Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի համոզմամբ՝ ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծումը կարող է լինի արտահերթ ընտրությունների մասին հայտարարությունը։
«Ազատության» հետ զրույցում Հարությունյանը նշեց՝ եթե արտահերթ ընտրությունների հնարավորությունն ուրվագծվի, ըստ էության, լիցաքաթափում տեղի կունենա։
Հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․
«Ազատություն»․ - Դուք զինվորականների հայտարարությունը համարո՞ւմ եք ռազմական հեղաշրջման փորձ։ Փողոց տանկեր չեն հանվել, բայց, ըստ Սահմանադրության, Զինված ուժերը քաղաքական հարցերում պետք է պահպանեն չեզոքություն։
Վարդան Հարությունյան․ - Չէ, իհարկե, ես դա չեմ համարում լուրջ, ակնհայտ զինվորական հեղաշրջման փորձ, բայց նաև կարծում եմ, որ զինվորականները չպետք է ներգրավվեն այս կարգի գործընթացների մեջ, որովհետև դա հղի է շատ լուջ վտանգներով։ Ըստ էության, այս լարվածության պատճառը պետք է գտնել իշխանությունների քայլերի մեջ, որովհետև իշխանությունները զինադադարի հաստատումից անմիջապես հետո, հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը, պետք է շատ արագ լուծումների գնային, իսկ ամենաարագ և ամենաճիշտ լուծումը գալիք արտահերթ ընտրությունների օր հայտարարելն էր։ Մի բան, որ իշխանությունները չարեցին և եղած լարվածությունը փորձեցին թաքցնել։ Այդ լարվածությունը բերեց և հանգեցրեց այս իրավիճակին, որը շատ ավելի վտանգավոր է, քան սրանից մի քանի օր առաջ եղած լարվածությունը, և գալիք զարգացումները կարող են է՛լ ավելի վտանգավոր լինեն։
«Ազատություն»․ - Ի՞նչ եք կանխատեսում, ի՞նչ կարող է լինել։
Վարդան Հարությունյան․ - Եթե արտահերթ ընտրությունների հնարավորությունն ուրվագծվի, այսինքն՝ եթե բոլոր կողմերը հասկանան, որ լինելու են արտահերթ ընտրություններ, Հայաստանում սկսվելու է մի քաղաքական գործընթաց, որին ներգրավվելու են ոչ միայն հրապարակում եղած ուժերից, իշխանությունից այլ նաև այլ ուժեր նույնպես կներգրավվեն ընտրապայքարի մեջ և, ըստ էության, լիցաքաթափում տեղի կունենա։ Դա շատ լավ կլինի, նորմալ զարգացում կլինի։ Իսկ, եթե հանկարծ աղոտ խոսակցություններ լինեն ընտրությունների մասին, ապա լարվածությունն է՛լ ավելի կուժեղանա։ Ես հույս ունեմ, վստահ եմ, որ ժողովուրդն իր մեջ բավականին ուժ կգտնի և չի գնա քաղաքացիական բախումների։ Երեկվա օրը ցույց տվեց, որ մենք կարողանում ենք մի ինչ-որ սահման չհատել։ Բայց անընդհատ չի կարելի հույսը դրա վրա դնել։ Իշխանությունները պետք է անեն առաջին քայլը։
«Ազատություն»․ - Միայն հրապարակում հավաքվածների կողմ կամ դեմ լինելով կարելի՞ է արտահերթի մասին որոշում կայացնել։ Երեկ Փաշինյանի այդ առաջարկին նրա համակիրները բացասաբար էին արձագանքում։ Դուք ի՞նչ եք կանխատեսում իշխանությունն արտահերթ անցկացնելու որոշում կկայացնի՞։
Վարդան Հարությունյան․ - Իշխանություններն իրենց գործողությունները պետք է պայմանավորեն ոչ թե 17-ի պահանջով կամ իրենց կողմնակիցնմերի այո կամ ոչ վարկարկումներով, այլ պետք է պայմանավորեն Հայաստանի Հանրապետության շահով՝ մեր վաղվա օրով։ Մենք որպես պետություն լինելո՞ւ ենք այս տարածաշրջանում, թե՞՝ ոչ։ Այսօր մենք կանգնած են ճամփաբաժանում, ինչպիսի՞ պետություն ենք լինելու և շատ ավելի կարևոր է՝ լինելո՞ւ ենք,՞՝ թե ոչ, ի՞նչ ապագա է մեզ սպասվում։ Դա կախված է մեր այսօրվա իշխանություններից՝ վատն են, լավն են, խաբել են, չեն խաբել, դա դառնում է երկրորդական։ Առաջնայինը հետևյալն է, որ հենց այսօր, նրանք են իշխանություն և նրանք պետք է անեն իրենց քայլը, իսկ այդ քայլը պետք է լինի արտահերթ ընտրությունների մասին հայտարարություն անելը։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ