Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքում անդրադարձավ մի շարք թեմաների: Նախ նա հայտարարեց, որ մնում է իր կարծիքին` Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը պետք է լքի այդ պաշտոնը: Ավելին ասաց` Գասպարյանը վարչապետի ու կառավարության հրաժարականը պահանջող հայտարարությունը ստորագրել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դրդմամբ:
Երկրի ղեկավարը նաև հրապարակայնորեն խոստացավ գնալ արտահերթ ընտրությունների առաջնահերթ խորհրդարանական խմբակցությունների համաձայնության դեպքում, ինչպես նաև խոսեց սահմանադրական փոփոխություններից:
Օնիկ Գասպարյանն իր հայտարարությունն արել է Սերժ Սարգսյանը դրդմամբ. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը շեշտեց, թե այն Գլխավոր շտաբի պետը, որը անում է քաղաքական հայտարարություններ, պետք է հեռանա. «Ընդ որում, այդ հայտարարությունն անում է Սերժ Սարգսյանի և նախորդ իշխանությունների` Հանրապետականների դրդմամբ, ովքեր ուզում են 2008 թվականի նման ժողովրդական կամքը խեղդել տանկերի թրթուրների տակ, ՀՀ-ն նման Գլխավոր շտաբի պետ չի կարող ունենալ:
Այս հանգամանքն ամենևին Զինված ուժերում վենդետաների հիմք չպետք է տա, փառք Աստծո, այս պահի դրությամբ, Զինված ուժերը և Օնիկ Գասպարյանը կարմիր գծեր չեն հատել, և ես ուզում եմ համոզմունք հայտնել, որ չեն էլ հատի, բայց անխուսափելիորեն, կրկնում եմ` Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա Գլխավոր շտաբի պետի պաշտոնից: Բայց ուզում եմ ասել նաև, որ Զինված ուժերում, այո, վենդետաներ չեն լինելու, որովհետև կապ չունի` ով է ստորագրել այդ թուղթը, ով չի ստորագրել, որոշումն այդ թուղթը սեղանին դնելու և այդ ստորագրությունների պրոցեսը սկսելու կայացրել է Օնիկ Գասպարյանը Սերժ Սարգսյանի դրդմամբ, ես չեմ ուզում ասել հրամանով:
Ես ուզում եմ ուղիղ ասել, այստեղ ուղիղ պիտի ասեմ, որ երբ որ իմ կողմից նշանակված Գլխավոր շտաբի պետը կատարում է մերժվածի հրամանները, այ դա ամենամեծ դավաճանությունն է, այ էտ ա դավաճանությունը, բայց էլի եմ ասում` թուղթը, եկեք ճիշտ հասկանանք, որը դրվել է սեղանին գեներալների ստորագրության համար, այդ թուղթը դրել է, և առնվազն այդ առաջարկը այլ գեներալների արել է Օնիկ Գասպարյանը, ստորագրելուց հետո այդ թուղթը հրապարակելու որոշումը նույնպես կայացրել է Օնիկ Գասպարյանը: Եվ ես էլի ասում եմ` Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա, մյուսները պետք է վերադառնան իրենց ծառայության»:
«Կիսանախագահական կառավարման համակարգի անցնելը հնարավոր տարբերակներից մեկը պետք է լինի»
Սահմանադրությունը, ըստ Նիկոլ Փաշինյանի, բազմաթիվ ճգնաժամային ռիսկեր է ստեղծում: Վարչապետը կարծում է` ժամանակն է արձանագրել, որ պիտի այն փոփոխել:
«Այս տարվա հոկտեմբեր ամսին համաժողովրդական հանրաքվեով ընդունենք նոր Սահմանադրություն կամ սահմանադրական փոփոխություններ, և ի վերջո կիսանախագահական կառավարման համակարգի անցնելը հնարավոր տարբերակներից մեկը պետք է լինի, և այս գործընթացը մենք պիտի իրականացնենք Ազգային ժողովի, կառավարության, հանրապետության նախագահի, քաղաքական ուժերի և քաղաքացիական հանրության հետ սերտ համագործակցության պայմաններում:
Իսկ մինչ դա կան հոդվածներ մեր Սահմանադրության մեջ, որոնց փոփոխումը չի ենթադրում համաժողովրդական հանրաքվե, և դա կարելի է փոխել Ազգային ժողովում տեղի ունենալիք քվեարկության միջոցով: Առաջիկա մեկ ամսվա ընթացքում մենք պետք է նույն ֆորմատներով` կառավարություն- Ազգային ժողով-հանրապետության նախագահ-քաղաքական ուժեր, աշխատենք լավարկելու համար այն հոդվածները, որոնք լավարկելու հնարավորություն կա Ազգային ժողովում տեղի ունեցած քվեարկությունների և խորհրդակցությունների արդյունքում: Սա մի աշխատանք է, որը պիտի անենք», - ասաց Փաշինյանը:
Խորհրդարանական ուժերի համաձայնության դեպքում իշխանությունը պատրաստ է գնալ ընտրությունների
Հանրահավաքի ընթացքում գործադիրի ղեկավարը հայտարարեց նաև` պատրաստ են գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, եթե առաջարկն ընդունվի խորհրդարանական ուժերի կողմից:
«Այսօր խորհրդարանական ուժերից մեկը ղեկավարը` Էդմոն Մարուքյանը հայտարարել է հետևյալը, ինքը ասել է հետևյալը, ես դա շատ կարևոր եմ համարում, որ մենք դեռ այն ժամանակվանից արտահերթ խորհրդարանական ընտրությունների առաջարկն արել ենք ընտրություններ չանելու համար: Այսինքն` դա եղել է ձևական առաջարկ, մենք սպասել ենք, որ իրենք մերժեն, իրենք էլ մերժել են, և մենք այսպես ասած` ի սկզբանե պլանավորված ձևով մերժել ենք խորհրդարանական ընտրությունների առաջարկը:
Ես հիմա ուզում եմ այստեղից կրկին պաշտոնապես ասել հետևյալը, որ եթե խորհրդարանական ուժերը, առաջին հերթին խորհրդարանական ուժերը կընդունեն մեր դեռևս հունվարին, դեկտեմբերի վերջին ձևակերպված առաջարկը, մենք ամենևին ձև չենք արել, մենք ասել ենք, մենք մեր խոսքի տերն ենք, և այո, այդ առաջարկը խորհրդարանական ուժերի կողմից ընդունվելու պարագայում մենք կհամաձայնենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների, որովհետև մենք համոզված ենք, որ մեր ժողովուրդը նույնկերպ իր ազատ կամարտահայտմամբ ի վիճակի է Հայաստանում հաստատել օրինական իշխանություն», - շեշտեց նա: