Գագիկ Ծառուկյան-Նիկոլ Փաշինյան հանդիպում այսօր նախատեսված չէ

«Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպում այսօր նախատեսված չէ, հայտարարեց խմբակցության պատգամավոր և Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը:

Վարչապետն արտահերթ ընտրություններ անցկացնելու հնարավորության վերաբերյալ քննարկումների առաջարկ էր արել խորհրդարանական ընդդիմությանը: Պայմանը քաղաքական հուշագրի ստորագրումն է վարչապետի թեկնածու չառաջադրելու մասին:

«Լուսավոր Հայաստան»-ի ղեկավար Էդմոն Մարուքյանը համաձայնել էր, բայց իր պայմանն էր առաջ քաշել՝ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության որոշումից հրաժարվել: Մարուքյանը երեկ արդեն հանդիպել է Փաշինյանին ու թեև արտահերթ ընտրությունների հարցով համաձայնություն ձեռք չի բերվել, սակայն թեման փակված չէ, պայմանավորվել են կրկին բանակցել՝ «Բարգավաճ Հայաստան»-ի դիրքորոշումը պարզ դառնալուց հետո:

ԲՀԿ-ից այսօր հայտարարեցին, որ թե՛ այդ, թե՛ վարչապետի հետ հանդիպման հարցը պետք է քննարկվի կուսակցության քաղաքական խորհրդի նիստում: «Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նիստ նշանակված չէ, իսկ քանի որ այդ հանդիպումը պետք է տեղի ունենա քաղաքական խորհրդի նիստից հետո, տրամաբանորեն այսօր Գագիկ Ծառուկյան-Նիկոլ Փաշինյան հանդիպում նախատեսված չէ: Ինչ վերաբերում է Վազգեն Մանուկյանի թեկնածությանը կամ արտահերթ ընտրությունների գնալու պայմանների վերաբերյալ մեր դիրքորոշմանը, իմ գործընկերները արդեն շատ հստակ ասացին, որ բնականաբար քաղխորհրդի օրակարգում պետք է հենց այդ պայմանների շրջանակը քննարկման հարցը լինի», - ասաց Իվետա Տոնոյանը:

«Բարգավաճ Հայաստանը» վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող արտախորհրդարանական ուժերին միացած միակ խորհրդարանական ուժն է: «Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարել էր, որ արտահերթ ընտրություններ կարող են անցկացվել միայն վարչապետի հրաժարականից հետո, երբ ժամանակավոր վարչապետ դառնա Վազգեն Մանուկյանը և կազմակերպի արտահերթ ընտրություններ:

Արդյոք այս պայմանն ուժի մե՞ջ է, արտահերթի կգնան միայն վարչապետի հրաժարականի պայմաններում և դարձյալ Վազգեն Մանուկյա՞նն է իրենց վարչապետի թեկնածուն, այս ԲՀԿ-ական պատգամավորներն ասացին՝ իրադարձություններն արագ են զարգանում և փոխվում, կուսակցության մակարդակում դեռ չեն քննարկել, արտահերթ ընտրությունների անցկացումն իրենց օրակարգում է, բայց պայմաններն ու ժամկետները պետք է քննարկվեն, Վազգեն Մանուկյանի վերաբերյալ էլ՝ քանի նոր հայտարարության չի հնչել, ուժի մեջ է նախորդը:

«Քաղաքական դիրքորոշումը հստակեցվում է քաղխորհրդի նիստի ժամանակ, կուսակցության նախագահի գլխավորությամբ, բնականաբար», - նշեց Տոնոյանը:

«Լուսավոր Հայաստան»-ի ղեկավար Էդմոն Մարուքյանն ասում է՝ իրա առաջարկն Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությունը չեղարկելու վերաբերյալ ուժի մեջ է: Բանակին հանգիստ թողնել և գնալ արտահերթ ընտրությունների՝ այսպես է ձևակերպում Մարուքյանը օրակարգ բերած իրենց հարցն ու առաջարկում քաղաքական ուժերին միանալ դրան։ Ճգնաժամից լուծումներ գտնելու փորձերն ասում է՝ չի թողնի, անգամ եթե այս մեկն արդյունք չտա։

«Երեկ վարչապետի հետ այդ թեմայի շուրջ ունեցել ենք հանդիպում, որը գիտեք: Ես ուզում եմ ասել, որ «Լուսավոր Հայաստանը» շարունակելու է փնտրել լուծումներ՝ երկիրն այս վիճակից հանելու համար: Այս պահին, մեր կարծիքով, այդ լուծումն այն առաջարկությունն է, որը մենք արել ենք, մենք շարունակելու ենք դրա ուղղությամբ աշխատանքներ տանել, և ես այս հնարավորությունից ուզում եմ օգտվել և կոչ անել քաղաքական ուժերին միանալ այդ առաջարկությանը», - նշեց ԼՀԿ ղեկավարը:

Իսկ արդյոք արդիականությունը չի՞ կորցրել Օնիկ Գասպարյանի հետ կապված իր առաջարկը։ Մինչ Գլխավոր շտաբը 8 -օրյա ժամկետի մասին է հայտարարում՝ նշելով, որ Գասպարյանը շարունակում է պաշտոնավարել այդ ընթացքում, որոշ իրավաբաններ արդեն տեսակետ են հնչեցնում, որ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով այլևս Գլխավոր շտաբի պետ չէ։

«Հիմա իմ առաջարկն ուժի մեջ է, երբ որ առաջարկս կդառնա ոչ արդիական, ուրեմն ուրիշ բան պետք է մտածենք», - ասաց Մարուքյանը:

«Իմ քայլը» խմբակցությունից հայտարարում են՝ քաղաքական կոնսուլտացիաների առաջարկն արված է, սպասում են ԲՀԿ արձագանքին: Իսկ ի՞նչ փոխզիջումներ են հնարավոր և ի՞նչ կարմիր գծեր կան, որից այն կողմ իշխանությունը զիջման չի գնա, պատգամավոր Սուրեն Գրիգորյանը պատասխանեց. «Մենք չենք գնացել և չենք գնալու որևիցե լուծման, որը շրջանցում է ժողովրդին, և որը ենթադրում է, որ ժողովրդի կամքը ստորադասվում է ինչ-որ այլ առանձին քաղաքական ուժերի կամ այլ խմբերի կամքին և դիրքորոշմանը, սա միանշանակ կարմիր գիծ է»: