Բաղրամյան պողոտայում շարունակվում է վարչապետի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը:
Ընդդիմության հավաքին զուգահեռ Հանրապետության հրապարակում ընթանում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքը:
«Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչները ելույթների ընթացքում նշում էին, թե վարչապետի հրավիրած հանրահավաքին մասնակցելու համար վարչական ռեսուրս է կիրառվել: Շարժման ներկայացուցիչները նշեցին նաև, որ եթե արտահերթ ընտրություններ լինեն, ապա այդ դեպքում ևս կկիրառվի վարչական ռեսուրս՝ ակնարկելով, որ արդար ընտրություններ չեն լինի:
Հանրահավաքի ընթացքում ընդդիմադիրները անդրադարձան Զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությանը: Հիշեցնենք՝ անցած շաբաթավերջին Հայաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբը պահանջեց վարչապետի և կառավարության հրաժարականը, վարչապետ Փաշինյանն էլ այդ քայլը «ռազմական հեղաշրջման փորձ» որակեց:
Ելույթ ունեցան պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը: Նրանք ևս ընդգծեցին բանակի կողքին լինելու կարևորությունը:
«Այս հանրահավաքում մենք երեք Գլխավոր շտաբի նախկին պետ ենք՝ ես, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը և գերենալ-գնդապետ Մովսես Հակոբյանը: Մեզ համար մեծ պատիվ է գտնվել ժողովրդի կողքին, մեր գերագույն գլխավոր հրամանատարը դուք եք: Հայկական բանակի այս գործողությունները, որ ասում են՝ հեղաշրջում է, երկու հոգի են միայն խոսում դրա մասին՝ իրար հետ համագործակցված, մեկը Էրդողանն է, մյուսը՝ Նիկոլ Փաշինյանը: Նրանք երկուսով են ասել, որ սա հեղաշրջման փորձ է: Սա հեղաշրջման փորձ չէ: Բանակը մեր անվտանգության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության երաշխավորն է: Որպես լեգիտիմ կառույց ի՞նչ է բանակը պետք է կանգնի տեսնի, թե ինչպես են մաս-մաս հանձնում ադրբեջանցիների՞ն մեր հողը, ոչ, բանակը ճիշտ է արել», - նշեց պաշտպանության նախկին նախարարը:
Օհանյանը հավելեց, որ բանակի հրամանատարությանը վարչապետն իրավունք չունի ո՛չ պաշտոնից ազատելու, ո՛չ հետապնդելու: «Ճիշտ է, ասում են՝ բանակը պետք է չեզոքություն ցուցաբերի քաղաքական, իրենք քաղաքական չեզոքություն են ցուցաբերել, իրենք չեն խառնվում այս հանրահավաքներին, բայց իրենց տեսակետն են արտահայտում, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի իրավունք ունեն այդ տեսակետները արտահայտելու», - հայտարարեց Սեյրան Օհանյանը: