«Վրացական երազանք»-ը այսօր խորհրդարանին կներկայացնի վարչապետի թեկնածուին և կառավարության նոր կազմը

«Վրացական երազանք»-ը իշխանության ինը տարիների ընթացքում թվով վեցերորդ վարչապետի թեկնածուին և կառավարության նոր կազմը խորհրդարանին կներկայացնի այսօր, քվեարկությունը նախատեսված է երկուշաբթի օրը։

Նոր կառավարությունը, ինչպես հայտնի դարձավ երեկ, կգլխավորի Իրակլի Ղարիբաշվիլին, ով Վրաստանի վարչապետն էր 2013-2015 թվականներին, մի քանի տարի տևած դադարից հետո՝ 2019 թվականին կառավարության կազմում կրկին ընգրկվել էր որպես պաշտպանության նախարար։

Ղարիբաշվիլին այսօր տեղեկացրել է, որ իր գլխավորած կաբինետում կլինեն երկու նոր նախարարներ՝ ռազմական գերատեսչության ղեկավարի պաշտոնում իրեն կփոխարինի ներկայիս տեղակալ Ջուանշերա Բուրչուլաձեն, ենթակառուցվածքների և տարածաշրջանային զարգացման նախարար կնշանակվի Իրակլի Կարսելաձեն, նա նախկինում ղեկավար է Ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։ Ենթակառուցվածքների նախկին նախարար Մայա Ցկիտիշվիլին հայտարարել է, որ հեռանում է ակտիվ քաղաքականությունից։

Ըստ Վրացական աղբյուրների՝ 38-ամյա Ղարիբաշվիլիի «երկրորդ հայտնությունը» վարչապետի պաշտոնում Վրաստանում շատերի համար էր անսպասելի, թեև ինչպես երեկ հայտարարում էին նրա կուսակիցները իշխող ուժը այլ թեկնածություն չէր էլ քննարկում։

«Վրացական երազանք»-ի պատգամավոր Սոզար Սուբարիի խոսքերով՝ կուսակցությունում հիացմունքով են դիմավորել Ղարիբաշվիլիի թեկնածությունը, քանի որ «նա «Վրացական երազանք»-ի հենարանն է»։

Ինքը՝ ընտրյալը, խոստացել է իր թեկնածությունը հաստատելու դեպքում «արագ հարթել երկրում ստեղծված իրավիճակը»՝ այդպես էլ չհստակեցնելով, թե ինչպես է պատրաստվում լուծել ներքաղաքական գլխավոր խնդիրը, որը ոչ միայն ներքաղաքական լարվածության, այլ նաև իշխող ուժի ներսում է տարաձայնությունների է հանգեցրել։

Հիշեցնենք՝ Գեորգի Գախարիան հրաժարական է տվել ընդդիմության առաջնորդ Նիկա Մելիային ձերբակալելու՝ դատարանի որոշման պատճառով, ինչին, ինչպես հայտարարել էր պաշտոնաթող վարչապետը, դեմ է, և քանի որ կուսակիցները չեն կիսում իր այդ տեսակետը, որոշել է հեռանալ։

Վարչապետի պաշտոնը շուրջ մեկուկես տարի զբաղեցրած Գախարիայի հրաժարականը առայժմ միայն փոքր-ինչ մեղմել է լարվածությունը, նրա հրաժարականից հետո Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, թե «ժամանակավոր հետաձգում է» ընդդիմադիր գործչի ձերբակալությունը։ Երկրորդ անգամ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկված Մելիան մեղադրվում է Թբիլիսիում 2019 թվականի հունիսին բողոքի մարդաշատ ակցիաների ժամանակ բռնություններ և անկարգություններ հրահրելու ու առաջնորդելու մեջ: Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մերձավոր դաշնակիցը կտրականապես հերքում է առաջադրված մեղադրանքը, իսկ նրա կուսակիցներն ու աջակիցները պնդում, թե ընդդիմադիր գործչի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:

Գիորգի Գախարիայի դեմարշը այժմ ծանր ընտրության առջև է կանգնեցրել իշխող ուժին: Վարչապետի հրաժարականից հետո Մելիայի ձերբակալությունը քաղաքական աստառ կստանա, իսկ զիջել կնշանակի անտեսել դատարանի պարտադիր կատարման ենթակա որոշումը։

Վրաստանի քաղաքագիտական շրջանակներում համոզված են՝ ընդդիմախոսների նկատմամբ կոշտ քաղաքականության կողմնակից Ղարիբաշվիլին կընտրի առաջին տարբերակը՝ ձերբակալությունը։

Երեկվանից վրացական լրատվամիջոցները հիշեցնում են երկրի ներքաղաքական ճգնաժամի ֆոնին վարչապետի պաշտոնը ստանձնող Ղարիբաշվիլիի աղմկահարույց գրառումներից մեկը, որը անցած շաբաթներին հրապարակվել էր նրա ֆեյսբուքյան էջում։ Դրանում նա վիրավորական և կոշտ գնահատականներ է հնչեցրել ընդդիմադիր «Միացյալ Ազգային շարժում» կուսակցության հասցեին․ «Երկրի դավաճան, տարածքներ ու սուրբ վայրեր հանձնող, մարդասպան ու ժողովրդին նվաստացնող ծաղրածու Սաակաշվիլին ու նրա դավաճան բանդան ընտրություններից հետո չի կարողանա մնալ խորհրդարանում, դավաճան ուժը պետք է վերանա»:

Ինչպես և կարելի էր ենթադրել, ընդդիմադիր ճամբարում Ղարիբաշվիլիի նշանակմանը բավական կոշտ արձագանքեցին՝ նրա վերադարձը որակելով իշխող ուժի կողմից «մկանների ցուցադրություն»։

«Վատթարագույն ընտրություն», - հայտարարել է «Քաղաքացի» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ալեկո Էլիսաշվիլին՝ հավելելով, որ Վրաստանում արդեն տեսել են, թե ինչպիսի վարչապետ էր Ղարիբաշվիլին։

Վրացական սոցցանցերում ևս Ղարիբաշբիլիի վարչապետության 25 ամիսների մասին հեգնական կամ բացասական գնահատականներ են հնչում։ Նրան հիշում են որպես միլիարդատեր քաղաքական առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիին անընդհատ շնորհակալություն հայտնող գործիչ, ով հայտնի էր նաև ընդդիմախոսներին արհամարհելու սովորությամբ։