Քննչական կոմիտեում վարույթ է ընդունվել «Ազատության» լրագրողի օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
ՔԿ-ն հաղորդում է, որ նախնական տվյալներով՝ փետրվարի 23-ին Երևան քաղաքի Թումանյան-Սայաթ-Նովա և Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկների հատվածում հավաքի մասնակից մի խումբ անձինք հարձակվել են «Ազատության» նկարահանող խմբի՝ օպերատորի և լրագրողի վրա, հարվածներ հասցրել նրանց, ինչպես նաև վնասել տեսախցիկը, որի հետևանքով վերջիններս չեն կարողացել լուսաբանել տեղի ունեցող իրադարձությունները, և այդ կերպ խոչընդոտվել է նրանց օրինական մասնագիտական գործունեությունը:
Դեպքի առթիվ Ոստիկանության Կենտրոնականի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) 1-ին մասով, որը մարտի 2-ին ուղարկվել է Քննչական կոմիտե:
Կատարվում է նախաքննություն: