Եվրամիությունը կարող է սահմանել նոր պատժամիջոցներ Ռուսաստանի նկատմամբ

Ռուսաստան - Ալեքսեյ Նավալնին Բաբուշկինսկի շրջանի դատարանում, Մոսկվա, 20-ը փետրվարի, 2021թ.

Այսօր Բրյուսելում Եվրամիության անդամ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարներն ի շարս այլ թեմաների կանդրադառնան նաև ռուսաստանցի ընդդիմադիր բլոգեր Ալեքսեյ Նավալնիի ազատազրկմանը:

Ենթադրվում է, որ նախարարները կհամաձայնեցնեն Կրեմլի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու առաջարկը:

Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը երեկ Թվիթերում տեղադրած գրառմամբ տեղեկացրել է այսօրվա օրակարգի մասին, նշելով, որ «Ռուսաստանի դատարանները շարունակում են անտեսել Նավալնիին ազատ արձակելու՝ Մարդու իրավունքների հարցերով եվրոպական դատարանի որոշումները»:

Փետրվարի 20-ին մոսկովյան դատարանը հաստատել է Նավալնիի պայմանական ազատազրկումը 3,5 տարվա իրական պատժաչափով փոխարինելու որոշումը, դրանից հանել է տնային կալանքի և «Մատրոսսկայա տիշինա» բանտում ընդդիմադիր գործչին պահելու ժամկետները և սահմանել, որ նա 2,5 տարի կանցկացնի քրեակատարողական հիմնարկում:

Նավալնիի աշխատակազմի ղեկավար Լեոնիդ Վոլկովը, ով 2019 թվականից ապաստանել է Լիտվայում, Reuters-ին ասել է, թե Մոսկվան միայն ուժի լեզուն է հասկանում, ուստի անհրաժեշտ է Կրեմլի ռեժիմը ենթարկել նոր պատժամիջոցների, ընդ որում թիրախավորել հենց նախագահ Վլադիմիր Պուտինի շրջապատը՝ օլիգարխներին և չինովնիկներին, ովքեր նրան թանկ ծառայություններ են մատուցում:

Վոլկովի փոխանցմամբ՝ Պուտինը «դիկտատոր է, բայցև պրագմատիկ մարդ է, եթե ակնհայտ դառնա, որ Նավալնիին բանտում պահելուց բխող վնասն ավելին է, քան օգուտը, Պուտինը կփոխի իր մոտեցումը»:

Վոլկովի համոզմամբ՝ եթե Պուտինի մերձավորներից շատերը հայտնվեն տհաճ վիճակում, դա վտանգավոր կդառնա հենց նախագահի համար:

«Գուցեև այդպես չլինի, դժվար է կանխատեսել, սակայն պարզ է, որ սանկցիան միակ ճիշտ քայլն է, որին կարող է դիմել Եվրոպան, և հենց այդ հաշվի առնելով՝ մենք կոչ ենք անում պատժամիջոցներ սահմանել Վլադիմիր Պուտինի մտերիմ օլիգարխների ու պաշտոնյաների նկատմամբ: Մենք իհարկե գիտակցում ենք, որ որոշ բաներ անհնարին են, բայց պետք է Կրեմլին հասցեագրել հստակ ուղերձ առ այն, որ փոխզիջումների ժամանակն անցել է», - ասել է Վոլկովը:

Նավալնիի թիմակիցները կազմել են ցանկ, որում ընդգրկված 35 մարդկանց առաջարկում են ենթարկել պատժամիջոցների: