Բողոքի ակցիայի մասնակիցները փորձեցին թույլ չտալ վարչապետի մուտքը Կառավարության 3-րդ մասնաշենք

Ոստիկանական պատնեշը Կառավարության 3--րդ մասնաշենքի մոտ

Հայրենիքի փրկության շարժման համակիրներն այսօր փորձեցին շրջափակել Կառավարության 3-րդ մասնաշենքը, մինչդեռ շենքին մոտենալու հնարավորություն անգամ չունեցան։ Տարածքն ամբողջությամբ շրջափակված էր մեծ թվով ոստիկանական ուժերով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանելու էր Շրջակա միջավայրի նախարարություն։

Գործադիրի ղեկավարը կառավարության ներկայացուցիչների հետ տարածք եկավ անարգել։ Դա սակայն բողոքի ակցիայի մասնակիցների կողմից անարձագանք չմնաց, ովքեր Փաշինյանին դիմավորեցին վիրավորական բացականչություններով։

Բողոքի ակցիան առանց միջադեպերի չանցավ։ Ոստիկանության տվյալներով, բերման ենթարկեց հինգ տասնյակից ավելի քաղաքացի։ Մինչդեռ ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտնեց, թե բերման ենթարկվածները 100-ից ավելի են, այդ թվում նաև իրենց քաղաքական թիմի ներկայացուցիչներ։

Մանուկյանի խոսքով, շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանին բերման ենթարկելու փորձ ևս կատարվել է, ինչի հետևանքով էլ վերջինս վնասվածք է ստացել․ - «Իշխան Սաղաթելյանին բերման չեն ենթարկել, թույլ չտվեցինք։ Բայց [ՀՅԴ Հայաստանի] Գերագույն մարմնի նախագահին են բերման ենթարկել, Երևանի քաղաքային կոմիտեի նախագահին, բազմաթիվ այլ քաղաքացիների, ուղղակի քաղաքացիների։ Հենց այստեղ, ձեր աչքի առաջ տեղի ունեցավ, որ մարդը բարձրախոսով ուղղակի վանկարկում ա, միանգամից մի քանի հոգով սևբերետավորները, ամենավայրենի ստորաբաժանումներից մեկն է, երևի իրանց պրեմիաները մի քիչ ավելի բարձր են, քան էս խեղճ ու կրակ մարզերից եկածների, ուղղակի բռնի ուժով մարդուն քարշ տվեցին դեպի ոստիկանական մեքենա»։

Ավելի ուշ Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերով հայտարարեց, թե իր հետ ամեն ինչ կարգին է և այդ հարցը շատ երկրորդական է։ Նա ասաց, որ իրենք կարևոր խնդիր ունեն՝ համակիրների հետ միասին իշխանությունից հեռացնել Նիկոլ Փաշինյանին։

«Իմ անունից, իմ ընկերների անունից, Հայաստանի արժանապատիվ քաղաքացիների անունից քեզ խոստանում եմ՝ դու օր ու արև չես տեսնելու, դու պարզապես պետք է հեռանաս իշխանությունից, որովհետև մենակ քո հեռացումով կարող ենք մենք փրկել մեր երկիրը», - Փաշինյանին դիմեց նա։

«Ազատության» հարցին, թե արդյոք ձախողված համարում է այսօրվա ակցիան, քանի որ չհաջողվեց շրջափակել կառավարական շենքը, Գեղամ Մանուկյանն արձագանքեց․ - «200 մետր քաղաքում քայլելու համար մի քանի հազար ոստիկան բերեն․․․ երեսիդ էլ ամեն անգամ շպպցնեն, որ դու դավաճան ես, դու հանգիստ կքայլե՞ս․․․ Որպես մարդ չես անի։ Դրանից հետո ինչի՞ մասին եք խոսում․․․ հաջողվեց, չհաջողվեց։ Հո ներկայացում չի, պրեմիերան հաջողվեց թե չհաջողվեց։ Մարդը 200 մետր չի կարողանում իր քաղաքում քայլել»։

Բողոքի ակցիան տևեց այնքան, մինչև վարչապետը դուրս եկավ կառավարության 3-րդ մասնաշենքից, որտեղ խորհրդակցություն էր անցկացրել Շրջակա միջավայրի նախարարությունում։ Ակցիայի մասնակիցները կրկին տարբեր վանկարկումներ հնչեցրին։

Ի դեպ, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ընդդիմադիրների վերջին հայտարարություններին իշխող ուժից Ալեն Սիմոնյանն է անդրադարձել․ - «Պարոն Մանուկյանը իր քաղաքական կարիերան ևս մեկ անգամ ավարտել է։ Ուղղակի հիմա իրեն չեն ասում դա, որ իրա տրամադրությունը չփչանա։ Թե՛ Վազգեն Մանուկյանը, թե՛ իրեն սատարող քաղաքական ուժերը գտնվում են ցայտնոտային իրավիճակի մեջ և չգիտեն ինչ անեն։ Ակնհայտ է դարձել, որ Վազգեն Մանուկյանը բալաստ է այսօր ընդդիմադիր ուժերի համար, և իրենք փորձում են ամեն կերպ տարանջատվել։ Օրինակ, վերջին հանրահավաքի ժամանակ ով ելույթ էր ունենում, նույնիսկ Վազգեն Մանուկյանը, բոլորը գոռում էին Ծառուկյան, Ծառուկյան։ Եվ չեմ ասում, որ իրանք իրարամերժ հայտարարություններ են անում և իրանց վրա չեն վերցնում պատասխանատվությունը պարոն Մանուկյանի ասածների հետ կապված»։