Հրաչյա Հակոբյանի կարծիքով` ընդդիմադիր շարժումն ի սկզբանե ձախողված էր, նպատակն էլ «աթոռն է»

Ազգային ժողովի իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը վստահ է` ընդդիմադիր քաղաքական ուժերը չեն կարող իշխանափոխության հասնել: 17 քաղաքական ուժերն այսօր, հիշեցնենք, հանրահավաք, ապա և անհնազանդության ակցիաներ են անցկացրել Երևանում: Շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն էլ հայտարարեց, թե պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը:

Հրաչյա Հակոբյանի հետ զրույցը ներկայացնում ենք ստորև.

Հրաչյա Հակոբյան - Հրապարակը միշտ իրենց տրամադրության տակ է, կարող են իրենց հավաքները կազմակերպել: Տեսնում ենք` իրենք անում են, շարունակում են անել, այնպես որ ուղղակի չեմ հասկանում, որ ասում են` Նիկոլ Փաշինյանին գահընկեց ենք անելու, ի՞նչ ճանապարհով են անելու:

«Ազատություն» - Հիմա իրենք փողոցներ են փակում` անհնազանդության քայլեր են անում:

Հրաչյա Հակոբյան - Հա, կարող են անել, թող անեն, անում են:

«Ազատություն» - Ի՞նչ եք կարծում` այդ ճանապարհով կկարողանան հասնել արդյունքի:

Հրաչյա Հակոբյան - Չեն կարող, իրենք ի սկզբանե ձախողված են, իրենց առաջնորդի հետ միասին իրենք ձախողված են, որովհետև ի՞նչ երեսով են նրանք գնում, փակում այն քաղաքացիների ճանապարհները, որոնց իրենք անվանում են «ժեխ», որոնց մի մասին անվանում են «անասուն», «բոմժ»:

«Ազատություն» - Վազգեն Մանուկյանն ասում է, որ ամեն պահի կայծակնային արագությամբ կարող են վերցնել իշխանությունը:

Հրաչյա Հակոբյան - Բա ինչի՞ չեն վերցնում, թող վերցնեն, եթե ամեն պահի կայծակնային արագությամբ կարող են վերցնել իշխանությունը, թող վերցնեն:

«Ազատություն» - Իրենց պնդմամբ` բազմամարդ հավաքները վկայությունն են նրա, որ ժողովուրդն իրենց կողքին է, և շարժումը չի մարել:

Հրաչյա Հակոբյան - Թող իրենք համարեն, որ շարժումը չի մարել, իրենց ունեցած ամբողջ ռեսուրսը նրանք օգտագործում են` իրենց աշխատակիցներին, ընդհուպ մինչև խոսակցություններ կան, որ գումար են բաժանում, որ մարդիկ գնան հանրահավաքներին, մաքսիմալ իրենց ռեսուրսը եղել է միշտ այս թիվը հրապարակում: Մի անգամ էլ իրենք հուժկու հանրահավաք հավաքեցին, և այդքան մարդ հավաքվեց: Սա նրանց մաքսիմալ ռեսուրսն է, որ կարողանում են իրենց աշխատակիցներով, փող բաժանելով մարդկանց բերել հրապարակ: Թող գնան այդ հակաօրինական հանցագործ ճանապարհով, տեսնենք` ինչ կստացվի: Չեմ պատկերացնում` խաղաղ ապստամբությունը որն է, առանց բռնությունների մենք մեկ անգամ տեսանք Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի դեպքը: Կարծում եմ` դա է նրանց պատկերացրած խաղաղ, առանց բռնությունների ապստամբությունը: Ով որակում է ժողովրդին «ժեխ», «բոմժ», «անասուն», նա չի կարող խոսել խաղաղության մասին, որովհետև արդեն իսկ ինքը հրահրում է բռնություն:

«Ազատություն» - Իսկ Դուք ի՞նչ եք կարծում, հավաքվածների թիվը փո՞քր է ապստամբությամբ իշխանության հասնելու համար:

Հրաչյա Հակոբյան - Գիտեք` հարցը թվի փոքրության կամ մեծության մեջ էլ չի, հարցը գաղափարի մեջ է` ինչի համար են այդ մարդիկ գնացել հրապարակ: Մարդկանց մի զգալի մասը, ես վստահ եմ, կամ չգիտի` ինչի համար է գնացել, կամ ուղղակի անճարությունից ելնելով է գնացել, որ իրեն կարող է աշխատանքից հեռացնեն, եթե նա չգնա այդ հանրահավաքին:

«Ազատություն» - Ահազանգեր ունե՞ք, թե պարզապես ենթադրում եք:

Հրաչյա Հակոբյան - Ահազանգեր էլ կան, կան նաև ականատեսներ` ինչպես են գնացել, փորձել, օրինակ, ինչ-որ տեղի աշխատակիցների ավտոբուսներով տանել: Նմանատիպ խոսակցություններ շատ կան, բայց նորից եմ կրկնում` հարցը մարդկանց շատի և քչի մեջ չի, հարցը նա է, թե հանուն ինչի են այդ մարդիկ գնացել այնտեղ: Ես վստահ եմ, որ նրանց մի մասը չգիտի` հանուն ինչի է գնացել այնտեղ, որովհետև եթե հարթակից խոսում են միայն Նիկոլ Փաշինյանին հեռացնելու մասին, չեն ասում, թե իրենք ինչ են անելու, երբ որ ենթադրենք` նրանց հաջողվի երբևէ լինել իշխանություն, ինչ են անելու. արդյոք ռուս խաղաղապահների ներկայությունը պետք է ջրեն, և օրինակ, նոր պատերազմ սկսվի` ըստ իրենց: Իրենք չեն ասում` իրենք ինչ են անելու, իրենք ընդամենն ուզում եմ գալ իշխանության, սա իշխանության աթոռի կռիվ է, և դրանով փորձ անեն` պահպանել իրենց գողացածը նախկինում և էլի շարունակել ևս մի քանի տարի գողանալ, ինչը Հայաստանի Հանրապետության քաղաքացին նրանց թույլ չի տա: