Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին:
Ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության, Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Մուրադովին՝ գերիների փոխանակման գործընթացում ակտիվ դերակատարում ունենալու, ինչպես նաև անհայտ կորածների որոնողական աշխատանքներին աջակցելու համար և նշել ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության արդյունավետությունը։
Հանդիպման ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է գործակցության մի շարք խնդիրների և այդ առնչությամբ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատարին ներկայացրել իր դիտարկումները։ Վաղարշակ Հարությունյանն ընդգծել է ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման համար իրականացվող քայլերի շարունակականության անհրաժեշտությունը։
Երեքշաբթի ուշ երեկոյան Հայաստան վերադարձավ ևս 5 ռազմագերի, նրանցից 2-ը՝ պատերազմի ընթացքում գերի ընկած, իսկ 3-ը՝ պատերազմից հետո՝ Խծաբերդի տարածքից գերեվարված 62 պահեստազորայինների խմբից։
Ընդհանուր առմամբ Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել 64 գերի, այդ թվում՝ քաղաքացիական անձինք։ Հայկական կողմի տվյալներով՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների թիվն անցնում է 200-ից։