Մատչելիության հղումներ

«Ազատության» նկարահանող խմբի վրա հարձակման պատճառներից մեկն այն է, որ ոչ ոք պատասխանատվություն չի կրում. իրավապաշտպաններ, լրագրողական ՀԿ-ներ


«Ազատության» նկարահանող խմբի վրա հարձակման պատճառներից մեկն այն է, որ ոչ ոք պատասխանատվություն չի կրում լրագրողների աշխատանքը խոչընդոտելու և նրանց նկատմամբ բռնություն կիրառելու համար, պնդում են իրավապաշտպաններն ու լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչները։

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժման» երթին մասնակցող մի խումբ քաղաքացիներ հերթական բողոքի ակցիայի ընթացքում հարձակվեցին «Ազատության» լրագրող Արտակ Խուլյանի և օպերատոր Կարեն Չիլինգարյանի վրա՝ ոտքերով հարվածելով ու սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելով:

«Վերջին ամիսներին ընդդիմադիրների հավաքների ընթացքում «Ազատությունը» պարբերաբար թիրախավորվել է, իսկ նոյեմբերի 10-ի զանգվածային անկարգություններ գիշերը մի քանի տասնյակ քաղաքացիներ, որոնց շարքերում նաև դաշնակցականներ կային, հարձակվել էին «Ազատության» գրասենյակի վրա։ Երեկ ավելի վաղ էլ ոստիկանական գործողության հետևանքով տուժել էր «Սպուտնիկ Արմենիա»-ի օպերատորը։ Այս շրջանում թիրախավորվել են նաև այլ լրատվամիջոցներ։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցն ահազանգում է՝ հարձակումները կարող են ավելի ծանր հետևանքներ ունենալ. «Սա շատ անհանգստացնող է, այսինքն կարող են բռնությունները ավարտվել շատ ավելի ծանր հետևանքներով»:

Կարապետյանցը «Ազատության» նկարահանող խմբի վրա հարձակման տրամաբանությունը չի հասկանում, ասում է՝ «Ազատությունն» ուղիղ եթերով լուսաբանում է նրանց, ուստի այդ գործողության նպատակն անհասկանալի է. «Քաղաքացին մեծամասամբ, չվիրավորելով որևէ մեկին, բայց չունի բավարար ինֆորմացիա այսպիսի եզրահանգման գալու համար: Այն գեներացիան, որը տեղի է ունենում ամբիոնից, այսպես կոչված, ընդդիմության կողմից, այն հռետորաբանությունը, այն վերաբերմունքը, այդ թվում նաև անձնավորելով առանձին մարդկանց, կառույցների, լրագրողական կայքերի և մնացածի, սա չէր կարող չբերել: Բայց սրա մյուս կողմն էլ կա, իշխանությունը ևս չի զլանում և նման ագրեսիվ անթույլատրելի դրսևորումներ է իրականացնում թեկուզ շատերի համար չսիրելի, չընդունելի կայքերի լրագրողների նկատմամբ»:

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ ղեկավար Ժաննա Ալեքսանյանը հիշեցնում է՝ 2016-ին ՊՊԾ գնդի գրավման օրերին ոստիկանները ուժ կիրառեցին լրագրողների նկատմամբ, ինչի հետևանքով շատերը տուժեցին, քրեական գործ հարուցվեց, սակայն հեղափոխությունից հետո այդ գործը կարճվեց։ Ալեքսանյանն ասում է՝ ինչու պիտի չշարունակվի այս ամենը, եթե գործող իշխանությունները հեշտ է տանում այսպիսի դեպքերը։

«Սա մի ընդունված բան է Հայաստանում՝ բռնությունը չպետք է պատժվի, անպատժելի է բռնությունը Հայաստանում, և այս իշխանությունը դա շատ հանգիստ է տանում: Մենք հիմա ամեն օր բռնության կոչեր ենք լսում, բռնության դեպքեր ենք լսում և պարզ է, որ լրագրողներն էլ պետք է թիրախավորվեն, իրավապաշտպաններն էլ են թիրախավորված, ոչ մի արձագանք իշխանության կողմից», - ասաց Ժաննա Ալեքսանյանը:

Ալեքսանյանը վստահ է՝ եթե նոյեմբերի 10-ին «Ազատության» գրասենյակի վրա հարձակվողները պատժվեին՝ երեկվա դեպքը տեղի չէր ունենա. «Ընդհանրապես դատախազությունն իր սեփական, անձնական մոտեցումներ ունի՝ երբ գործ հարուցի, նրանք լրիվ ազատ են, կամայական մոտեցում է, տեսնում ենք, թե ինչ վիճակում են գործերը: Սա է պատճառը, որ շարունակվում են բռնությունները»:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը նույնպես շեշտում է՝ որևէ մեկը երբևէ պատշաճ պատասխանատվություն չի կրել լրագրողների հանդեպ բռնության համար. «Վերջին 10 տարիներին մենք հպարտորեն ասում ենք, որ լավ է՝ փողոցում արդեն լրագրողների հետ հաշվեհարդարներ կարծես թե չեն տեսնում, այդ պրակտիկան տեղափոխվել էր դատարաններ, դժգոհ մարդը, դժգոհ քաղաքացին ուղղակի դատի էր տալիս լրագրողին և փորձում այդ իրավական մեխանիզմով իր խնդիրները լուծել լրատվամիջոցի կամ լրագրողների հետ: Հիմա, ցավոք, կարծես նորից ամեն ինչ տեղափոխվում է փողոց, ինչը իր խիստ բացասական ազդեցությունը կարող է ունենալ ընդհանրապես Հայաստանում մամուլի ազատության ստատուսի կարգավիճակի վրա»:

Դոյդոյանը խնդրահարույց է համարում նաև քաղաքական գործիչների կողմից լրագրողների հասցեին ուղղված մեղադրանքները, օրինակ, պնդումները, թե լրագրողները կաշառակեր են, միայն պատվերով են հոդված գրում։

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր «Ազատության» հարցին ի պատասխան ասաց, որ դեմ է լրագրողների նկատմամբ բռնություններին, սակայն ընդգծեց՝ չի հավատում, որ մեր նկարահանող խմբին հարվածել են առանց պատճառի։

«Ցանկացած բռնություն, այն էլ թղթակցի վրա, անկախ նրանից՝ այդ թղթակիցը կամ ընկերությունը ինձ դուր է գալիս, թե չէ, ես չեմ ընդունում», - նշեց Մանուկյանը:

«Ազատության» նկարահանող խմբի վրա հարձակումը այսօր երեկոյան դատապարտել են Հայաստանյան տասը լրագրողական կազմակերպություններ՝ ոստիկանությանից պահանջելով բացառել լրագրողների աշխատանքի ցանկացած խոչընդոտում, իսկ ակցիայի կազմակերպիչ քաղաքական ուժերից՝ հստակ ուղերձ հղել իրենց համակիրներին և հետևորդներին՝ լրատվամիջոցների նկատմամբ ագրեսիվության և անհանդուրժողականության անթույլատրելիության վերաբերյալ։

«Ազատության» դեմ հարձակումը դատապարտել է նաև Փարիզում տեղակայված «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը՝ կոչ անելով այս դեպքի վերաբերյալ թափանցիկ և անկախ քննություն անցկացնել։

Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին՝ երեկվա հարձակումն ուսումնասիրվում է։

XS
SM
MD
LG