Չորեքշաբթի երեկոյան Մոսկվայում կայացավ Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հերթական փակ հանդիպումը։ Ընդ որում, հանդիպմանը զուգահեռ կայացել է նաև երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցը։
Կրեմլի տարածած կարճ հաղորդագրության համաձայն՝ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության, ինչպես նաև 2021-ի հունվարի 11-ին Մոսկվայում կայացած եռակողմ գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման գործնական ասպեկտները։ Անդրադարձ է կատարվել ռուս-հայկական համագործակցության որոշ արդիական հարցերի։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներում։
Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի ժամանակ ընդգծվել է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց շուտափույթ վերադարձի կարևորությունը։ Հայկական կողմը, ըստ հաղորդագրության, մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանը լիարժեք չի կատարում համատեղ հայտարարության տվյալ կետի պահանջները։
Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումից հետո Հայաստանի արտգործնախարարության տարածած հայտարարությունում նույւնպես նշված է, որ հայկական կողմը բարձրաձայնել է Ադրբեջանում պահվող գերիների հարցը։
Արա Այվազյանը և Սերգեյ Լավրովը հանգամանալից անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի, մտքեր փոխանակել նոյեմբերի 9-ի և դրանից բխող հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթների կյանքի կոչման շուրջ։ «Այդ կապակցությամբ հրատապ հասցեագրում պահանջող հումանիտար խնդիրների համատեքստում նախարար Այվազյանը շեշտեց ռազմագերիների և պատանդի կարգավիճակում պահվող անձանց հայրենադարձման կարևորությունը՝ նշելով, որ խնդրի արհեստական ձգձգումն Ադրբեջանի կողմից լուրջ խոչընդոտներ է ստեղծում եռակողմ հայտարարությունների կենսագործման ճանապարհին», - ասված է հաղորդագրությունում։
Հանդիպման օրակարգում էին նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսմանն առնչվող հարցեր: Նախարարներն ընդգծել են կարգավորման առանցքային հարցերի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, նշված է Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրությունում։
Հավելենք, որ Սերգեյ Լավրովը նույն օրը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի իր պաշտոնակցի` Ջեյհուն Բայրամովի հետ։