Եթե Տավուշում պրոբլեմներ ի հայտ գան, ինչպես Սյունիքում, բարձրաձայնելու ենք, լուծումներ որոնենք. ՄԻՊ

«Ազատության» զրուցակիցն է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նա անդրադառնում է Տավուշի մարզի վերաբերյալ շաբաթավերջին շրջանառվող լուրերը, թե մի քանի գյուղերում սահմանի երկայնքով չափագրումներ են արվում: Արման Թաթոյանը ներկայացնում է իր դիտարկումները Սյունիքում ապառազմականացված անվտանգության գոտի ստեղծելու մասին ևս:

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

Արման Թաթոյան - Տավուշի հետ կապված մենք այն պահից սկսած, երբ ինֆորմացիա հրապարակվեց, որ ինչ-որ իրադարձություններ են տեղի ունենում` սահմանների հետ կապված, մեր աշխատակազմին միանգամից հանձնարարված է, և անընդհատ կապի մեջ ենք, մոնիթորինգ ենք անում, անընդհատ ուսումնասիրվում է, մեր ուշադրության ներքո են, ամենօրյա սկզբունքով մեր քննարկումները: Դեռ հրապարակային հայտարարությամբ ես հանդես չեմ եկել, որովհետև դեռ ուշադրությամբ հետևում ենք:

Այստեղ ես տեսել եմ, որ պետական մարմինները նաև և հերքել են, բայց նաև քաղաքացիների կողմից կան հարցեր բարձրաձայնվող: Մենք ինքներս մեր ինֆորմացիան ունենք: Այստեղ մեկ բան կարող եմ ասել` ես ընդառաջ գնահատական չեմ տալիս, բայց Սյունիքի փորձը ցույց տվեց, որ այստեղ պետք է ճիշտ հաղորդակցություն տանել: Սյունիքում ինչո՞ւ խնդիրներ առաջացան, որովհետև այնտեղ իրական վիճակը կար, բայց մարդկանց տեղեկություն չէր տրամադրվում: Դրա համար մինչև հիմա էլի անորոշության զգացումը, իհարկե, կա, թե ինչ է վաղը լինելու, ինչ է մյուս օրը: Եվ նույնն այստեղ է:

Պարտադիր չի հրապարակային անել, գիտեք, ես սա ուզում եմ հատուկ շեշտել, բայց պետք է մարդկանց հստակ, ճշգրիտ տեղեկություններ տրամադրել: Եվ գիտեք, այլևս այսքանից հետո այդ նորությունները, որ այսպես մի հատ սկանդալ, որ լինում է, կամ փորձ է արվում ներկայացնել, դրանք արժեք չեն ունենա էլ, որովհետև մարդիկ իրականում կիմանան` ինչ է կատարվում: Լավ, հերքենք, շատ լավ, հասկացանք, բայց ի վերջո այնտեղ մարդիկ կան, ինչ-որ լուսանկարներ են հրապարակում և այլն: Այդ դեպքում ճիշտ է գնալ, տեղերում մարդկանց հետ աշխատել, բացատրել: Եթե առաջիկայում այդ իրազեկման կամ մարդկանց հետ աշխատելու հանրային հաղորդակցությունը ճիշտ չընթանա, կարող են խնդիրներ առաջ գալ:

«Ազատություն» - Այնուամենայնիվ, Տավուշում դրա նախադրյալներ դեռ չկա՞ն:

Արման Թաթոյան - Ես չեմ կարող այդ հարցին հիմա պատասխանել, որովհետև մեզ մոտ դեռ քննարկման, ուսումնասիրության պրոցես է: Ես մի բան եմ զգուշացնում, որ կանխարգելիչ նպատակ պետք է ունենալ քաղաքականություն որպես, որ մարդկանց հետ տարվի հանրային ճիշտ հաղորդակցություն, և իհարկե, եթե լինեն մարդու իրավունքների խախտումներ, եթե պրոբլեմներ ի հայտ գան, ոնց որ եղավ Սյունիքում, ես բոլոր ռեսուրսներով միջամտելու եմ և ինձ վերապահված լիազորությունների սահմաններում այդ հարցերը, ինչպես որ Սյունիքում եղավ, բարձրացնելու ենք, լուծումներ որոնենք, այդ թվում` միջազգային հանրության ներգրավմամբ կամ նրանց դիմելով:

«Ազատություն» - Պարո՛ն Թաթոյան, Սյունիքին գալով` Դուք ապառազմականացված գոտի եք առաջարկում ստեղծել, որը չեզոք գոտու նման մի բան է:

Արման Թաթոյան - Դա հիմնված է կոնկրետ ապացույցների վրա, դա իրենից ենթադրում է ադրբեջանական զինված ծառայողների հեռանալ Սյունիքի մեր անմիջական գյուղերի մոտակայքում որ գտնվում են, հարևանությամբ և ճանապարհներին իրենց դրոշներով ու ցուցանակներով հանդերձ:

«Ազատություն» - Քանի՞ կիլոմետր շառավիղով:

Արման Թաթոյան - Մենք հաշվարկել ենք իրենց կողմից արձակվող կրակոցների մահացու հեռավորության հատվածը, նաև ավելացրել ենք դրան այն նվազագույնը, որն անհրաժեշտ է նաև արոտավայրերի հետ կապված մեր գյուղացիների իրավունքների պաշտպանության հետ կապված, որովհետև այստեղ ես հակիրճ ասեմ` նախ և առաջ մենք ունենք խորքային ատելություն Ադրբեջանի նախագահի կողմից տարածվող և շարունակվող, մենք ունենք, ապացույցներով հստակ ցույց եմ տվել ես, որ այն նույն բառերը, որ օգտագործում է այդ երկրի նախագահը, նույն բառերով տեսանյութերում խոշտանգվում ու անարգում են մեր քաղաքացիական անձանց, զինվորականներին, անարգում են մարմիններ, կտրում են մարմնի մասեր պատերազմի ժամանակ: Դրանից բացի, կրակոցները կան հիմա, այսինքն` նրանք հայտնվել են, դա էականորեն վտանգում է նաև մարդկանց անվտանգությունն ու կյանքը:

«Ազատություն» - Ի՞նչ ուղղությամբ են այդ կրակոցները: Կրակում են վախեցնելո՞ւ համար, թե՞:

Արման Թաթոյան - Կարևոր հարց է: Մի քանի անգամ, երբ ես, օրինակ, ապացույցը հրապարակեցի, պաշտոնական հայտարարություն եղավ, թե իրենք օդ են կրակում կամ անկանոն են կրակում: Դա ինձ համար ընդհանրապես ընդունելի հայտարարություն չի մարդու իրավունքների տեսանկյունից. ասենք` ի՞նչ է նշանակում` անկանոն են, կանոնավոր են, կամ էլ օդ են կրակում: Մեր գյուղացին պարտավո՞ր է մի հատ հաշվարկ անի, տեսնի` լավ, օդ էին կրակում, ուրեմն ես հանգիստ կարող եմ գնալ, հողս մշակել:

«Ազատություն» - Ինչո՞ւ պիտի հեռանան այդ տարածքից, եթե պաշտոնական Երևանը հաշվի է նստում այս նոր սահմանների հետ, թուղթն էլ ստորագրել է:

Արման Թաթոյան - Բայց ո՞վ ասաց` դա նրանց պաշտոնապես հաստատված սահմանն է: Ցույց տվեք որևէ տեղ, կա՞, մեր մեջ կա՞ դելիմիտացիա, դեմարկացիա: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը շատ ճիշտ հայտարարեց այս վերջերս, որ ոչ մի դեմարկացիայի, դելիմիտացիայի մասին խոսք չկա: