Թրամփի իմփիչմենթի շուրջ լսումները Սենատում կշարունակվեն նաև այսօր

ԱՄՆ - Նախկին նախագահի իմփիչմենթի հարցով լսումներում Սենատում ելույթ է ունենում Դոնալդ Թրամփի փաստաբան Մայքլ վան դեր Վեենը, Վաշինգտոն, 12-ը փետրվարի, 2021թ․

Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի շուրջ լսումներն ամերիկյան Սենատում կշարունակվեն նաև այսօր։

Ուրբաթ ուշ երեկոյան Թրամփի փաստաբանները ավարտեցին պաշտպանական կողմի փաստարկների հրապարակումը։ Նրանք երեկ մեկ անգամ ևս կրկնեցին իրենց հիմնական կռվանը, որի համաձայն՝ նախկին նախագահի դեմ նախաձեռնված իմփիչմենթի գործընթացը հակասահմանադրական է։

Այսօր արդեն, երբ Երևանում ուշ երեկո լինի, Սենատում ներկայացված կողմերը հանդես կգան փակման խոսքով։

Ամերիկյան աղբյուրների փոխանցմամբ՝ չի բացառվում, որ դեմոկրատներն ու հանրապետականները պայմանավորվեն իմփիչմենթի գործընթացում հավելյալ վկաներ չընդգրկելու մասին։ Այդ դեպքում Թրամփին մեղավոր ճանաչելու հարցը կարող է քվեարկության դրվել արդեն հաջորդ շաբաթասկզբին։

Որպեսզի Դոնալդ Թրամփը մեղավոր ճանաչվի խռովություն հրահրելու համար, ներկայացված մեղադրանքների օգտին պետք է քվեարկեն հանրապետական սենատորներից առնվազն 17-ը։ Առայժմ նման մտադրություն են հայտնել Սենատում ներկայացված հանրապետականներից միայն 6-ը։