Որոշումը ընդունվեց խորհրդարանում մեծամասնություն ունեցող «Վրացական երազանքի» պատգամավորների կողմ քվեների արդյունքում, ինչին հաջորդեց խորհրդարանական փոքրամասնության կոշտ քննադատությունը։ Անգամ տեսախցիկների առկայության պայմաններում իշխանական ու ընդդիմադիր պատգամավորները չեն խորշել սուր լեզվակռվից, փոխադարձ վիրավորական մեղադրանքներից:
Նիկա Մելիան, ով Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ղեկավարած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից է, մեղադրվում է Թբիլիսիում անցյալ հինգշաբթի օրը սկիզբ առած բողոքի ակցիաների ժամանակ բռնություններ և անկարգություններ հրահրելու ու առաջնորդելու մեջ: Գլխավոր դատախազությունը ընդդիմադիր պատգամավորին ձերբակալելու միջնորդություն է ներկայացրել:
Ինքը ընդդիմադիր պատգամավորը կտրականապես հերքում է իրեն առաջադրված մեղադրանքը, իսկ նրա կուսակիցները դատախազությունից ապացույցներ են պահանջում՝ պնդելով, թե Մելիայի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:
Վրաստանում արդեն յոթերորդ օրը չեն մարում բողոքի ցույցերը: Հակակառավարական ակցիաների մասնակիցները իշխանություններին մի շարք պահանջներ են ներկայացրել՝ հայտարարելով, որ Ռուսթավելի փողոցից կհեռանան միայն դրանք իրականացվելու դեպքում: Այդ պահանջներից մի քանիսը Վրաստանի իշխանությունները արդեն կատարել են՝ հրաժարական է տվել խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն, իշխող ուժը Ընտրական օրենսգիրքը բարեփոխելու նախաձեռնություն է սկսել՝ խոստանալով մեծամասնական ընտրակարգը փոխարինել համամասնականով:
Բացի այդ, այսօր ազատ է արձակվել վերջին օրերին բողոքի ցույցերի ձերբակալված մասնակիցների մեծ մասը: Մինչդեռ, ինչպես ցուցարարներն են պնդում, գլխավոր պահանջը մնում է անկատար. Վրաստանի ստվերային առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի մերձավոր դաշնակից Գիորգի Գախարիան՝ Ներքին գործերի նախարարը, շարունակում է պաշտոնավարել:
Ընդդիմությունը հենց Գախարիային է համարում հունիսի 21-ի լուսադեմին խաղաղ ցուցարարների նկատմամբ անհամաչափ ու բիրտ ուժ կիրառելու գլխավոր պատասխանատուն:
Վրաստանում ներքաղաքական իրավիճակը կտրուկ սրվել է անցած հինգշաբթի օրը: Հանրային դժգոհության առիթ է դարձել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 26-րդ պատմական դարձած նիստը, որի ընթացքում հակավրացական հայացքներով հայտնի ռուսաստանցի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը նստել էր Վրաստանի խորհրդարանի խոսնակի համար նախատեսված տեղում, ինչը Թբիլիսիում ընկալեցին որպես վրացական պետականության նվաստացում: Այդ տեսարանը զայրույթի մեծ ալիք է բարձրացրել հանրության շրջանում: Կատարվածի համար ընդդիմությունը մեղադրանքների սլաքն ուղղեց նախ և առաջ սեփական իշխանությունների կողմը: Թեև մի շարք պաշտոնյաներ շտապեցին ներողություն խնդրել՝ տեղի ունեցածը անվանելով արարողակարգային սխալ, այդուհանդերձ ժամեր անց Վրաստանի խորհրդարանի շենքի առջև հավաքվեցին վրացական ընդդիմության գրեթե բոլոր ղեկավարները և նրանց հազարավոր աջակիցներ:
Ցույցը քիչ անց վերածվեց ոստիկանների հետ բախումների, ցույցի մասնակիցները փորձեցին գրոհել խորհրդարանի շենքը: Ցուցարարների հետ երկխոսություն, սակայն, այդպես էլ տեղի չունեցավ: Փոխարենը իշխանությունը բողոքի ակցիաների մասնակիցների հետ խոսեց մահակներով, արցունքաբեր գազով և ռետինե փամփուշտներով: Ժողովրդի նկատմամբ այլևս երբեք ուժ չկիրառելու մասին իշխող ուժի խոստումը այդ օրը մոռացվեց: Հունիսի 21-ին լուսադեմին բողոքի ակցիան ավարտվեց ավելի քան 300 ցուցարարի ձերբակալությամբ, շուրջ 240 մարդ տարբեր վնասվածքներով տեղափոխվեցին հիվանդանոցներ: Ոստիկանների կողմից արձակված ռետինե փամփուշտի հետևանքով երկու ցուցարար՝ երիտասարդ տղա և աղջիկ, զրկվել են տեսողությունից: