Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին, ով այժմ գտնվում է Մոսկվայի «Մատրոսկայա տիշինա» քննչական մեկուսարանում, սոցցանցերում հայտնել է, որ իրեն հաշվառել են որպես փախուստի հակված: Սա Նավալնին կապել է Վլադիմիր Պուտինի վախերի հետ։
«Ես միայն մեկ բացատրություն ունեմ տեղի ունեցածի վերաբերյալ։ Բունկերում ապրող մի պապի մղձավանջ էր տեսել երազում՝ իբր ես փախել եմ իմ հատուկ բլոկից, հասել Գելենջիկ, ներս մտել նրա պալատ, այնտեղ խաղացել եմ նրա մեքենաներով, իսկ հետո ցատկել նրա ակվադիսկոտեկի մեջ և պարել այնտեղ։ Պապն արթնացել է սարսափով, բարձրացրել հեռախոսը և պահանջել կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել սրբությունների նկատմամբ անարգանք թույլ չտալու համար», - հեգնել է ընդդիմադիր գործիչը։
Հիշեցնենք՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) փետրվարի 17-ին հրապարակել է Նավալնիի գործով վճիռ՝ պահանջելով Ռուսաստանի իշխանություններից անհապաղ ազատ արձակել ընդդիմադիր գործչին։ Մոսկվան չի պատրաստվում կատարել Եվրոպական դատարանի այս վճիռը, ինչը կարող է բերել նրան, որ Ռուսաստանը կզրկվի Եվրոպայի խորհրդին անդմակցությունից։
«ՄԻԵԴ վճիռը Ռուսաստանի ներդատական հարցերին միջամտելու լրջագույն փորձ է, ինչը, մեր կարծիքով, անթույլատրելի է», - հայտարարել էր Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Փետրվարի 2-ին Նավալնիին դատապարտել էին 3,5 տարվա ազատազրկման «Իվ Ռոշե»-ի գործով։ Իսկ վաղը՝ փետրվարի 20-ին, Նավալնիի դեմ ևս մեկ քրեական գործով՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանին վիրավորելու և զրպարտելու մեղադրանքով դատավճիռ կկայացվի: Երկրորդ դատավճռից հետո նա «Իվ Ռոշե»-ի գործով պատիժը կկրի արդեն գաղութում։
Ավելի վաղ Նավալնիի թիմակիցները հայտարարել էին, թե դադարեցնում են մինչև գարուն, ամառ բողոքի ակցիաները, այն բանից հետո երբ նրանց թիմակիցների առանցքային գործիչների դեմ ադմինիստրատիվ և քրեական գործեր են հարուցվել, երբ Ռուսաստանում հունվարին և փետրվարի սկզբին անցած բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանությունը բիրտ ուժ էր կիրառել և ձերբակալել հազարավոր մարդկանց։ Նավալնիի թիմակցիները հայտարարել էին, որ բողոքը տեղափոխում են մեկ այլ հարթակ և Ռուսաստանի իշխանությունների դեմ պայքարը կշարունակեն արտասհմանում։
Եվրամիությունը մտադիր է պատժամիջոցներ սահմանել Նավալնիի ձերբակալության համար Ռուսաստանցի չինովնիկների դեմ, սակայն՝ ոչ օլիգարխների, այս մասին երեկ գրել էր «Բլումբերգը», իսկ այսօր՝ EU Observer-ը։ Պարբերականի տվյալներով՝ պատժամիջոցները կանդրադառնան միայն ռուս պաշտոնյաներին, որոնք ներգրավված են Նավալնիի ձերբակալությանը։ Մասնավորապես, ԵՄ-ն նրանց դեմ արգելք կսահմանի Եվրամիության երկրներ մուտքի համար և կսառեցնի նրանց ակտիվները։ Իսկ Նավալնիի թիմակիցները դիմել էին արևմտյան կառավարություններին պատժամիջոցներ սահմանել նաև Պուտինի մտերիմ օլիգարխների դեմ։
Մինչ Եվրամիությունում քննարկում են, թե ինչ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ և ում ներառել սև ցուցակում Նավալնիին ձերբակալելու համար, Մոսկվայում և համացանցում ակտիվ քննարկվում է մեկ այլ հարց, թե ում հուշարձանն է պետք տեղադրել Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության մոտ՝ Lուբյանկա հրապարակում։ Նախկինում՝ սովետական տարիներին, Սովետական Միության, այսպես ասած, առաջին չեկիստ և Ռուսաստանի հատուկ ծառայությունների հիմնադիր Ֆելիքս Ձերժինսկու արձանն էր, ռուսաստանցի պատգամավորները, քաղաքագետների մի մասը համարում են, որ ժամանակն է վերադարձնել այդ արձանն իր տեղը։ Մոսկվայի իշխանությունները նույնիսկ մտադիր են հարցում անցկացնել մոսկվացիների շրջանում։