Մատչելիության հղումներ

Մոսկվայում այսօր կկայանա Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը


Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարները, արխիվ
Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարները, արխիվ

Մոսկվայում այսօր օրվա երկրորդ կեսին տեղի կունենա Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը։

Օրակարգում, ինչպես ասված էր Ռուսաստանի արտգործնախարարության երեկ տարածած հաղորդագրությունում, երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցեր են։ Հատուկ ուշադրություն է դարձվելու Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 10 -ի և 2021-ի հունվարի 11-ի հայտարարությունների իրականացմանը՝ շեշտը դնելով հումանիտար աջակցության ցուցաբերման, ենթակառուցվածքների վերականգնման, տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վրա:

Լավրովն ու Այվազյանն այսօր նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գծով սպասվող աշխատանքների մասին կխոսեն։

Նոյեմբերի 10-ին կնքված հրադադարի շուրջ Բաքուն և Երևանը ունեն մի շարք տարաձայնություններ, մասնավորապես գերիների վերադարձի և այսպես կոչված` Մեղրիի կամ Նախիջևանի միջանցքի շուրջ։ Հավանաբար այս հարցերի շուրջ ևս քննարկումներ կլինեն այսօր Մոսկվայում հայ-ռուսական բանակցություններին։

Երեկ Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան, մեկնաբանելով Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակի` Մեղրիի միջանցքի մասին մեկնաբանությանը, հայտարարել էր, թե «Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ավելի լավ է իր ջանքերն ուղղի 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության իրականացման հետ կապված կոնկրետ քայլերի ձեռնարկմանը, այլ ոչ թե կետերի մեկնաբանմամբ զբաղվի»:

Նախօրեին Հայաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աննա Նաղդալյանը, մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերն այն մասին, որ «նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ հատուկ կետ կա Նախիջեւանի միջանցքի ստեղծման մասին», հայտարարել է, որ «ոչ մի ադրբեջանական միջանցք Մեղրիով Հայաստանի իրավասությունից դուրս չի լինելու»:

Աննա Նաղդալյանի խոսքով՝ նոյեմբերի 10 -ի հայտարարության 9-րդ կետում ասվում է «տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին: «Հատուկ ռեժիմ ունեցող որևէ միջանցքի մասին հայտարարության մեջ ոչինչ չի ասվում», - շեշտել է Նաղդալյանը:

Մեկ այլ շատ զգայուն հարց, որի շուրջ Բաքուն և Երևանը լուրջ տարաձայնություններ ունեն, հայ գերիների հարցն է. հայկական կողմի տարբեր տվյալներով` այսօր Ադրբեջանի տարածքում կան շուրջ 200 հայ գերիներ, այդ թվում` կանայք։

Մոսկվան գերադասում է հրապարակավ շրջանցել բոլոր զգայուն հարցերը և փոխարենը խոսում է այն աշխատանքի մասին, որը կատարում են ռուսաստանցի խաղաղապահները Ղարաբաղում` շեշտելով, թե այսօր ավելի կարևոր է զբաղվել տարածաշրջանում կայունության հաստատման և տրասնպորտայաին կապերի ապաշրջափակման հարցերով։

Մոսկվան ապագայի հարց է համարում նաև Արցախի կարգավիճակը՝ բազմիցս հայտարարելով, որ խնդրի վերջնական կարգավորմամբ, այդ թվում` կարգավիճակի հետ կապված հարցերով պետք է զբաղվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։

XS
SM
MD
LG