Արտաքին գործերի նախարարության դիմաց։ Այնտեղ իրենց տեղեկություններով պետք է ժամաներ վարչապետ Փաշինյանը։ Արդեն առավոտից ԱԳՆ շենքը շրջապատված էր մեծաքանակ ոստիկանական ուժերով։ Ի տարբերություն իրավապահների՝ ցուցարարները փոքրաթիվ էին։ ՀՀԿ երիտթևի ղեկավար Հայկ Մամիջանյանի խոսքով՝ հենց այդպես էր նախատեսված։

«Սա փոքր ակցիա է և «Հայրենիքի փրկության շարժումը», ընդդիմադիր կուսակցությունները հաջողել են բողոքի ակցիաներ անել՝ նաև մի քանի հոգանոց: Այն հազվագյուտ հարցերից մեկն է, որտեղ համակարծիք են Հայաստանի բոլոր չորս նախագահները, երկու կաթողիկոսները, բուհեր, Գիտությունների ազգային ակադեմիան, Զինված ուժեի գլխավոր շտաբը, Զինված ուժերի զորամիավորումները և բազմաթիվ այլ կազմակերպություններ և ամենակարևորը՝ քաղաքացիներ, դրանից հետո եզրակացություն անել, թե երբ կբարեհաճի այդ սոսնձված մարդն իրեն հեռացնի այդ աթոռից, շատ դժվար է, բայց որ քիչ է մնացել ու հաղթանակը մոտ է, ցուցիչը դրա այս ամենն է: Այն վախը, որով ինքը վերաբերում է «Հայրենիքի փրկության շարժմանը», - հայտարարեց ընդդիմադիր Հայկ Մամիջանյանը:

Նախարարության տանիքին, եռագույնի կողքին նաև դիպուկահարներն էին տեղավորվել, ովքեր պարբերաբար հայտնվում էին թե՛ ցուցարարների, թե՛ «Հայրենիքի փրկության շարժման»՝ ելույթ ունեցող անդամների ուշադրության կենտրոնում։

«Արձանագրեմ նաև որպես իրավաբան, այն, ինչ հիմա այս դիպուկահարներն անում են, օրենքի կոպտագույն խախտում է, կոպտագույն, վաղ թե ուշ իրենք պատասխան են տալու: Պատասխան են տալու թե՛ իրենց հրահանգ տվողները, թե՛ կատարողները: Կրակող մարդը կկրակեր Արցախում, կկրակեր թուրքին, այլ ոչ թե իր ժողովրդի ներկայացուցիչներին», - ասաց ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը:

Մարտի 2-ին, երբ Հայաստանում նշվում էր դիվանագետի օրը, վարչապետը չէր այցելել դիվանագիտական գերատեսչություն, փոխարենը եկավ մարտի 13-ին՝ շաբաթ օրով ու ծածուկ՝ իր ելույթում հայտարարեց դաշնակցական Գեղամ Մանուկյանը։

«Եղավ 1-2 հայտարարություն, որ 12:30 Նիկոլը գալու է Արտգործնախարարություն, արդյունքը՝ մարզերից բերվեցին հազարավոր ոստիկաններ, նայեք այն թանկարժեք ավտոբուսներին, հազարավոր ոստիկաններ, երկրի բյուջեից միլիոններ ծախսելով բերվեցին, փակել են կենտրոնը, ողջ Երևանի կենտրոնը, ինչ է թե պաշտպանեն հողատուին», - հայտարարեց Մանուկյանը:

Ավելի ուշ ցուցարարները հայտարարեցին, որ վարչապետը նախատեսվածից մեկ ժամ շուտ է եկել նախարարություն։ ԱԳՆ-ից այս տեղեկությունը չմեկնաբանեցին։ Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել նախարարության ղեկավար կազմի հետ, հանդիպման այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն՝ տեղեկացրեցին Արտաքին գործերի նախարարությունից։

Ուշագրավ է, որ վարչապետի այցը Արտգործնախարարություն հաջորդեց արտգործնախարար Արա Այվազյանի երեկվա հայտարարությանը, որով նա, ըստ էության, վարչապետի դիրքորոշմանը հակասող տեսակետ էր արտահայտել։ Այվազյանը «Ալ Արաբիա» լրատվական գործակալության հետ հարցազրույցում անդրադառնալով Գլխավոր շտաբի պետի և մի շարք այլ զինվորականների կողմից վարչապետին ներկայացված հրաժարականի պահանջին ասել էր, որ դա հեղաշրջման փորձ չէր, այլ քաղաքական հայտարարություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG