Փաշինյանի համոզմամբ` հայ ազգն այսօր վերստին վերածնվելու կարիք ունի

Ղարաբաղյան շարժումը ազդարարեց անկախության համար մղվող պայքարի սկիզբը` արթնացնելով մեր սրտերում ազգային միասնականության ոգին և ազատության շունչը, իր ուղերձում նշում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«33 տարի առաջ քաջ արցախցիների գործով վերածնվեց հայ ժողովուրդը: 33 տարի անց այսօր մենք վերստին վերածնվելու կարիքն ունենք: Եթե այն օրերի վերածնունդը մեզ տարավ դեպի ազատ ապրելու իրավունքի վերահաստատում, այս օրերի վերածնունդը մեզ պետք է տանի դեպի ամուր, 21-րդ դարում մրցողունակ և ժամանակի հետ համընթաց քայլող պետության կառուցում:

Խորն է մեր ցավը, անբուժելի են մեր վերքերը: Սակայն, մեր սուրբ նահատակների հիշատակը և նրանց գործը պահանջում են, որ մենք մեր ողջ կարողությամբ լծվենք մեր ապագայի կառուցմանը, Արցախի վերածնունդը ապահովելուն: Մեր նահատակների մահը զուր չի լինի, եթե մենք անմնացորդ նվիրվածությամբ լծվենք աշխատանքի` հանուն հզոր հայրենիքի, հանուն մեր երեխաների, հանուն մեր ապագա նվաճումների», - ասում է վարչապետը: