Իշխանության ներկայացուցչին ուղղված զրպարտությունն ու վիրավորանքը քրեականացնելու առաջարկը բախվում է կոշտ քննադատության

Շուշան Դոյդոյան, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ

Գլխավոր դատախազությունն առաջարկում է քրեականացնել զպարտությունն ու վիրավորանքը, եթե դրանք ուղղված են իշխանության ներկայացուցիչին և կապված են նրանց ծառայողական պարտականությունների հետ։ Ավելին՝ նախագծում զրպարտությունը դիտարկվում է որպես առավել բարձր հանրային վտանգավորություն ունեցող արարք:

«Գլխավոր դատախազության առաջարկն անտեղյակության հետևանք է և շատ վտանգավոր», - այսպես է արձագանքում Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը։

Նրա կարծիքով, բացասական առումով փոփոխության առաջին հասցեատերը հենց լրատվամիջոցներն են լինելու․ - «Ո՞նց կարող է լրատվամիջոցին սպառնա ազատազրկում ազատ արտահայտվելու որևէ դրսևորման համար։ Սա կատեգորիկ մերժված է ամբողջ աշխարհում»։

Դոյդոյանի խոսքով՝ նախագիծը դեմ է նաև Հայաստանի ստանձնաձ միջազգային բոլոր պարտավորություններին, որոնք առնչվում են խոսքի ազատությանը։

Ըստ նրա, դա հակասում է նաև Եվրոպական դատարանի ձևավորած նախադեպային իրավունքին ու Մարդու իրավունքների կոնվենցիային․ - «Ոչ միայն արգելվում է քրեականացումը, այլ նաև արգելվում է պետական իշխանության ներկայացուցիչներին հատուկ պաշտպանությամբ օժտելը՝ գտնելով, որ հանրային գործառույթներ իրականացնող, հանրային ռեսուրսներ տնօրինող պաշտոնյաները ընդհակառակը, պիտի ավելի նվազ պաշտպանված լինեն զրպարտության և վիրավորանքի գործերում, որոնք իրենք այսպես թե այնպես ունեն ավելի մեծ հնարավորություններ պաշտպանվելու, ի տարբերություն հասարակ քաղաքացու»։

Շուշան Դոյդոյանն ասում է՝ մարդկանց պատիվն ու արժանապատվություն արատավորող, վնասող բովանդակությունը վերջին շրջանում, հատկապես առցանց տիրույթում կտրուկ ավելացել է, սակայն դա չի նշանակում, որ խնդիրը կարգավորելու համար նման անընդունելի փոփոխություններ պետք է արվեն․ - «Միայն այսպիսի առաջարկ և լուծում ներդնելով երբևէ խնդիր չի լուծվում։ Դա պետք է լինի համալիր մոտեցում, որի առաջնային կոմպոնենտը հանրության կրթությունն է, մեդիագրագիտությունը՝ սովորեցնել, որ ազատ արտահայտվելու իրավունքը նախ և առաջ պատասխանատվություն է, սա մեկ։ Ընդ որում, չեմ խոսում միայն մասնագիտական կրթության մասին, այլ հանրության բոլոր շերտերի կրթության մասին է խոսքը։ Եվ երկրորդ, հզորացնել արտադատական մեխանիզմները, որպեսզի դժգոհ մարդը այնուամենայնիվ հնարավորություն ունենա իր խախտված իրավունքը վերականգնելու»։

Հայաստանում զրպարտությունն ու վիրավորանքը ապաքրեականացվել են 2010-ը թվականին, այն ժամանակ կառավարությունը հաշվի էր առել ԵԽԽՎ-ի կոչն անդամ պետություններին։ Զրպարտությունն ու վիրավորանքը կրկին քրեականցնելու առաջարկը Գլխավոր դատախազությունը հիմնավորում է մասնավորապես դրա տարածվածությամբ ու նաև ընդլայնման միտումով։

Դանիել Իոաննիսյան

Իրազեկ քաղաքացիների միավորման համակարգող Դանիել Իոաննիսյանը համոզված է, որ դա այն կարող է նպաստել գրաքննությանը․ - «Վստահաբար չենք գտնի եվրոպական, կամ ժողովրդավարական որևիցե մի երկիր, որտեղ իշխանությանը զրպարտելը կամ վիրավորելը քրեական է, իսկ քաղաքացիներին՝ ոչ։ Այո, կան երկրներ, որտեղ առհասարակ զրպարտությունն ու վիրավորանքը քրեական է, այդ թվում՝ ժողովրդավարական երկրներ։ Կան երկրներ, որտեղ դրանց որոշ դրսևորումներն են քրեական։ Բայց չկա երկիր, որտեղ իշխանությանը վիրավորելը քրեական է, իսկ քաղաքացիներին վիրավորելը՝ ոչ»։

Գործող օրենքով վիրավորանքի համար ևս քրեական պատասխանատվություն է նախատեսվում, սակայն միայն այն դեպքում, երբ ուղղված է զինծառայողին։

Զրպարտությունն ու վիրավորանքը քրեականացնելու առաջարկ անցած շաբաթ Ազգային ժողովի ամբիոնից նաև որոշ պատգամավորներ էին արել, այդ թվում՝ իշխող ուժից։ Խորհրդարանը քննարկում էր այդ արարքների կատարման համար փոխհատուցման չափը խստացնող օրինագիծը, որի հեղինակը ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն է։

Մասնավորապես նախագծով վիրավորանքի համար առաջարկվում է 1 միլիոնի փոխարեն մինչև 5 միլիոն դրամ, իսկ զրպարտության համար` 2 միլիոնի փոխարեն մինչև 10 միլիոն դրամ փոխհատուցում։ Չնայած փորձագիտական շրջանակներում հնչող քննադատությանը, օրինագիծն Ազգային -ժողովն ըդնունեց առաջին ընթերցմամբ։

Հանրային քննարկման դրված նախագծով քրեական օրենսգրքում պաշտոնյային վիրավորելը կամ զրպարտելը պատժվում է տուգանքով՝ 100 հազարից 500 հազար դրամի չափով: Իսկ նույն արարքը, որը կատարվել է զանգվածային լրատվության միջոցներով կամ հրապարակային այլ եղանակով, պատժվում է տուգանքով՝ 500 հազարից մինչև 3 միլիոն դրամով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։

Դատախազության առաջարկն այսօր կոշտ քննադատության են արժանացրել նաև մի շարք լրագրողական կազմակերպություններ կողմից։ Հասարակական կազմակերպությունները համարում են, որ փոփոխությամբ առաջարկվող քրեական պատասխանատվությունը, ընդհուպ ազատազրկումը գործիք կարող է դառնալ պաշտոնյաներին սուր քննադատությունից զերծ պահելու, հասարակության առջև նրանց հաշվետվողականությունը նվազագույնի հասցնելու համար։ Կոչ են անում հրաժարվել այդ փոփոխություններից։