Վարչական դատարանը վարույթ է ընդունել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի դիմումը։
Հիշեցնենք՝ Խաչատրյանը դիմել էր վարչական դատարան` իրեն պաշտոնից ազատելու մասին Հանրապետության նախագահի հրամանագիրը անվավեր ճանաչելու պահանջով։
Նախնական դատական նիստը, ըստ «Դատալեքս»-ի տեղի կունենա ապրիլի 29-ին՝ ժամը 11:00-ին:
Նախագահի՝ փետրվարի 24-ի հրամանագրով Տիրան Խաչատրյանն ազատվեց պաշտոնից։ Նախագահը հիմք էր ընդունել վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը: Խաչատրյանի պաշտոնանկությունը, փաստորեն, Հայաստանում քաղաքական սուր ճգնաժամի առիթ դարձավ․ ընդամենը հաջորդ օրը, հայտարարությամբ հանդես եկան Գլխավոր շտաբի շուրջ չորս տասնյակ բարձրաստիճան զինվորականներ՝ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ` պահանջելով վարչապետի ու կառավարության հրաժարականը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գլխավոր շտաբի հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ որակեց՝ նախագահին առաջարկելով պաշտոնանկ անել նաև Օնիկ Գասպարյանին։