Սյունիքում պետք է ստեղծել 5-7 կիլոմետրանոց ապառազմականացված անվտանգության գոտի. առաջարկը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանինն է։ Ասում է՝ այդտեղ ապրող մարդկանց կյանքին սպառնացող իրական վտանգներ կան, որ առաջացել են հետպատերազմական սահմանային ճշտումներից հետո։
«Ապացույցների վրա հիմնված հաշվարկ է, հիմնված է այն զենատեսակներից, առավելապես կրակոցների վրա, որ արձակում են Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները և շարունակում են», - ասաց նա:
Խաղաղ բնակավայրերին մոտ տարածքներում, միջպետական մայրուղու վրա, հայկական երկու գյուղերն իրար միացնող ճանապարհներին զինված ադրբեջանցիներ են շրջում: Սա Թաթոյանը համարում է մարդկանց բնականոն կյանքի խաթարում: Անվտանգության գոտի ստեղծելու իր առաջարկն ուղղում է միջազգային կառույցներին ու համարում ամբողջությամբ հնարավոր. «Իրենք ոնց են այդտեղ հայտնվել, այդ նույն հաջողությամբ թող հետ գնան այդտեղից: Այդ մարդիկ իրավունք չունեն այնտեղ զենքով լինել, պետք է լինի ապառազմականացված գոտի»:
Վերջին ամիսների պարբերաբար ահազանգեր են ստացվում նաև կրակոցների մասին։ Հայկական գյուղերին մոտ տեղակայված դիրքերից ադրբեջանցիները պարբերաբար կրակում են դիպուկահար հրացաններից, գնդացիրներից:
Արման Թաթոյանը շեշտում է՝ սյունեցիների ֆիզիկական անվտանգությունը սպառնալիքի տակ է, քանի որ նրանք այն ադրբեջանցիների կողքին են, որոնք առաջնորդվում ու կրկնում են այդ երկրի նախագահի ատելության խոսքը հայերի նկատմամբ: Զանգեզուր, Երևան ու Սևան հասնելու նկրտումները. Մարդու իրավունքների պաշտպանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը բազմաթիվ օրինակներ ներկայացրեց Ադրբեջանի պաշտոնական բառապաշարից. «Հայաստանն արժեք չունեցող երկիր է: Դա իրականում գաղութ է, արտասահմանից ղեկավարվող տարածք, այն Ադրբեջանի հինավուրց հողերի վրա ստեղծված արհեստական պետություն է: Ադրբեջանական զինվորները հայերին վռնդում են շների պես: Մենք շարունակելու ենք վռնդել այդ սուտասաններին, նկատի ունի հայերին»:
Երկու ժողովուրդների խաղաղ գոյակցության մասին խոսել չի լինի, քանի դեռ ատելության խոսքն ու պատերազմի սպառնալիքն առկա է, քանի դեռ ադրբեջանցի զինվորները հայ գերիների են գլխատում, անարգում ու խոշտանգում, շեշտում է Թաթոյանը. «Այս պայմաններում դուք պատկերացնո՞ւմ եք խաղաղ գոյակցություն: Նաև ավելացրեք ընթացիկ հոգեկան տառապանքները, որ Ադրբեջանը մտադրված պատճառում է, գերիների վերադարձը, օրինակ, արհեստական ձգձգում է չէ՞: Ինչի՞ չգիտեն, որ իրենց տանեցիներին, մեզ պատճառում են հոգեկան տառապանքներ, դա խոշտանգման ձև է»:
Ըստ Արման Թաթոյանի՝ մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կառուցները պատերազմի ժամանակ իրենց պասիվությամբ նպաստել են, որ մարդու իրավունքների խախտումներն ավելանան: Այժմ նա ակնկալում է, որ նույն կառույցները, որ բազմաթիվ կոնվենցիաներ ու ուղեցույցներ են գրել սահմանի որոշման ժամանակ մարդու իրավունքների գերակայության վերաբերյալ, կարձագանքեն. «Սա սկզբունքորեն հակասում է այն ամենին, ինչ իրենք տարիներով ստեղծել են: Այդ ուղեցույցները, կոնվենցիաները, մարդու իրավունքների պահանջներն ամբողջությամբ ջուրն են լցնում այս ոլորտի, հետևաբար սա պետք է ստանա սկզբունքային լուծում»:
ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի` սահմանի որոշման վերաբերյալ ուղեցույցներում նշվում է, որ կադաստրային փաստաթղթերը սահմանագծի ճշգրտման հիմք կարող են դառնալ։ Թաթոյանը նկատում է՝ Սյունիքի դեպքում մարդկանց սեփականության իրավունքը խախտվեց կոպտորեն, մարդիկ հեռացան փաստաթղթերով իրենց պատկանող տներից, այգիներ, հողատարածքներ, արոտավայրեր կորցրին հեկտարներով. «Օրինական փաստաթղթերը ձեռքներին, բայց չեն կարողանում ֆիզիկապես օգտվել իրենց սեփականությունը հանդիսացող հողատարածքներից, որովհետև դրանք այսպես կոչված` «ադրբեջանական» են»:
Խնդիր է տեսնում նաև Սյունիքի բնակավայրերում ու ճանապարհների վրա տեղադրվող ադրբեջանական ցուցանակների, դրոշների հարցում: Ըստ Թաթոյանի` դրանք տեղադրելուց հետո այդ ցուցանակ-դրոշների մոտ ադրբեջանցիներ են հայտնվում` հսկելու դրանք։ Հարց է նաև այն, թե ինչ է լինելու, եթե այդ ճանապարհներին, որով հայերը, ադրբեջանցիներն են երթևեկում, մի վթար լինի, հատկապես որ օրինակ` հայկական կողմը միշտ հորդորում է Ադրբեջանին անցած հատվածներով երթևեկել արագ ու առանց կանգառի. «Լավ, ասենք թե մի հատ վթար եղավ, մի միջադեպ եղավ, մերոնց իրավունքների հարցն ի՞նչ է լինելու, ասենք արդյոք նշանակո՞ւմ է, որ տարածքային իրավազորությունը միջպետական, ասենք, Ադրբեջանի քննչական մարմինները պիտի գան, հարցաքննեն, հա՞: Ի՞նչ է լինելու սրա հետ»:
Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է՝ սահմաններ որոշեցին անթույլատրելի արագությամբ՝ պատերազմի սպառնալիքի ներքո, մեխանիկական մոտեցումներով: