Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը iLur.am կայքում «Լևոն Տեր-Պետրոսյան. Արձանագրումներ պահի թելադրանքով» վերնագրված հրապարակման մեջ նշել է, թե իր համար լիովին հասկանալի է զինվորականության բարձրագույն հրամկազմի վրդովմունքը և բանակի դիրքորոշումը:
«Ինձ համար լիովին հասկանալի է զինվորականության բարձրագույն հրամկազմի վրդովմունքը և բանակի դիրքորոշումը՝ միջամտելու իր իրավասություններից դուրս գտնվող քաղաքական գործընթացներին, ինչի պատճառը ոչ այլ ինչն էր, եթե ոչ վարչապետի անզգույշ փորձը՝ իր կրած նվաստացուցիչ պարտության մեղքը բանակի վրա բարդելու», - նշել է առաջին նախագահը:
Տեր-Պետրոսյանը ողջունել է «զինվորականության զուսպ պահվածքը՝ որոշ ուժերի կողմից նրան հակասահմանադրական գործողությունների մղելու կոչերի և դրդումների նկատմաբ»: Նման պահվածքը ՀԱԿ ղեկավարը գնահատել է, որպես բանակի ղեկավարության պետական մտածողության օրինակելի դրսևորում և «երկիրը կործանարար ցնցումներից զերծ պահելու ազնիվ ձգտում, ինչն արժանի է մեր ողջ ժողովրդի անկեղծ երախտագիտությանը»:
«Միաժամանակ չափազանց վտանգավոր և դատապարտելի եմ համարում որոշ քաղաքական գործիչների անպատասխանատու հայտարարությունները՝ ռազմական հեղաշրջումը որպես պետության առողջացման դրական միջոց ներկայացնելու՝ դա հիմնավորելով որոշ երկրներում արձանագրված հաջող օրինակներով (Հարավային Կորեա, Եգիպտոս): Այդպիսի օրինակներ, անշուշտ, կան, բայց տասնապատիկ ավելի շատ են այն դեպքերը, երբ հեղաշրջումները, դառնալով պարբերական, բառիս բուն իմաստով հանգեցրել են պետականության ոչնչացման և ժողովուրդների տևական տառապանքների (Աֆղանստան, Սուդան, Նիկարագուա, Հաիթի, Դոմինիկյան Հանրապետություն, Լիբիա, Սոմալի, Եմեն, Իրաք, Սիրիա, Լիբանան, Նիկարագուա և այլն)», - ընդգծել է Լևոն Տոր-Պետրոսյանը:
Հայաստանի առաջին նախագահն ընդգծել է, որ ողջ հայության պարտքն է՝ առաջնորդվել բացառապես այս գիտակցությամբ և անել ամեն ինչ, որպեսզի Հայաստանը չլրացնի հիշյալ պետությունների շարքը:
Հիշեցնենք՝ փետրվարի 25-ին, երբ առավոտյան հրապարակվեց Զինված ուժերի անունից Գլխավոր շտաբի հայտարարությունը՝ վարչապետի և Կառավարության հրաժարականի պահանջով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Արմեն Սարգսյանին ներկայացրեց ԳՇ պետին պաշտոնից ազատելու առաջարկությունը: Վարչապետն այդ հայտարարությունը «ռազմական հեղաշրջման փորձ» որակեց։
Նախագահը փետրվարի 27-ին առարկություններով վերադարձրեց հրամանագրի նախագիծը, սակայն նույն օրը վարչապետը կրկին ուղարկեց իր միջնորդությունը։
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 2-ին հայտարարեց, որ որոշել է չստորագրել ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը և առանձին դիմումով դիմելու է Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով։