Արտահերթ ընտրություններից խուսափելու տարբերակ չունենք. Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյան, արխիվ

Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից հստակ չեն հայտարարում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գագիկ Ծառուկյանին հրավիրել է արտահերթ ընտրությունների թեմայով քննարկման, թե ոչ: Պատգամավոր Արման Աբովյանն աշխատասենյակի դուռը փակեց՝ անպատասխան թողնելով մեր հարցերը:

Ծառուկյանի խոսնակ, պատգամավոր Իվետա Տոնոյանն էլ գործընկերոջ օրինակով շտապեց աշխատասենյակ՝ հրաժարվելով մեկնաբանություններից. «Ես տեղյակ չեմ»:

Հանրահավաքի հաջորդ օրը Փաշինյանը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին հրավիրել է հանդիպման՝ արտահերթ ընտրությունների օրակարգով: Ընդդիմադիր պատգամավորն ասաց՝ հավանաբար վարչապետի հետ վաղն է հանդիպելու. «Այսօր հարցուպատասխանի օր է, ծանր, զբաղված օր է, երևի թե, ենթադրում եմ, վաղը»:

Եթե ընտրություններն օր առաջ չկազմակերպվեն, երկրում ստեղծված լարվածությանը կհաջորդեն ցնցումը, կարծում է Մարուքյանը, շեշտում է, որ այս գործընթացը չպետք է ձգվի մինչև աշուն. «Բախումները ավելի են սրվելու, և ես չեմ ուզում ուղղակի նկարագրել, թե ինչ եմ ես պատկերացնում, որ կարող է լինել»:

Բաղրամյան պողոտայում Փաշինյանի հրաժարականի պահանջով շուրջօրյա պայքարին միացած Ծառուկյանն արդյոք վարչապետի հետ մեկ սեղանի շուրջ կքննարկի՞ ընտրությունների հարցը, «Բարգավաճ Հայաստանից» չեն արձագանքում այս հարցին: Փաշինյանի թիմակից, Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հուսով է, որ այս անգամ համաձայնության կգան, իրավիճակը հանգուցալուծում է պահանջում. «Ինչի՞ պիտի չհանդիպի, նենց չի, որ չի հանդիպել վարչապետի հետ կամ եթե իրոք լուծում են ուզում քաղաքական ուժերը, բնական է՝ պետք է բոլորն էլ հանդիպեն և այդ լուծումը գտնեն»:

Իշխող ուժը ընտրությունների էջը փակեց մեկ ամիս առաջ՝ հանրության և ընդդիմության շրջանում պահանջարկ չտեսնելու հիմնավորմամբ: Եվ ահա Գլխավոր շտաբի վարչապետի հրաժարականը պահանջելուց օրեր անց իշխանության ներկայացուցիչը պնդում է՝ անխուսափելի են արտահերթ ընտրությունները. «Իմ կարծիքով՝ մենք արտահերթ ընտրություններից խուսափելու տարբերակ չունենք, որովհետև դրանք առաջին հերթին պետք են հենց իշխանությանը»:

Փաշինյանը տարեվերջին էր հանդիպել խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին արտահերթ ընտրությունների օրակարգով։ Առաջարկել էր հուշագիր ստորագրել, որ իր հրաժարականի դեպքում վարչապետի թեկնածու չեն առաջադրի ու իշխող ուժի հետ երկու անգամ չեն ընտրի վարչապետ և Ազգային ժողովն օրենքի ուժով կլուծարվի։ Եթե վարչապետի այս պայմանն այսօր էլ չընդունեն ընդդիմադիրները, իշխանությունը արտահերթ ընտրությունների հանգուցալուծման ճանապարհով կգնա՞, թե կրկին կփակի այդ էջը։

«Ընտրությունները կարող են տեղի ունենալ միայն այն պարագայում, երբ որ բոլոր կողմերը, համենայն դեպս մեծ մասը, համաձայնության գան, ուստի մենք գնում ենք այդ ճանապարհով», - ընդգծեց Ալեն Սիմոնյանը:

ԲՀԿ-ական պատգամավոր Արթուր Գրիգորյանն առաջարկում է, որ վարչապետը հուշագիր պարտադրի ոչ թե ընդդիմադիրներին, այլ՝ իր թիմակիցներին։ Իշխող «Իմ քայլը» խմբակցությունը 83 ձայն ունի, եթե նրանք հուշագրով պարտավորվեն, որ չեն ընտրի այլ խմբակցությունների վարչապետի թեկնածուին, ապա այդ ձայները լիովին բավարար են ազգային ժողովը լուծարելու և արտահերթ ընտրությունների նշանակման համար։

«Իմ կարծիքով՝ իրենք կարող են հուշագիրը կնքել իրենց պատգամավորների հետ, որպեսզի այլ թեկնածուներ չլինեն և հանգիստ կարող են իրենց հարցը տանել առաջ», - ասաց Գրիգորյանը:

Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարները վարչապետի առաջարկած պայմաններով ընտրությունների օրակարգը տարեվերջին մերժել են։ Թե ի՞նչ կփոխվի ավելի լարված մթնոլորտում, Մարուքյանը մինչև վարչապետի հետ հանդիպումը դժվարանում է ասել։