«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ջեյմի Ֆլայը հայտարարությամբ է հանդես եկել, որում իր անհանգստությունն է հայտնում Երևանում «Ազատության» լրագրողների նկատմամբ հարձակումների կապակցությամբ։
«Անհանգստացած եմ Երևանում փետրվարի 23-ի բողոքի ակցիաները լուսաբանող «Ազատության» լրագրողների նկատմամբ ֆիզիկական և բանավոր հարձակումներով», - հայտարարում է Ֆլայը՝ շեշտելով․ - «Մեր լրագրողները միայն ջանում են Հայաստանում մեր լսարանի համար հրատապ լրատվություն ապահովել»։
Նշելով, որ քաջալերված է Քննչական կոմիտեի կողմից քրեական գործի քննությամբ, որի արդյունքում կարող են մեղադրանքներ առաջադրվել «Ազատության» լրագրողների օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտած անձանց նկատմամբ, ռադիոկայանի նախագահը կոչ է անում Հայաստանի իրավապահներին ապահովել, որպեսզի բոլոր լրագրողները կարողանան կատարել իրենց աշխատանքը՝ առանց վախենալու հնարավոր վնասից։
«Ազատության» հայկական ծառայության լրագրող Արտակ Խուլյանը և օպերատոր Կարեն Չիլինգարյանը փետրվարի 23-ին ուղիղ եթերում ընդդիմության բողոքի ցույցը լուսաբանելիս հարձակման ենթարկվեցին մի խումբ ցուցարարների կողմից, որոնք հարվածեցին նրանց, վիրավորական արտահայտություններ արեցին և վնասեցին տեխնիկան։
Քննչական կոմիտեն մարտի 3-ին հաղորդեց, որ վարույթ է ընդունել փաստի կապակցությամբ Ոստիկանությունում Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի առաջին մասով՝ «լրագրողի օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը», հարուցված քրեական գործը։