Գլխավոր շտաբի պետի տեղակալը մեղադրվում է անփութության համար, հայտնում է պաշտպանը

Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով Գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը մեղադրվում է անփութության համար։ «Ազատությանը» տեղեկացրեց վերջինիս պաշտպան Ամրամ Մակինյանը՝ չնշելով, սակայն, թե մասնավորապես քրեական օրենսգրքի որ հոդվածի հատկանիշներով է մեղադրվում իր պաշտպանյալը՝ մատնանշելով նախաքննության հանգամանքը։

Ըստ Մակինյանի՝ նախաքննական մարմինը Մակարյանի խափանման միջոց է ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին։

«Երեք պատերազմում մարտական գործողությունների փայլուն ճանապարհ անցած մարդուն մեղադրում են, տվյալ դեպքում անփույթ վարվելու մեջ, անփույթ եղանակով պլանավորում իրականացնելու մեջ, մարդիկ, որոնք մարտական գործողություններ կատարելու, պլանավորելու կամ անցկացնելու բացարձակապես փորձ չունեն։ Այս մեղադրանքը ոչ միայն իրավական առումով, այլ նաև փաստական առումով անհեթեթ է, և մյուս կողմից վիրավորող՝ նման անցյալ ունեցող բարձրաստիճան գեներալին», - ասաց Մակինյանը։

Նկատենք, որ քրեական օրենսգրքում անփութությանը 315-րդ հոդվածն է առնչվում (Պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իր պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել անձանց կամ կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին: 315.2-ով սահմանվում է` նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով):

Ամրամ Մակինյանն այսօր հայտնեց՝ իր պաշտպանյալը չի ընդունում մեղադրանքը։ Իսկ ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող լուրերին, թե քրեական գործը կապ ունի 60 զինծառայողների անհետ կորչելու հետ, Մակինյանն այսպես արձագանքեց. «Պարոն Մակարյանին մեղսագրված արարքի և այն հետևանքների միջև, որոնք դուք նշեցիք, ընդհանրապես պատճառահետևանքային կապերը բացակայում են:

Պարոն Մակարյանին վերագրված մեղադրանքը շատ վտանգավոր մեղադրանք է բանակի համար նաև այն առումով, որ որևէ հրամանատար այլևս իր վրա պատասխանատվություն չվերցնի մարտի պարագայում ինքնուրույն հրամաններ արձակելու։ Սա բանակի հիմքերը խարխլող մեղադրանք է»:

Հիշեցնենք նաև, որ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը չէր միացել վարչապետի հրաժարականը պահանջող զինվորականների հայտարարությանը: Մակարյանից զատ, Օնիկ Գասպարյանին չի միացել նաև իր գործող չորս տեղակալներից ևս մեկը՝ Գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը։