«Էս հակադրությունը, որը որ Փաշինյանը տանում է ընդդեմ բանակի, երկրում հղի է ցնցումներով, բախումներով․․․ ծանր հետևանքներով է հղի։ Ես առաջարկում եմ ելք այդ իրավիճակից» - ասաց Մարուքյանը։
Մարուքյանի նախապայմանն անընդունելի է, արձագանքում են իշխող «Իմ քայլը» խմբակցությունից։
Պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի համար տրամաբանականն այն է, որ Մարուքյանը ընտրություններին համաձայնի առանց պայմանների․ - «Այդպես չի կարող լինել։ Եվ դա, բնականաբար, չի կարող նախապայման լինել արտահերթ ընտրությունների համար»։
Մարուքյանը առաջարկում է, որ Փաշինյանը Տիրան Խաչատրյանին վերականգնի Գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնում։ Նրա պաշտոնակությանը հաջորդեց գլխավոր շտաբի հայտարարությունը։
Իսկ հուշագիրը, որն այս պայմանով խոստանում է ստորագրել Մարուքյանը, այն մասին է, որ Փաշինյանի հրաժարակնի դեպքում իր թեկնածությունը չի առաջադրի վարչապետի պաշտոնում․ - «Ցանկացած կոմպրոմիսի պատրաստ ենք։ Ցրե՛ք խորհրդարանը՝ գնանք ընտրության։ Դե գնացեք, Նիկոլ Փաշինյանին ասեք՝ Էդմոն Մարուքյանը ցանկացած կոմպրոմիսի պատրաստ է, ցրեք խորհրդարանը։ Ինչ ինքը ուզենա, պարտաստ եմ։ Ցրեք խորհրդարանը։ Ցանկացած հուշագիր ստորագրում եմ»։
Ընդդիմադիր պատգամավորը երկրում ստեղծված ծայրահեղ լարված իրավիճակի ելքը արտահերթ ընտրություններն է համարում։
Իշխանական պատգամավորը արտահերթ ընտրությունների թեմայով խորհրդակցությունները հնարավոր է համարում մի դեպքում․ - «Օնիկ Գասպարյանը կամ պիտի ինքը պաշտոնից ազատման դիմում գրի, կամ Հանրապետության նախագահը պիտի ստորագրի Օնիկ Գասպարյանի ազատման դիմումը։ Որից հետո սկսենք կոնսուլտացիաներ քաղաքական ուժերի հետ, այդ թվում արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ» (Ռուբեն Ռուբինյան)։
Արդյո՞ք սա չի նշանակում, որ նախապայմանը մերժող իշխանությունն էլ է գնում ընդդիմության ճանապարհով։ Ի վերջո իշխող ուժը կո՞ղմ է, որ ներքաղաքական շիկացած մթնոլորտը հանգուցալուծվի սահմանադրական՝ ընտրությունների ճանապարհով, թե՞ ոչ։
«Չի կարող ԳՇ պետի պաշտոնավարումը կամ չպաշտոնավարումը լինի քաղաքական բանակցությունների առարկա։ Դա չի կարող լինել գործոն քաղաքական ուժերի միջև բանակցություններում։ Որովհետև եթե դա դառնում է գործոն, դա նշանակում է, որ այդ քաղաքական ուժերը խոստովանում են, որ զինվորականությունը դարձել է քաղաքական գործոն Հայաստանում։ Կարծում եմ, դա ընդունելի է։ Նախապայմանն է (ոչ թե մեր նախապայմանը, այլ ընդհանրապես), համար մեկ նախապայմանն է, որը կհանգուցալուծի և կկայունացնի իրավիճակը։ Որից հետո, ես կարծում եմ, մենք արդեն իսկ մեկ անգամ ապացուցել ենք, որ մենք կարող ենք գնալ արտահերթ ընտրությունների», - նշեց Ռուբինյանը։
Իշխող ուժը փետրվարի սկզբին հայտարարեց արտահերթ ընտրությունների էջը փակելու մասին՝ փաստարկելով, թե ընդդիմության և հանրության շրջանում այդպիսի պահանջ չկա։ Որպեսզի Ազգային ժողովը լուծարվի, վարչապետը պետք է հրաժարական տար, և խորհրդարանը երկու անգամ չընտրեր վարչապետ։ Վարչապետին չհաջողվեց ընդդիմադիր խմբակցությունների համաձայնությունը ստանալ, որ թեկնածու չեն առաջադրրի, թեև նրանց ձայները բավարար չէին ընտրելու համար։
«Արտահերթ ընտրություն եթե իշխանությունը ուզում է անել, ա իր ձեռքում է, կարող է ամեն րոպե ցրի պառլամենտը», - ասում է Էդմոն Մարուքյանը։
Նա պնդում է, թե Փաշինյանն է տապալում ընտրությունների ճանապարհը տարբեր պատրվակներով, քանի որ գիտակցում է, որ այլևս չունի քաղաքացիների մեծամասնության աջակցությունը։
Ասում է, որ իրենք պատարստ են գնալ ցանկացած կոմպրոմիսի, միայն թե ընտրություններ նշանակվեն․ - «Նրանք բոլոր ամբիոններով ձեզ ներկայացնում են սուտ տեղեկատվություն։ Նրանք արտահերթ ընտրություններ չեն ուզում անել, որովհետև գիտեն, որ պարտվելու են այդ ընտրություններում»։
Ընդդիմադիր պատգամավորի պնդմամբ՝ պետությունն այսպիսի ծայրաստիճան լարվածության է հասցրել իշխանությունն իր խայտառակ քայլերով․ - «Ո՞վ հասցրեց սրան։ Բացառապես իշխանությունը՝ իր ամբարտավան, որևէ մեկին չլսող, խելոք մարդկանց իր կողքից վանող, խելոք մարդկանց իր կողքից հեռացնող քաղաքականությամբ, ամենօրյա ռեժիմով Հայաստանը խայտառակող հայտարարություններ անելով»։
Արդյո՞ք իշխանությունը չսրեց հետպատերազմական իրավիճակը երկրում՝ արտահերթ ընտրությունների էջը փակելով։ Գուցե ա՞յլ իրավիճակ կլիներ, եթե նոյեմբերյան հայտարարությունից հետո արտահերթ ընտրություններ նշանակեին։ Այս հարցերին Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց․ - «Եթե միայն իշխող ուժն է ուզում ընտրություններ, և ընդդիմությունը դեմ է ընտրություններին այս կամ այն պատճառով, կամ այս կամ այն պայմաններում, դա չի բերում քաղաքական հանգուցալուծման»։