Մատչելիության հղումներ

Վարչապետն այցելել է Շրջակա միջավայրի նախարարություն


«Բնական պաշարների օգտագործումը պետք է լինի խելամիտ», Շրջակա միջավարի նախարարություն այցի ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության վարչությունը:

Վարչապետ Փաշինյանը անդրադարձել է ոլորտի կարևորությանը. «Շրջակա միջավայրի խնդիրները 21-րդ դարում դրված են ամենասուր կերպով, և պետք է ուղիղ ասել, որ մարդու, քաղաքակրթական ցանկացած գործունեություն, ինչ-որ իմաստով, հակաբնապահպանական երևույթ է: Ժամանակակակից քաղաքակրթության համաձայնությունն այն է, որ բնական պաշարների խելամիտ օգտագործումն անխուսափելի է, և այդ բնական պաշարների օգտագործումն իսկապես պետք է լինի խելամիտ, որպեսզի շրջակա միջավայրին հասցրած վնասների հետևանքները լինեն կառավարելի: Հետևաբար, Շրջակա միջավայրի նախարարության առաջնային առաքելությունը հենց այս ճշգրիտ բալանսին, հավասարակշռության կիրառմանը հետևելն է և դա ապահովելը»:

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է ոլորտի ընթացիկ բարեփոխումները: Դրանցից առաջնային կարևորություն ունեցողներից են Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանն ուղղված համալիր ծրագրերը, որոնց շրջանակում նախատեսվում է շենք-շինությունների ապամոնտաժում, շինաղբի հեռացում և ձկնապաշարների զարգացում:

Նախարարը նշել է, որ արդեն երկու շաբաթ է՝ մեկնարկել է 1903.5 մ նիշից ցածր ընկած հատվածում գտնվող շուրջ 1600 շենք-շինությունների, ապօրինի կիսակառույցների ապամոնտաժման և շինաղբի տեղափոխման գործընթացը: Ապամոնտաժվել է և տարածքից հեռացվել 3 տասնյակ քանդման ենթակա այդպիսի կառույց: Աշխատանքները շարունակվում են:

«Ամփոփվել է Սևանա լճում սիգի արդյունագործական պիլոտային ծրագրի առաջին փուլը: Դրա շրջանակում ակտիվ աշխատանք է տարվել ապօրինի ձկնորսությունը կանխելու ուղղությամբ, արձանագրվել է ձկնագողության դեպքերի 75-80 տոկոս կրճատում: 2020թ. սեպտեմբերից մինչ դեկտեմբերի 1՝ որսի արգելքի մեկնարկը, շուրջ 265 շահառու քվոտավորված և օրինական կերպով որսացել են մոտ 205 տ սիգ: Այսկերպ գործարարները հնարավորություն են ստացել նաև օրինական ճանապարհով արտահանում իրականացնել: Ծրագրի երկրորդ փուլով նախատեսվում է ապօրինի ձկնորսության դեպքերի կրճատման նշաձողի բարձրացում, գրեթե նույն քանակով քվոտավորում ձկնորսներին՝ որպես արդյունագործական ձկնորսության պաշար: Առաջիկայում կներկայացվի կառավարության որոշման նախագիծ՝ երկրորդ փուլը մեկնարկելու վերաբերյալ», - ներկայացրել է նախարարը:

Համաձայն հաղորդագրության, զեկուցվել է, որ 2021 թվականին արձանագրվել է Սևանա լճի ջրի մակարդակի վերջին 5 տարվա ամենաբարձր ցուցանիշը, և ընթացիկ իրավիճակն անցյալ տարվա համեմատ դրական դինամիկա է արձանագրել: Նիկոլ Փաշինյանը, Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման և ջրի մակարդակի բարձրացման համալիր ծրագրերի արդյունավետության առումով, կարևորել է հետևողական աշխատանքը և ինչպես առկա, այնպես էլ կանխատեսումների հիման վրա ձևավորվող տվյալների թվայնացումը:

Հաջորդիվ վարչապետին զեկուցվել է անտառպահպանման, անտառվերականգնման և անտառպաշտպանության ուղղությամբ իրականացվող ծրագրերի մասին: Այս համատեքստում ներկայացվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կատարած աշխատանքները: Նշվել է, որ ներկայում 2 անտառտնտեսությունում փորձնական տնտեսվարման ինքնաբավ մոդել է ներդրվում, որը ենթադրում է փայտանյութի, շինանյութի և անտառանյութի արդյունագործական-տնտեսական բաղադրիչի իրագործում բացառապես «Հայանտառ»-ի միջոցներով, այսինքն՝ ՊՈԱԿ-ն, իր բյուջեի հաշվին, հավելյալ աշխատուժի ներգրավմամբ, կիրականացնի փայտանյութի ողջ մթերումը: Նախարարի խոսքով՝ այս ոլորտում ստվերային մեծ շրջանառություն է վերհանվել, նաև կան հարուցված քրեական գործեր:

Ինչպես նաև ներկայացվել է, որ ոլորտում աշխատեղերի կրճատման, խնայողությունների և տնտեսվարման նոր մոդելի կիրարկման արդյունքում այս տարվա մարտի 1-ից նախատեսվում է «Հայանտառ»-ի շուրջ 970 աշխատակցի աշխատավարձերի բարձրացում: Խնայողությունների ծավալը կազմել է 271 մլն դրամ:

Վարչապետին զեկուցվել է ապօրինի անտառհատումների մասին, որոնք, ըստ պատասխանատուների, շարունակում են դեռ զգալի թիվ կազմել: Ինչ վերաբերում է անտառվերականգնմանը՝ 2020թ. վերականգնվել է 123 հա, 2021թ. նախատեսվում է 3 անգամ ավելացնել տնկարանների ծավալը:

Կառավարության ղեկավարին զեկուցվել է, որ նախատեսվում է իրականացնել կենդանիների հաշվառում և ստեղծել կադաստրի համակարգ: Էական փոփոխություններ են իրականացվելու որսորդության բնագավառում՝ որսորդական տնտեսությունների ձևավորման հեռանկարով:

Ներկայացվել են նաև Սևանա լճի հանրային լողափերի բարեփոխման և ծառայությունների մատուցումը բարելավելու ուղղությամբ աշխատանքները: Նշվել է, որ հանրային լողափերում գործունեություն ծավալող կազմակերպությունների հասույթի 15 տոկոսը վճարվելու է «Սևան» ազգային պարկին, ինչը նախկինում չի եղել: Որպես լրացուցիչ եկամուտ՝ դա կնպաստի համալիր ծրագրերի իրականացմանը:

Քննարկմանը մասնակցել են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը, նախարարի տեղակալները, նախարարության ենթակա կառույցների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG