«Պարզապես օրգանապես ի վիճակի չէ և պատրաստ չէ հրաժարվել վարչապետի աթոռից։ Ուրեմն թող չփորձեն արտահերթ ընտրություններ չանցկացնելու մեղքը բարդել խորհրդարանական ընդդիմության վրա, կամ չակերտավոր հղում կատարել հանրային պահանջի վրա», - հավելեց ընդդիմադիր պատգամավորը։
«Խորհրդարանական ընդդիմադիր քաղաքական ուժերից որևէ մեկի չհամաձայնության դեպքում նշանակելու է, որ մենք ընտրություններ ենք անուն ինքներս մեր համար», - նշեց Բոշյանը։
Խորհրդարանում երկրորդ ուժի պատգամավորը պնդում է՝ պարտված իշխանության հետ բովանդակային քննարկման մեջ չեն մտնելու։ Իրենց օրակարգում Փաշինյանի հրաժարականն է։ Թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցում Հայրենիքի փրկության շարժման հետ պայքարը շարունակելու են նույն պահանջով․ - «Այս իշխանության հետ, պարտված, Արցախը հանձնած իշխանության հետ երկխոսության բովանդակային քննարկման դաշտ ես ինքս անձնապես չեմ տեսնում։ Այն, ինչով որ մենք մինչև այս պահն ենք հանդես եկել՝ թե՛ մեր խորհրդարանական գործիքակազմը օգտագործելով, թե՛ նաև հանրային ճնշման օրակարգով ենք հանդես գալու, որը ընթացքի մեջ է։ Ու առավել քան վստահ եմ, որ շատ ավելի մեծ ծավալների է հասնելու»։
Արտահերթ ընտրություններ անցկացնելու համար վարչապետը պետք է հրաժարական տա և երկու անգամ չընտրվի, Ազգային ժողովը կլուծարվի։ Իսկ ընդդիմադիր խմբակցությունները վարչապետի թեկնածուներ ունեն։ Փաշինյանին չհաջողվեց համաձայնություն ստանալ, որ իր հրաժարականի դեպքում նրանք թեկնածու չառաջադրեն, թեև ընտրելու համար բավարար քվե չունեին։
Երկու օր առաջ իշխող «Իմ քայլը» հայտարարեց, որ թե՛ ընդդիմության և թե՛ հանրության շրջանում ընտրությունների պահանջ չկա։
«Արտահերթ ընտրությունները առաջին հերթին լինում են, որպես կանոն, կա՛մ հասարակական պահանջով, կա՛մ ընդդիմության պահանջով։ Նախաձեռնությունը իրենց կողմից պիտի գա։ Հիմա մեզ մոտ ստացվել էր հակառակ իրավիճակը․ իշխանությունը հայտարարել էր արտահերթ ընտրությունների մասին և ինքն էր ինչ-որ տեղ փորձում համոզել կամ խնդրել կամ բացատրել, որ դա անհրաժեշտ է։ Եթե էդ գիտակցումը մեր ընդդիմադիր գործընկերների կողմից չկա, եթե իրենք ճանապարհը այլ կերպ են տեսնում, սա փակուղի էր տանելու», - ասաց իմքայլական պատգամավոր Բաբկեն Թունյանը։
Թե՛ խորհրդարանում, թե՛ դրանից դուրս քաղաքակական ուժերը հայտարարում են, որ արտահերթից Փաշինյանի հետքայլը հանգեցնելու է հակասահմանադրական գործողությունների։
Նախկին դաշնակցական պատգամավոր Աղվան Վարդանյանը, որը հիմա երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցն է, ցնցումներ է կանխատեսում․ - «Եթե սահմանադրական ճանապարհը փակում ես, լինելու են ցնցումներ, լինելու է հանրային ճնշում։ Այդ բոլոր հեքիաթները, իբր հանրության պահանջ չկա և այլն, իրենց հերթական ստախոսության պայծառ դրսևորումն է»։
Աղվան Վարդանյանը հիշեցնում է Փաշինյանի խոսքերը, որ հնչել են նոյեմբերյան հայտարարության ստորագրումից հետո․ - «Եկել է ժողովրդի վրեժի ժամանակը․․․ Գիտեք, բունկերում ասված խոսքը ավելի շուտ է իրականանում։ Լինելու ուրեմն ճնշում, ուրեմն այս վիճակի փոփոխության անհրաժեշտությունը օր առաջ պետք է։ Եվ դա լինելու է։ Երկու ճանապարհ կա․ կա՛մ կպարտադրվի հեռացում, կա՛մ կպարտադրվի, ստիպված կլինեն մի անգամ էլ իրենց խոսքը փոխել և գնալ ընտրությունների»։
Վարդանյանը Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախմբի համակարգողն է։ Քոչարյանը օրեր առաջ հայտարարեց, որ վերադառնում է մեծ քաղքակոնթյուն, մասնակցելու է ընտրություններին և հաղթելու է՝ եթե անգամ դա Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ անցկացվի։ Հիմա ի՞նչ է անելու Քոչարյանը, երբ ընտրությունների էջը իշխանությունը փակում է, հարցրինք նրա թիմակցին։
«Պարոն Քոչարյանը, իր խոսքերն եմ մեջբերում՝ կյանքում երբեք ոչինչ կիսատ չի թողել։ Վստահ եղեք, որ եթե ինքը մտել է պայքարի մեջ, ուրեմն այդ պայքարը հաջողությամբ ավարտվելու է», - պատասխանեց Աղվան Վարդանյանը։
Ըստ նախկին պատգամավորի, ստեղծված իրավիճակից երկու ելք կա՝ կա՛մ Փաշինյանը հեռանում է, կա՛մ արտահերթ ընտրությունների խոստումն է կատարում։