Մատչելիության հղումներ

Լրագրողական կազմակերպությունները պահանջում են հետաձգել զրպարտության և վիրավորանքի փոխհատուցման չափը խստացնող օրինագծի ընդունումը


Վիրավորանքի ու զրպարտության համար սահմանված փոխհատուցման չափը խստացնելով` Ազգային ժողովը հերթական անգամ ընդունում է լրատվամիջոցներին վերաբերող օրենք, որը հիմնված չէ խորը ուսումնասիրության արդյունքների և փորձագիտական շրջանակների խորհրդատվության վրա, հայտարարում են մի շարք լրագրողական կազմակերպություններ:

Զրպարտություն և վիրավորանքի համար փոխհատուցման չափը խստացնող օրինագիծը, որի հեղինակը ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն է, Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ երեկ ընդունեց։ Մասնավորապես նախագծով վիրավորանքի համար առաջարկվում է 1 միլիոնի փոխարեն մինչև 5 միլիոն դրամ, իսկ զրպարտության համար` 2 միլիոնի փոխարեն մինչև 10 միլիոն դրամ փոխհատուցում։

Կազմակերպությունները հիշեցնում են, որ ավելի վաղ հայտարարել են, որ վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափերի շեշտակի բարձրացումը լուրջ սպառնալիք կդառնա ամբողջ ԶԼՄ ոլորտի համար, և դրանից կարող են տուժել ոչ միայն որոշ անպարկեշտ հարթակներ, այլև օրենքն ու մասնագիտական էթիկան հարգող լրագրողները։

«Առաջին ընթերցմամբ ընդունված նախագիծն առավել մտահոգիչ է այն իրողության ֆոնին, երբ տեղեկատվական ոլորտում առկա խնդիրների լուծումը փնտրվում է ռեպրեսիվ օրենսդրական փոփոխությունների և դրանց կիրարկման տիրույթում։ Դրա վառ օրինակներից է փետրվարի մեկից շրջանառության մեջ դրված «Զանգվածային լրատվության մասին» օրենքում և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխությունների և լրացումների փաթեթը, որով նախատեսվում է արգելել հրապարակումներում անանուն աղբյուրներին հղում կատարելը, իսկ այդ արգելքը խախտելու համար կիրառել տուգանք՝ 500 հազար դրամի չափով, կրկնվելու դեպքում՝ 1 միլիոնի չափով», - հայտարարում են թվով 10 լրագրողական կազմակերպությունները` պահանջելով.

- Ազգային ժողովից՝ հետաձգել վերոհիշյալ օրինագծի երկրորդ ընթերցումն ու ընդունումը, նախաձեռնել բաց քննարկումներ ԶԼՄ-ներում տարածվող վիրավորանքի և զրպարտության խնդրի, դրան հակազդելու հնարավորությունների վերաբերյալ,

- ՀՀ նախագահից՝ ԱԺ կողմից տվյալ օրինագծի ընդունման պարագայում չստորագրել այն՝ վերաբերմունք արտահայտելով հետադիմական նախաձեռնության նկատմամբ,

- Պետական մարմիններից՝ լրատվամիջոցների հետ հաղորդակցությունը կառուցելիս ապահովել տեղեկատվության ազատության և հասարակության իրազեկ լինելու իրավունքների իրացումը,

- Միջազգային կազմակերպություններից՝ քննարկման առարկա դարձնել ՀՀ խորհրդարանի կողմից ԶԼՄ-ներին վերաբերող օրենքների ընդունման և այդ գործընթացում միջազգային նորմերի անտեսման խնդիրները, ինչպես նաև՝ իրավիճակը շտկելու միջոցներ կիրառել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG