Պաշտպանության նախարարությունը հերքում է տեղեկությունը, թե Տավուշի գյուղերում խաղաղապահները և ադրբեջանցիները սահմանի երկայնքով չափագրումներ են անում:
«Սոցիալական ցանցերով և տարբեր ԶԼՄ-ներով տարածվող տեղեկությունը, թե Տավուշի մարզի մի քանի գյուղերի տարածքում «արդեն երկու օր է մոտ 500 ռուս խաղաղապահներ և ադրբեջանցիներ սահմանի երկայնքով չափագրումներ են անում», բացարձակ մտացածին է և չի համապատասխանում իրականությանը: Եվս մեկ անգամ հորդորում ենք ձեռնպահ մնալ չստուգված, առավել ևս կեղծ տեղեկատվություն տարածելուց», - ասված է պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ:
Նշենք, որ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարել էր, թե «ադրբեջանցի «խաղաղապահ» զինվորները չափագրումներ են կատարում Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում` նախկին Բարխուդարլիի մերձակայքում»:
Հայտարարությամբ է հանդես եկել նաև Տավուշի մարզպետարանը. «Ինչպես տեղեկացրել ենք բազմիցս` հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում սահմանների որոշման ոչ մի գործընթաց չկա և չի նախատեսվում»:
Մարզպետ Հայկ Չոբանյանն իր հերթին շեշտել է, որ Հայաստանի սահմանը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա Զինված ուժերի և սահմանապահ ժողովրդի կողմից լիարժեք պաշտպանվում է:
«Իսկ անմենաչնչին վտանգի դեպքում բոլորս մեկ մարդու նման լինելու ենք սահմանին։
Այս անբարո, անպատասխանատու գործողությունները համարում եմ անձնական վիրավորանք իմ և Տավուշի ժողովրդի հասցեին, անձնապես հետամուտ եմ լինելու, որպեսզի բոլորը առնվազն հրապարակայնորեն ներողություն խնդրեն։
Կեղծ և պառակտիչ հրապարակումները գնահատում ենք որպես հանցագործություն և հրավիրում իրավապահ մարմինների ուշադրությունը», - գրել է Չոբանյանն իր ֆեյսբուքյան էջում: